Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Շտեֆան Ֆյուլեի հետ

Raffi_Hovannisian_Meets_Stefan_FuleԵրեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները:

Ավելի ուշ` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական մյուս ոչ-իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել պարոն Ֆյուլեի հետ:

 

«Ժառանգություն» կուսակցության

լրատվական ծառայություն

Թուրքիայում ևս մեկ հայկական գերեզմանատուն են ոչնչացրել

gerezmanԹուրքիայի Թոքիրդաղի նահանգի Մալքարա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը ամբողջությամբ ոչնչացվել է: Այս մասին հաղորդում է թուրքական    «Ռադիկալը»: Գրեզմանատան տարածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տարբեր նպատակներով է օգտագործվել, վերջին շրջանում էլ այստեղ հացատուն է կառուցվել:

Մալքարայի հայկական պատմական գերեզմանատան հիմնադրման տարեթվի մասին հստակ տեղեկություն չկա: Մալքարայի կենտրոնից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատունը 1976 թվականի սեպտեմբերի 1-ին գրանցվել է որպես չգործող: Տարիներ շարունակ գերեզմանատան տապանաքարերը քանդվել են:

Այժմ հայակական գերեզմանատան տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, որի հետևանքով հանգուցյալների ոսկորները աստիճանաբար երևան են գալիս: Այս տարածաշրջանում ապրող մի գյուղացի հետևյալ տեղեկությունն է տվել. «Շինարարությունը մեկ ամիս առաջ է սկսվել: 15 օր առաջ էլ հորդառատ անձրև եկավ: Անձրևաջուրը, լվանալով հողը, կմախքները ի հայտ բերեց: Մարդիկ սկսեցին բողոքել, ինչի հետևանքով կրկին հող բերեցին և փակեցին ոսկորները»:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում քանդում և ոչնչացնում են հայկական գերեզմանատները: Այս տարվա սկզբին էլ Էրուհի շրջանում ճանապարհի կառուցման համար քանդել էին հայկական գերեզմանոցը:

4-ամյա քաղաքապետը երկրորդ ժամկետ է գնում

429Ամերիկյան Դորսեթ փոքրիկ քաղաքում քաղաքապետ են ընտրում: Անսովոր ոչինչ չկա, եթե միայն հաշվի չառնվի, որ նախորդ քաղաքապետը 4-ամյա Ռոբերտ Թաֆթսն էր: 28 բնակիչ ունեցող քաղաքում ինաքնատիպ եղանակով են քաղաքապետ ընտրում: Թեկնածուի անունը գրված է թղթերի վրա, որոնք քաշվում են  գլխարկի միջից:

Ընտրությունները անց են կացվում ամեն տարի, օգոստոսի 4-ին: Սակայն, այս քաղաքում քաղաքապետի պարտականությունն ավելի շուտ անվանական է: Պաշտոնապես Դորսեթում տեղի ինքնակառավարման մարմին էլ չկա, դրա համար էլ քվեարկությունն ավելի շուտ կատակային բնույթ ունի: Քաղաքապետի պաշտոնի համար  ընտրություններում կարող է պայքարել  յուրաքանչյուրը, ով   մեկ դոլար կվճարելի: Մի անգամ որպես թեկնածու բնակիչներն առաջադրեցին մի շան, իսկ անցած տարի փոքրիկ Բոբին  հաղթանակ տարավ:

“Գործող” քաղաքապետը դեռևս 3 շաբաթ ունի, որ վերընտրվելու որոշում ընդունի: Սակայն նրա մայրը վստահեցնում է, որ որդին վճռական է տրամադրվել. նա երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունը կրկին կդնի: ”Ինձ մոտ քաղաքապետ լինելը լավ է ստացվում”,-ասում է փոքրիկը:

Դորսեթում նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է.տեղի ռեստորաններում ու խանութներում մանուկ քաղաքապետին պաշտպանելու նպտակով պաստառներ են փակցրել: Իսկ ընտանիքի բարեկամը նրա համար այցեքարտեր է տպել, որի վրա Բոբբին է իր ընկերուհու` Սոֆիի հետ:

Փոքրիկը հարցազրույցի ժամանակ պատմել է, որ սիրում է ձկնորսության գնալ ու որպես խայծ որդ ու տզրուկ օգտագործել: Իսկ այն հարցին, թե ում բախտն է ձկնորսության մեջ ավելի բերում` նրա, թե հոր, երեխան պատասխանել է` “Երևի իմ”:

Տեղաբնակները պաշտպանում են նրա թեկնածությունը, որովհետև համարում  են, որ  նա շատ սիրունիկ է:

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը Ադրբեջանի վերաբերյալ լսումներ կանցկացնի

1 (9)ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը հուլիսի 16-ին Կոնգրեսում կանցկացնի Ադրբեջանում իրադրության վերաբերյալ հատուկ լսումներ։ Լսումները կոչվում են “Խնդրահարույց գործընկեր․ աճող ավտորիտարությունը Ադրբեջանում”։ Քննարկումների կենտրոնում լինելու է նախընտրական իրադրությունը Ադրբեջանում, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը՝ վկայակոչելով “Թուրան” գործակալությանը։

“ԱՄՆ-ը և Ադրբեջանն ունեն շատ ընդհանուր շահեր և համագործակցում են տարբեր ոլորտներում, ներառյալ՝ էներգետիկան և տարածաշրջանային անվտանգությունը։ Սակայն կա աճող մտահոգություն` Ադրբեջանում ներկա քաղաքական իրադրության կապակցությամբ”,- ասված է Հելսինկյան հանձնաժողովի հաղորդագրությունում։

Մտահոգիչ միտումներից են “ահաբեկումներն ու ձերբակալությունները, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ բռնությունը, ոչ կառավարական կազմակերպությունների գրանցման խստացումները, իրավական սահմանափակումները ինտերնետում, ներառյալ՝ քրեական պատասխանատվությունը զրպարտության համար, հավաքների ազատության սահմանափակումները, ուժի կիրառումն ու ցուցարարների ձերբակալությունները բողոքի ակցիաների ցրման ժամանակ, ոչ արդար դատարանները, ներառյալ՝ կամայական ձերբակալությունները, քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությունները, երկարատև նախնական կալանքը և դատական գործընթացներին գործադիր իշխանության միջամտությունը”։

Այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և այս լսումների արդյունքները հնարավորություն կընձեռեն երկրում ներկա իրադրության քննարկմանը և ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը, նշում է կայքը:

Լսումներին մասնակցելու են ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալի օգնականը, պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը, ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (ReAl) շարժման ներկայացուցիչը և այլք, նշված է հաղորդագրությունում:

Հուլիսի 14-ին լսումներին մասնակցելու համար Բաքվից Վաշինգտոն կմեկնի ընդդիմադիր Ազգային խորհրդի պատվիրակությունը։

Սնոուդենի ու WikiLeaks-ի բացահայտումներից հետո ՌԴ Պաշտպանության ծառայությունը գրամեքենաներ է գնում

1270966508_04Պաշտպանության դաշնային ծառայությունն  որոշել է  իր փաստաթղթղերի անվտանգությունն ապահովել  ողջ աշխարհում կատարվող գաղտնի տեղեկությունների հրապարակումների համատեքստում: Պետգնումների կայքում հայտնվել է 20 գրամեքենայի գնման պատվեր: Ամենայն հավանականությամբ, վարչությունում հանգել են այն եզրակացության, որ թղթե փաստաթղթերն էլեկտրոնայինից հուսալի են:

“Известия”, թերթի աղբյուրն իր հերթին մանրամասն  պատմում է այդ գնումների պատճառների մասին.”WikiLeaks-ի` գաղտնի փաստաթղթերի տարածմանը հետևած սկանդալներից ու Սնոուդենի մերկացումներից հետո թղթային փաստաթղթղերի պրակտիկան որոշված է ընդլայնել”:

Պաշտպանության դաշնային ծառայությունը պլանավորում է բացի գրամեքենաներից գնել նաև  “Տրիումֆ Ադլեր Տվեն 180” և “Օլիմպիա կոմֆորտ”գրամեքենաների հետ համադրվող 600 քարթրիջ: Այդ տեխնիկան հնարավորություն կտա ստեղծելու բարդ փաստաթղթեր, որոնք առաջարկվում են գաղտնի փաստաթղթերի տպագրման համար:

Թողարկվել է ցուցարարների համար նախատեսված «Guy Fawkes» դիմակների նոր հավաքածու

dimakԱշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվող բողոքի ցույցերի խորհրդանիշը դարձած «Guy Fawkes» դիմակների միօրինակության դեմ բողոքող մի խումբ դիզայներները որոշել են տարբեր ազգերի և մշակույթների ներկայացուցիչների համար ստեղծել դիմակների նոր շարք՝ «V for Vendetta» անունով: Բրազիլիայից մինչև Պաղեստին, Ստամբուլից մինչև Նյու Յորք վերջին ժամանակներում սկսված բողոքի ցույցերի մասնակիցների համար այս դիմակները դարձել են անձի քողարկման յուրատեսակ միջոց: Դիմակավոր անձինք ունեն հետևյալ կարգախոսը՝ «Ես ոչ ոք եմ, ամեն ոք եմ կամ որևէ մեկն եմ»:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ Նյու Յորքից մի խումբ դիզայներներ որոշել են ստեղծել «Guy Fawkes» դիմակների նոր շարք, որոնք կարտացոլեն դիմակը կրող ցուցարարի կրոնական, ռասայական, մշակութային պատկանելիությունն ու սեռը: Դիմակների այս նոր հավաքածուի մեջ տեղ են գտել սևամորթների, եգիպտացիների, թուրքերի, պաղեստինցիների և բրազիլացիների համար նախատեսված մոդելներ: Այս նորամուծությունը արդեն հասցրել է լայն քննարկման առարկա դառնալ:

Այսօր Սերեբրենիցայի կոտորածներ 18-րդ տարելիցն է

serebrenicaԱյսօր Բոսնիայի և Հերցեգովինայի հարավում գտնվող Պոտաչարի բնակավայրում տեղակայված հուշահամալիրում տեղի կունենա Սերեբրենիցայի կոտորածների 18-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությունը: Գերեզմանատանը թաղելու են նաև Բոսնիական պատերազմի ժամանակ զոհված 409 հոգու աճյուն, որոնց վերջերս են հայտնաբերել և ճանաչել:

409 զոհերի թվում կա նաև փոքրիկ անանուն աղջկա աճյուն, որը ծնվել է արյունահեղության սկսվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ: Վերջինիս դին հայտնաբերվել է 2012 թվականին: Թաղման արարողությունից հետո 1995 թվականի հուլիսի 11-ի կոտորածների զոհերի գերեզմանների թիվը կհասնի 6066-ի:

Սերեբրենիցայի կոտորածները դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկության պատմության դաժան ու արյունալի ողբերգություններից մեկն է:

Սկսվել են «Մահմեդական եղբայրների» ձերբակալությունները

egiptos (2)Եգիպտոսի գլխավոր դատախազը որոշում է կայացրել «Մահմեդական  եղբայրներ» կազմակերպության ղեկավարության ձերբակալության վերաբերյալ: Վերջիններս մեղադրվում են Հանրապետական գվարդիայի շտաբի դիմաց զանգվածային անկարգությունների հրահրման մեջ:

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ արդեն հրաման է արձակվել «Մահմեդական  եղբայրներ» կամակերպության առաջնորդ Մուհամեդ Բադինի և մի շարք այլ կարևոր դեմքերի ձերբակալման վերաբերյալ:

Հնարավոր են կարճատև տեղումներ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`

Հուլիսի 12-13-ը շրջանների զգալի մասում, 14-15-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ին կնվազի 2-3 աստիճանով, 15-16-ին կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 12-13-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Հուլիսի 14-15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C (1983թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան  10.40C     (1958 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.60C

Կանայք սթրեսից ավելի հեշտ են դուրս գալիս

ol3001373535458Ամերիկացի մասնագետները եզրակացրել են, որ կանայք ունակ են սթրեսային իրավիճակներից դուրս գալ ու էմոցիանալ ցնցումների հետևանքներից գլուխ հանել  ավելի լավ, քան տղամարդիկ:

Բուֆալոյի համալսարանի գիտնականները կարծում են, որ դա կատարվում է  կանացի էստրոգեն հորմոնի շնորհիվ, որն ունակ է գլխուղեղը պաշտպանելու սթրեսի բացասական հետևանքներից: Առնվազն, նման օրինաչափություն է  դիտվում լաբորատորային առնետների էգերի մոտ: Արուների մոտ  որպես սթրեսի հետևանք դիտվել է հիշողության և ուշադրության կենտրոնացման  ժամանակավոր կորուստ, իսկ էգերի մոտ նման բացասական երևույթներ չեն եղել. նրանք քրոնիկ սթրեսի ազդեցության պարագայում ցուցադրել են դիմացկունություն:

Ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ նման պաշտպանական մեխանիզմներ են գործի դրվում նաև կնոջ օրգանիզմում` էմոցիոնալ ցնցումների ժամանակ:

Սեյրան Օհանյանը հանդիպել է սավանով կախված զինվորի ծնողներին

սեյրան Օհանյան10.07.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է 05.07.2013թ. ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Միսակի Լալազարյանին և Անահիտ Բագրատի Հայրապետյանին:

Ընդունելությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ  ՊՆ  քննչական ծառայության պետ Ա.Հարությունյանը և ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը:

Պաշտպանության նախարարն իր ցավակցական խոսքն է հայտնել մահացած զինվորի ծնողներին և հավաստիացրել, որ ՊՆ քննչական ծառայության և ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությամբ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:

Ա.Լալազարյանը և Ա.Հայրապետյանը հայտնել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաև ՊՆ իրավապահ մարմիններին և իրենք ևս կաջակցեն նախաքննությանը:

Ճապոնիային մտահոգում է իր անվտանգությունը

ol3001373458054Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ստիպված է խոստովանել, որ վերջին ժամանականերում Ծագող Արևի  երկրի անվտանգությունը  Չինաստանի ագրեսիվ քաղաքականության  ու Հյուսիսային Կորեայի կողմից մշտական սպառնալիքների պատճառով վտանգված է: Դրա մասին է ասվում նշված վարչության զեկույցում, որտեղ ճապոնական կողմը պնդում է, որ Չինաստանը վաղուց է, ինչ խախտում է Ճապոնիայի տարածքային ամբողջականության մասին օրենսդրության միջազգային նորմերը, հայտարարելով այս կամ այն տարածքի նկատմամբ իր պահանջները, որոնք պաշտոնապես պատկանում են  Ճապոնիային:

Ինչ վերաբերում է  Ճապոնիայի ու Հյուսիսային Կորեայի հարաբերություններին, ապա  վերջինիս իշխանությունները բազմիցս են խոսել իրենց բալսիստիկ հրթիռներով Ճապոնիայի տարածքի վրա գրոհելու  մտադրության մասին:

Այս տարի վերջին 11 տարում առաջին անգամ Ճապոնիայի քաղաքական ղեկավարությունը էականորեն ավելացրել է պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը:

Երեխան իր հայրիկի սմարթֆոնով խաղալիս ինտերնետ խանութից մեքենա է գնել

Sorella Stoute with the Austin Healey Sprite she bought on eBay14 ամսական Սորելա Սթաութը արդեն գնել է իրեն համապատասխան մեքենան՝ չնայած առաջիկա 15 տարիների ընթացքում նա մեքենա վարելու իրավունք չի ունենա:

ԱՄՆ-ի Փորթլանդ քաղաքից փոքրիկը անցած ամիս իր հայրիկի սմարթֆոնով խաղալիս eBay ինտերնետային խանութից գնել է 1962թ-ի արտադրության Austin Healey Sprite մակնիշի մեքենա:

Երեխայի հայրը նրա գաղտնի գնումների մասին տեղեկացել է, երբ eBay-ից նամակ են ուղարկել նրան՝ շնորհավորելով 225 դոլար արժողությամբ գնում կատարելու համար:

Երեխայի հայրը KOIN News տեղեկացրել է, որ երեխան պարզապես մտել է eBay-ի ծրագրի մեջ և հաջորդական ինչ-որ կոճակներ սեղմել, որից հետո իրենք մեքենա են ունեցել:

Սկզբում օրեգոնցի զույգը երկմտում էր մեքենան վերցնելու հարցում, քանի որ այն հիմնովին վերանորոգման կարիք ունի, սակայն նրանք որոշել են պահել այն, իսկ երեխայի հայրը ծրագրել է դրա վերանորոգումը ավարտել մինչև երեխայի դպրոցի ավարտական երեկոն կամ 16-րդ տարեդարձը:
Երեխայի գնումներից հետո ծնողները իրենց հեռախոսների ծրագրերի վրա ծածկագրեր են դրել, իսկ երեխայի հայրը գոհունակություն է հայտնել, որ երեխան չի գնել 38,000 դոլար արժողությամբ Porsche-ն, որը ինքը դիտել էր վերջին անգամ կայք այցելության ժամանակ:

Հայաստան-Ռումինիա ուղիղ օդային ճանապարհը կփրկի տնտեսությունը

վարուժան ոսկանյան2013 թ. ամառը (8-9 հուլիս) նշանավորվեց  մի շատ կարևոր իրադարձությամբ` հայ–ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստով: Նիստի համանախագահներն էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանը: Նիստին մասնակցեցին հայ և ռումինական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ–ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը ստորագրեցին համատեղ արձանագրություն:

Հանդիպելով Վարուժան Ոսկանյանին` «Անկախը» նպատակ ուներ մեկնաբանություններ ստանալ այդ փաստաթղթի  և առհասարակ երկու երկրների համագործակցության հեռանկարների մասին:

– Պրն. Ոսկանյան, ինչպիսի՞ն են հայ–ռումինական կապերի, համագործակցության հեռանկարները:

– Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերը, անշուշտ, զարգացման հեռանկար ունեն, քանի որ վերջին տարիներին, չնայած մեր երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, առևտրատնտեսական և ներդրումային կապերն այնքան էլ բարձր մակարդակում չեն: Այդ իսկ պատճառով, օգտագործելով երկու երկրների ավանդական կապերը, որոշեցինք քաջալերել Ռումինիային՝ Ռումինիա-Հայաստան առևտրային պալատ ստեղծելու նպատակով: Ուստի հպարտ ենք, որ այսօր համապատասխան առևտրային պալատի հետ կարողացանք հայ-ռումինական համագործակցության պայմանագիր ստորագրել:

– Ո՞րն է երկկողմ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակը:

– Նպատակն է նպաստել երկու երկրների կառավարությունների միջև տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ստեղծված հարաբերությունների ամրապնդմանը տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, շինարարության, հեռահաղորդակցության, անասնաբուժության, գյուղատնտեսության (սերմացուի և տնկանյութի փոխադարձ ներկրումներ), սննդամթերքի անվտանգության, փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության, կրոնի բնագավառներում:

– Մի խոսքով, փորձում եք ակտիվացնել գրեթե բոլոր բնագավառները:

– Այո, երկկողմ համաձայնագրեր ենք ստորագրել տարբեր ոլորտներում` սկսած մշակույթից մինչև  տնտեսություն, ներկայացրել ենք ՀՀ ներդրումային հնարավորությունները։

– Ինչո՞ւ 2013-ը վճռորոշ եղավ երկկողմ համագործակցության համար:

Հայաստանը երկար ժամանակ մեկուսացած էր, գուցե Ռումինիայի հետ ուղիղ օդային կամ ծովային կապ չունենալու պատճառով, գուցե մենք իբրև քաղաքական դասակարգ, չկարողացանք լեզու գտնել մեր գործարար մարդկանց համագործակցության հարցում: Ուստի մեր գործարար մարդկանց ներկայությամբ ցանկացանք հզորացնել քաղաքական երկխոսությունն ու բանակցությունները:

– Ավելի լավ է ուշ, քան երբեք: Ինչի՞ց պետք է սկսել:

– Պետք է նախ և առաջ բարձրացնենք Ռումինիայում հայ ապրանքների որակը, որի համար որոշեցինք մշտական ներկայացուցչություն ունենալ թե՛ Ռումինիայում, թե՛ Հայաստանում: Ռումինիան պետք է կարողանա ներդրում կատարել շինարարության մեջ, էներգետիկայի, հեռահաղորդակցության մեջ, իսկ Հայաստանն ուժեղ է այդ հարցում:

– Այդ զարգացման ծրագրերից ո՞րն եք կարևորում:

– Պետք է վերջապես ուղիղ օդային կապ ստեղծենք երկու երկրների միջև: Անբնական է, որ Ռումինիա-Հայաստան ճանապարհի համար 9-10 ժամ ծախսենք: Եթե տրասնպորտային կապը թույլ է կամ խոչընդոտված, տնտեսական կապերի զարգացումը ևս կդժվարանա: Հուսով եմ, որ այդ շատ կարևոր հարցը ևս կլուծենք:

– Այնուամենայնիվ, համագործակցության ճանապարհին ո՞ր ոլորտը կարող է թերանալ:

– Չեմ կարծում, որ դժվարություններ, խոչընդոտներ կլինեն: Մեր ժողովուրդների միջև ավանդական և անկեղծ բարեկամական կապերը շատ ամուր են:

          Հետաքրքրվողներին ներկայացնում ենք այլ մանրամասներ.

Ռումինիայի և Հայաստանի միջև առևտրային շրջանառությունը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար, իսկ  Ռումինիայի հետ ամենաշահավետ մասը ներմուծումն է: Ընդ որում, Հայաստանից Ռումինիա արտահանվել է 600 հազար դոլարի ապրանք:

Կառավարության քաղաքական  կարևոր բաղադրիչ է համարվում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը (2013 թ. փետրվարի 28-ին դրանց արժեքը կազմում է 35,6 մլրդ եվրո): Հիմնական ներդրողները Հոլանդիայից (7,0 մլն եվրո), Ավստրիայից (4,6 մլն եվրո) և Գերմանիայից են (4,1 մլն):

Ռումինիայի կառավարության ռազմավարությունն ուղղված է մրցունակության աջակցությանը, աշխատուժի զբաղվածությանը, հանրային ֆինանսների ամրապնդմանը և ֆինանսական կայունությանը: 2012 թ. հայ-ռումինական առևտրի արժեքը կազմել է 7,87 մլն ԱՄՆ դոլար: 2011 թ. համեմատ, երկկողմ առևտրի ընդհանուր արժեքը նվազել է 16%-ով, որից  ներմուծումն աճել 17 %-ով, իսկ արտահանումը նվազել է18 %-ով: 2013 թ. ապրիլի 30-ին հայ-ռումինական առևտրային ապրանքները 2051,4 հազար ԱՄՆ դոլար էին, որից Ռումինիայի արտահանումը Հայաստան կազմել է 2041,6 հազար, իսկ Ռումինիայի ներմուծումը ՀՀ-ից՝ 9,8 հազար ԱՄՆ դոլար, երկկողմ առևտրի հաշվեկշիռը հօգուտ Ռումինիայի` 2031,9 հազար ԱՄՆ:

Ուստի, երկկողմ առևտուրն ունեցել է տատանվող զարգացում և բավականին ցածր արժեք 2002-2003 թթ.: 2004-2010 թթ. երկկողմ առևտուրն աճ է գրանցել  (բացառելով 2009 թ., որը նշանավորվեց տնտեսաֆինանսական ճգնաժամով):

 Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Ընձառյուծներից փախչող այծքաղը հարվածել է զբոսաշրջիկների ավտոմեքենային

leopardՀարավային Աֆրիկայի Կրյուգեր ազգային պարկի զբոսաշրջիկները զարմանահրաշ պատկերի ականատես դարձան: Նրանց դիմաց թռան քաղցած ընձառյուծներ, որոնք վազում էին այծքաղների   հոտի ետևից: Նրանցից մեկը այնքան էր վախեցել, որ թռել է ճանապարհորդների մեքենայի վրա, հաղորդում է The Telegraph-ը:

Պետք է ասել, որ ազգային պարկի հիմնական օրենքը ամբողջ ճամփորդության ընթացքում  մեքենայի մեջ մնալն  է, որը ղեկավարությունը պահանջում է կատարել: Ստորև ներկայացրած տեսահոլովակի հեղինակները խախտեցին այդ օրենքը և թանկ վճարեցին: Զբոսաշրջիկները հայտնվեցին հետապնդման էպիկենտրոնում և դուրս թռան պատուհաններից այն նկարահանելու համար: Վախեցած կճղակավորները այնպիսի արագությամբ էին կտրում ճանապարհը, որ կարծես   նրանք թռչում էին: Այծքաղներից մեկը հետապնդողներից փրկվելու համար հարվածում է զբոսաշրջիկների ավտոմեքենայի պատուհանին:Մարդիկ սկսում են խուճապի մատնվել:

“Նա մեքենայում է, նա մեքենայում է”,- սկսեցին գոռալ նրանք, որից հետո լսվեցին ձայներ.”Բացեք դռները”: Վայրկյաններ հետո ազատված այծքաղը  դուրս եկավ ավտոմեքենայից և վազեց անտառ`  թողնելով սոված ընձառյուծներին ձեռնունայն:

Սա առաջին դեպք չէ, երբ կճղակավոր կենդանիները ամբողջ արագությամբ հարվածում են  երթևեկության միջոցի պատուհանին և նրանց ոչինչ չի պատահում:

Այսպիսով ԱՄՆ-ում, այս գարնանը եղնիկը կոտրել էր ամբողջ արագությամբ սլացող ավտոբուսի ճակատային ապակին:

 

Սնոուդենի հունցած խմորը դեռ շատ ջուր կքաշի

սնոուդենՎիկիլիքսյան բացահայտումներից հետո ԱՄՆ–ի համար երկրորդ աղմկահարույց սկանդալն է գնալով թափ առնում: Ինչպես հիշում ենք, դեռևս հունիսի սկզբին ամերիկյան Washington  ու  բրիտանական Guardian թերթերը ԱՄՆ ղեկավարության կողմից լրտեսություն կատարելու վերաբերյալ նյութեր հրապարակեցին: Տեղեկությունները թերթերին էր հայտնել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից, 29-ամյա Էդվարդ Սնոուդենը: Նա բացահայտել էր ԱՄՆ–ի քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը PRISM ծրագրի միջոցով: Չինական South China Morning Post թերթի տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը նախկինում չինական հեռահաղորդակցական ընկերությունների վրա կիբեռհարձակումներ է իրականացրել` ՉԺՀ–ի բնակիչների sms հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով, ինչպես նաև պատմել էր, որ ամերիկացիները նաև կիբեռհարձակում են կազմակերպել Ցինհուայի համալսարանի ներքին ցանցի և Pacnet հեռահաղորդակցական ընկերության` Հոնկոնգում գտնվող շտաբ–գրասենյակի համակարգիչների վրա: 

Իսկ օտարերկրացիներին գաղտնալսելու իրավունք  ԱՄՆ-ին ո՞վ է տվել 

Հետաքրքիր էր հատկապես Սնոուդենի` իր արարքի պատճառաբանությունը. Սնոուդենը մերժում է  անմեղ  քաղաքացիներին լրտեսելը: Նա ենթադրում է, որ գաղտնի ծրագրային լրտեսումը կդառնա հասարակական  լայն քննարկումների թեմա և հույս ունի, որ մարդիկ կկարողանան դատարանի միջոցով պաշտպանել իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Սկզբում Սնոուդենը գտնվում էր Հոնկոնգում: Նա հայտնել էր, որ մտադիր է  ապաստան խնդրել «խոսքի ազատությանը հավատացող» ցանկացած երկրում: Նախօրեին` տեղեկատուի մասին տվյալների հրապարակումից հետո,  NSA-ն  պահանջել է հետաքննել ու հայտնաբերել  տեղեկությունների արտահոսքի հանգամանքները:   Համապատասխան հարցում է ուղարկվել ԱՄՆ արդարադատության նախարարություն: NSA-ի  տնօրեն Ջեյմս Կլեպերը հատուկ հայտարարության մեջ խոստովանել է, որ PRISM լրտեսական ծրագիրը, որի մասին գրել է The Washington Post-ը իրականում գոյություն ունի, սակայն ընդգծել է, որ այն աշխատում էր օրինական հիմունքներով, ամերիկյան Կոնգրեսի սանկցիայով: Բացի այդ, Կլեպերը հավաստիացրել է, որ տվյալներ են հավաքում ոչ թե ամերիկացիների, այլ միայն օտարերկրացիների մասին:

Ստացվում է, որ եթե ԱՄՆ քաղաքացիներին չեն գաղտնալսել, այլ օտարերկրացիներին, ապա դա հերոսության պես մի բան է: Հետաքրքիր է նաև այն նշումը, որ Կոնգրեսն է գաղտնալսումների սանկցիա տվել: Ինչպես գիտենք, ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո գործում է սահմանադրության մի ուղղում, ըստ որի` ԱՄՆ հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվում «ահաբեկչության դեմ պայքարի» կարգախոսի ներքո ոչ միայն գաղտնալսել, այլ ահաբեկչության կասկածի դեպքում անգամ ցանկացած մարդու կալանավորել ու կտտանքների ենթարկել:

Ինչևիցե, Սնոուդենը թողեց Հոնկոնգը և հասավ Մոսկվա` Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտի: Հենց այդ ժամանակ էլ «Սնոուդենի հարցը» ստացավ քաղաքական նշանակություն: Հարցն այն էր, որ ԱՄՆ-ն սկզբում Չինաստանից, իսկ այնուհետև Ռուսաստանից պահանջում էր ձերբակալել Սնոուդենին ու փոխանցել ԱՄՆ-ին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին ակնարկեց Սնոուդենին չհանձնելու հնարավոր հետևանքների` երկու երկրների հարաբերությունների վատթարացման մասին: Նա նշեց, որ ԱՄՆ-ում պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի կողմից հետապնդվող հանցագործներ, և ԱՄՆ-ն համագործակցում է Ռուսաստանի հետ` նրանց ձերբակալելու և Ռուսաստան վերադարձնելու հարցերում:

Պուտինն էլ, ի պատասխան, հայտարարեց, որ Ռուսաստանն իրավունք չունի մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտել. ֆորմալ առումով Սնոուդենը չի էլ հատել Ռուսաստանի սահմանը, նա գտնվում է  տարանցիկ գոտում, նրան ռուսական վիզա պետք չէ, և նա Ռուսաստանում օրենք չի խախտել: Ռուսական կողմը հայտարարել է, որ Սնոուդենի հարցում որևէ միջոց ձեռնարկելու մտադրություն չունի:

 ԱՄՆ-ի քթին էլ խփեցին 

Այս առումով ԱՄՆ տարբեր գործիչներ արդեն հանդես են գալիս մեկնաբանություններով: Սենատոր Ջոն Մակքեյնը նշում է, որ ԱՄՆ-ն պետք է տրամաբանորեն մոտենա Պուտինին` հասկանալով, թե ով է նա: Այնուհետև Մակքեյնը մասնավորեցնում է իր միտքը, թե Պուտինը հին «ապարատչիկ» է ԿԳԲ-ից, որ երազում է կայսերական Ռուսաստանի օրերի մասին ու փորձում է իրենց խանգարել ամենատարբեր միջոցներով:

ԱՄՆ-ն քննադատում է անգամ Չինաստանին, որ Սնոուդենին թույլ տվեց լքել Հոնկոնգը:

ԱՄՆ-ի այս պահվածքը ոչ այլ ինչ է, եթե ոչ լկտիություն: Որովհետև նրանք, նախևառաջ, մոռանում են չինական գիտահետազոտական ընկերությունների գաղտնալսումների մասին: ԱՄՆ-ի լկտիությունն է մատնանշում անգամ այդ երկրի պետքարտուղարի արտահայտությունը, ինչպես նաև այլ պաշտոնյաների կողմից գաղտնալսումների վերաբերյալ «արդարացումները», թե  իրենք կոնկրետ մարդկանց չեն գաղտնալսել, այլ անոնիմ են լրտեսել:  Լրագրողի «Միլիոնավոր չինացի քաղաքացիների ու գիտնականների՞» հարցին Քերին պատասխանում է. «Անոնիմ, որպեսզի հետևենք տեռորիստներին: Եթե ահաբեկչություն լինի, կամ մենք նկատենք ինչ-որ կապ, ինչ-որ ցուցիչ…»: «Չինաստանո՞ւմ»,- հարցնում է լրագրողը: «Որտեղ պատահի, աշխարհի ցանկացած կետում, դրանից հետո պետք է փաստերը ներկայացնել դատարան, ստանալ համապատասխան թույլտվություն, որպեսզի ձեռնարկենք ինչ-որ միջոցներ կոնկրետ մարդկանց նկատմամբ` անվանական»:

Ստացվում է, որ ԱՄՆ-ն ահաբեկիչներ էր փնտրում Չինաստանի հետազոտական կենտրոնների աշխատակիցների շրջանում: Սա բավական ծիծաղելի պատասխան էր, որը չեն ընդունի անգամ ԱՄՆ քաղաքացիները, էլ ուր մնաց Չինաստանը: Բայց դեռ մի բան էլ ԱՄՆ-ն է խոսում սադրանքի ու սպառնալիքների լեզվով, թե իբր Չինաստանի` Սնոուդենին չձերբակալելու և իրենց չփոխանցելու քայլը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա:

Նույն սպառնալիքն է հնչեցնում ԱՄՆ պետքարտուղարը նաև Ռուսաստանի հասցեին: Ի պատասխան ՌԴ նախագահի հայտարարության, թե «պարոն Սնոուդենը ազատ մարդ է, ֆորմալ առումով Ռուսաստանի տարածքում չի գտնվում ու Ռուսաստանում օրենք չի խախտել», նաև «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանցագործների արտահանձնման մասին համաձայնագիր չկա», Ջիմ Քերին հայտարարում է, թե չպետք  է երկու երկրների միջև առկա հարաբերությունները վտանգել: «Համաձայնագիր չկա, սակայն կան որոշակի նորմեր գործընկեր երկրների միջև: Մենք ուղղակի մեր ռուս գործընկերներին կոչ ենք անում ձեռնարկել նորմալ միջոցներ իրավական համակարգի տիրույթում, որի նպատակը արդարադատության հաղթանակն է»,- նշել է Քերին:

Հավանաբար ԱՄՆ-ում մոռացել  էին այդ «ընկերական ժեստի» մասին, երբ Ռուսաստանից Արևմուտք էր «փախել» ռուսական ՀԴԲ-ի նախկին գործակալ Լիտվինենկոն ու այնտեղից ռուսական գաղտնի ծառայությունների գաղտնիքներն էր հրապարակում:

Սնвուդենը «Վիկիլիքսի» միջոցով  դիմել է Էկվադորին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Եվ հիմա Էկվադորի իշխանությունները քննարկում են այդ դիմումը: Սակայն պետք  է հիշել, որ Էկվադորը նախկինում արդեն ապաստան տվել է Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Այդ ընթացքում Վենեսուելայի նախագահը հայտարարեց, որ քաղաքական ապաստան կտա Սնвուդենին: Սակայն հարց է առաջանում, թե Սնոուդենն ինչպես պետք է հասնի Կարակաս: Խնդիրն այն է, որ Սնոուդենը գտնվում է Ռուսաստանում, իսկ Ռուսաստանից Կարակաս ուղիղ կոմերցիոն չվերթներ չկան: Նա պետք է վայրէջք կատարի Հավանայում, սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ կպահանջի դեպի Հավանա թռչող այն ինքնաթիռի վայրէջքը, որում կլինի Սնոուդենը: Մի խոսքով, Սնոուդենի կարգավիճակը դեռ մնում է անորոշ, սակայն նրա «հունցած խմորը դեռ շատ ջուր կքաշի»: Այս պատմությունը դեռ նոր-նոր է հասունանում, ու արդեն դարձել է գերտերությունների առճակատման առիթ:

 

 

«Ես արդեն ունեմ իմ պահապան հրեշտակը երկնքում…»

հայկան«Դու միշտ կմնաս մեր հիշողություններում, Աստված հոգիդ լուսավորի…», «Ի՞նչ ենք անելու առանց մեր արևի, առանց մեր խելառի, առանց մեր հրեշտակի…», «Հրեշտակները երկրի վրա չեն մնում, երևի դրա համար էլ աստված քեզ իր մոտ տարավ, գեղեցկուհիս, կկարոտեմ…», «Իմ սրտում ես, իմ աղոթքներում, իմ մտքերում…», «Ճակատագիրն անկանխատեսելի է, և այն մարդիկ, ովքեր նախատեսված են քեզ համար, ինչ էլ լինի, քեզ հետ կլինեն… նույնիսկ այն դեպքում, երբ դու համոզված ես, որ էլ երբեք չես հանդիպելու նրանց…»:

Սրանք մի կենսախինդ, գեղեցիկ ու լուսավոր աղջկա` Հայկան Սիմոնյանի ընկերների ֆեյսբուքյան գրառումներն են` արված հուլիսի 2-ի չարաբաստիկ օրվանից հետո, երբ նրանք ստիպված եղան ընդունել այն փաստը, որ այլևս երբեք չեն տեսնելու իրենց սիրելի ընկերուհուն: Այդ օրը Հայկանը Երևանից տուն էր գնում` Սպիտակ, բայց Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարը խլեց նրա երիտասարդ կյանքը: Սեպտեմբերի 12-ին նա կդառնար 19 տարեկան…

1001609_288534481290200_1721033512_n

Ձախից՝ Արմենուհին, աջից՝ Հայկանը

Ընկերներից մեկը` Արմենուհի Այվազյանը, դեռ երկար ժամանակ կամ գուցե երբեք  չհամակերպվի այն մտքի հետ, որ Հայկանն այլևս չկա, քանի որ, ինչպես ինքն է ասում, Հայկանն իր կեսն էր: «Ամեն ինչ կանցնի ու կգնա, միայն կմնա ԿԱՐՈՏԸ, որն անվերջ ցավ կպատճառի»,- գրել է Արմենուհին:

Հայկանի հետ մանկության ընկերներ էին: Նույն դասարանում էին սովորել, հետո միասին ընդունվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ: Ամեն օր միասին էին:

«Ինքը հրեշտակ էր, իր նման մարդիկ շատ քիչ են աշխարհում,- ասում է Արմենուհին,- նա մարդամոտ էր, ընկերասեր, նվիրվող: Շատ ուժեղ մարդ էր: Ամեն վատ բանի մեջ էլ մեծ հույս էր տեսնում: Միշտ խորհուրդներ էր տալիս: Եթե մի սխալ բան էի արած լինում, ելք էր փնտրում ինձ հետ միասին»:

Արմենուհին պատմում է, որ Հայկանը շատ տաղանդավոր էր` դաշնամուր ու կիթառ էր նվագում, երգում էր, երգեր գրում: «Մատներով սեղանին նվագում էր, մի ձեռքով ծափ էր տալիս,- հիշում է ընկերուհին,- շատ էր սիրում նաև պարել, միշտ պարում էր: Առանց երգ ու երաժշտության կյանք չուներ: Վերջերս երաժշտություն էր գրել, ցավոք, չենք կարողանում գտնել: Միշտ ասում էր. «Ժողից» դուրս եմ գալիս, գնամ կոնսերվատորիա»:

Վերջին անգամ Արմենուհին Հայկանի հետ խոսել էր դեպքից մեկ ժամ առաջ, իմացել էր` որտեղ է, անհամբեր նրան էր սպասում: Իսկ մահվանից մոտ տասը րոպե առաջ նրանից sms էր ստացել. «Ես Սպիակում էի: Պիտի գար, որ միասին տեղ գնայինք: Բայց գրեց, որ հոգնած է, ասաց, որ ես գնամ իրենց տուն: Կարոտել էինք իրար, տասը օր էր` իրար չէինք տեսել ու էդպես էլ չտեսանք…»:

Արմենուհին ասում է, որ համարյա միշտ միասին էին Երևանից Սպիտակ գնում: Այդ անգամ Հայկանը մի քիչ գործեր ուներ, իր հետ չէր գնացել: Հիշում է, որ երբ միասին Սպիտակ էին գնում, և ճանապարհին հանկարծ ինչ-որ աննշան վթարային իրավիճակ էր լինում, ինքը ծիծաղելով ասում էր` պատկերացնո՞ւմ ես, որ միասին մահանանք: «Ասում էր` սուս մնա,  կատակով էլ նման բան չասես: Վախենում էր էդ մտքից»:

1044547_291795014297480_166517867_n

Հայկանը գեղեցիկ ժպիտ ուներ, իր ժպիտով լուսավորում էր բոլորին: Կատակասեր էր: Որքան էլ փորձեին նրա հետ վատ վարվել, միևնույնն է, ոչ ոքից չէր նեղանում, չէր վիճում: Բայց ինչքան էլ ուրախ լիներ ու ժպտար, միևնույնն է, նրա մեջ ինչ-որ տխրություն կար, որի պատճառն անգամ ամենամտերիմ ընկերուհին չէր հասկանում: «Երազանքների մասին չէր խոսում, շատ բան միայն իր մեջ էր պահում»:

Արմենուհին հիշում է, որ նա հաճախ էր ասում, թե շուտ է մահանալու, իսկ իրենք կատակի էին տալիս, լուրջ չէին վերաբերվում: Ինչո՞ւ պետք է գեղեցիկ ու երիտասարդ աղջիկը մահվան մասին մտածեր: Արմենուհին կարծում է, որ նման մտքերի պատճառը հավանաբար այն էր, որ նա կրում էր իր մահացած քրոջ անունը, որը 17 տարեկանում դարձել էր 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհը: Ի դեպ, նրա 17-ամյա քույրն այդ արհավիրքի միակ զոհը չէր. երկրաշարժը խլել էր նաև նրա մյուս քրոջ` 19-ամյա Գայանեի կյանքը: Բարեբախտաբար, կենդանի էր մնացել եղբայրը, և դրանից վեց տարի անց` 1994 թ., ծնողներն ուժ էին գտել, դուստրերի ցավը սրտում, լույս աշխարհ բերել ևս մի աղջիկ և նրան անվանել Հայկանդուխտ` Հայկան, ի հիշատակ մահացած քույրերից ավագի:

Արմենուհին հիշում է, որ երբ վերջերս նրանց տանն էին և հին լուսանկարներն էին նայում, Հայկանը ուշադիր, մեծ հետաքրքրությամբ մահացած քրոջ` Հայկանի լուսանկարին էր նայում ու եղբորը հարցեր տալիս նրա մասին:

Արմենուհին չի ուզում ընկերուհուն տխուր հիշել, ուզում է պահել իր սրտում ամենալուսավոր ու խենթ պահերը, իսկ այդպիսիք շատ-շատ էին: «Ոչ ոք չի կարող փոխարինել նրան, նրա նման ընկեր էլ երբեք չեմ ունենա: Հիմա ինձ լրիվ մենակ եմ զգում, նա մի ուրիշ աշխարհ էր ինձ համար: Մոտ երկու ամիս առաջ մեր տանն էր մնացել, ինձ ասաց` խոստացիր, որ միշտ միասին ենք լինելու: Խոստացա…»:

Հիմա էլ է խոստանում ու համոզված է, որ Հայկանի հոգին էլ երբևէ իրեն չի լքի: Ֆեյսբուքյան իր պատին Արմենուհին գրել է. «Ես արդեն ունեմ իմ պահապան հրեշտակը երկնքում…»:

 

 

Լցոնած դդմիկ

ԴԴՄԻԿԱյս ուտեստը ոչ միայն համեղ է ու ախորժաբեր, այլև գեղեցիկ տեսք ունի:

Բաղադրությունը`

ցանկացած միս

դդմիկ

բրինձ

գլուխ սոխ

գազար

տոմատի թանձրուկ

աղ ու պղպեղ:

Պատրաստման եղանակը

Դդմիկը լվանալ, 3 սմ հաստությամբ շրջաններ կտրել: Միջուկի հատվածը զգուշորեն հեռացնել, թողնել 1 սմ հաստությամբ եզրաշերտը, աղ ցանել վրան ու դնել մի կողմ:

Խճողակի համար հարկավոր է միսն աղալ, սոխը մանր կտրատել, գազարը մանր քերիչով անցկացնել: Բրինձը կիսաեփ անել, ապա բոլոր բաղադրիչները խառնել իրար, աղ ու պղպեղ ցանել, ավելացնել մանր կտրատած կանաչի:

Դդմիկի օղակները լցոնել խճողակով ու դասավորել տապակի վրա, վրայից  տոմատի թանձրահյութ լցնել, որ դդմիկները չչորանան: Ջեռոցում եփել30-40 րոպե:

Մատուցել տաք վիճակում, իսկ գոյացած հյութով ցողել ափսեի մեջ դասավորած դդմիկները:

Մեծ Բրիտանիան արգելել է Սոմալի դրամական փոխանցում կատարել

fd37fa94ee2c7c5a1296c63eeecb70e9Մեծ Բրիտանիա գաղթած սոմալացիներին այսուհետ ավելի դժվար կլինի հայրենիք գումար փոխանցելը: Բրիտանական խոշոր Barclay’s բանկը փակում է  դրամական փոխանցումներ կատարող շուրջ հարյուր ֆիրմաների հաշիվները: Դա կապված է  փողերը լվանալու կասկածի հետ, քանի որ Սոմալիում վաղուց բանկային ծառայություններ չկան:

Մի քանի նմանատիպ ֆիրմաներ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայում խոշորագույն Dahabshiil ընկերությունը,  հայտարարել են, որ Barclay’s –ն իրենց մեկ ամիս ժամանակ է տվել, որից հետո արգելքն ուժի մեջ կմտնի:

ԱՄՆ-ում արդեն նման տարանցիկ հաշիվները փակվել են` Ալ-Քաիդայի հետ կապի կասկածանքով:

Արտագաղթածների դրամական փոխանցումները հայրենիք, վերջին հետազոտություններով, կազմում է տարեկան 350 մլրդ դոլար:

2013-ի առաջին կիսամյակում 126 հանցագործություն է բացահայտվել

ոստիկանություն3ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում բացահայտել են ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 126 դեպք, այդ թվում` սպանության 6, սպանության փորձի` 1, ավազակության` 6, գողության` 56 /որոնցից 32-ը` բնակարանային/, խուլիգանության` 2, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 21, կողոպուտի 1, խարդախության 12 և 14 այլ դեպքեր /ԱՏՄ փախցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փաստաթղթերի կեղծման, մաքսանենգության, մարդու առևտրի, անձին ազատությունից ապօրինի զրկելու, կաշառակերության և այլն/:
Հաշվետու ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 13 և այլ երկրների կողմից հետախուզվող 23 անձ, ովքեր հետախուզվել են ՌԴ, ԻԻՀ և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից:
Նույն ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել և ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 27 անձ, որոնցից 2-ը՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների նախաձեռնությամբ: Հայտնաբերվել է նաև որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 1 անձ: