Սարի թաղում տուն է այրվել

հրդեհՆոյեմբերի 17-ին, ժամը 23.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի թիվ 8-րդ շարքում` ջրամբարի մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և 4 մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.17-ին, մարվել՝ 00.38-ին:

Այրվել է Լ. Մ.-ին պատկանող տան 1-ին հարկի սենյակը գույքով` 25 քմ, 2-րդ հարկի սենյակը գույքով` 25 քմ, տանիքը` 70 քմ և ջերմահարվել է 2-րդ հարկի սենյակներից մեկը` 15 քմ:

1988 թ. ծնված Հ. Գ.-ը ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է «Մուրացան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում են գտնվել ԵՓՎ պետի տեղակալը, ԵՓՎ Կենտրոն և Էրեբունի համայնքների պետերը:

 

Իլինոյսում պտտահողմի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել

pic_1cdfbdb4f62da45cbfc806428a7889caՆոյեմբերի 17-ին  ԱՄՆ Իլինոյս նահանգին պատուհասած բազմաթիվ պտտահողմերի ու տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ:  Agence France-Presse-ի տեղեկացմամբ, մի քանի տասնյակ մարդիկ են տուժել: Միայն Իլինոյսի կենտրոնական մասրում գտնվող Պեորիա քաղաքի  Սբ Ֆրանցիսկոս բժշկական կենտրոն 37 մարդ է տեղափոխվել: 10-ն էլ այլ կլինիկաներում են գտնվում: Շատ քաղաքներում պտտահողմը ամբողջ թաղամասեր է ավերել: Խիստ տուժել են Բոուն Հեպ, Վաշինգտոն ու Միլլեր Սիթի բնակավայրերը: Չիկագոյում առանց էլեկտրաէներգիայի է մնացել  75 հազար մարդ, մի քանի ժամով փակ են եղել քաղաքի 2 օդանավակայանները: Մարզադահլիճներում բոլոր սպորտային միջոցառումները հետաձգվել են:

Օդերևութաբանները փորձում են  հաշվել պտտահողմերի ճիշտ թիվը, որոնք պատուհասել են Իլինոյսին ու հարևան նահանգներին: ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, տարածաշրջանում 65 պտտահողմ է եղել, սակայն  մասնագետները կարծում են, որ այդքան չեն եղել: Ներկա պահին ցիկլոնն առաջանում է դեպի հյուսիս-արևելք, ԱՄՆ-ի ատլանտյան առափնյայի ուղղությամբ: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունից նախազգուշացնում են  Օհայոյին ուՄեծ կղզիներին սպառնացող պտտահողմի մասին:

Նոր օրենք.ահաբեկչության հետևանքով պատճառված վնասը կփոխհատուցեն հանցագործների հարազատները

o_785944 (1)2013-ի նոյեմբերի 17-ին  ՌԴ-ում ուժի մեջ մտավ նոր օրենքը, որը թույլ է տալիս ահաբեկչությամբ պատճառված  վնասը գանձել հանցագործի հարազատներից ու մտերիմներից: Գումարն ու գույքը պետության օգտին կօտարվեն դատարանի որոշմամբ, եթե հիմնավորվի, որ այդ գույքը ահաբեկչությամբ զբաղվելու եկամտով է ձեռքբերվել:

Բացի այդ, օրենքը, որն, ի դեպ Պետդումա է մտցրել  նախագահ Պուտինը, քրեական պատասխանատվություն է նախատեսում ահաբեկչական կազմակերպությունների ու ընկերակցությունների ստեղծման դեպքում: Ընդ որում,  հոդվածով դրա համար նախատեսվում է 15-20 տարվա ազատազրկում և մինչև 1 մլն ռուբլի տուգանք: Ճամբարներում գրոհայինների պատրաստումը կպատժվի  5-10 տարի ժամկետով ու 500 հազար ռուբլի տուգանքով:

Օրենքի նախագիծը Պետդումա է մտցվել սեպտեմբերի 27-ին: Մոտավորապես մեկ ամսից այն ընդունեց Խորհրդարանն,  մի քանի օր անց էլ` Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց:

Չիլիի նախագահական ընտրություններում առաջատար է Միշել Բաչելետը

o_850797Չիլիում պետության նախագահի ընտրություններն ավարտվեցին: Թեկնածուների ցուցակում 9 անուն կար, ինչն ի դեպ, Չիլիի համար ռեկորդային թիվ է: Սակայն նախագահական մրցավազքում առաջատար են երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետն ու աշխատանքի նախկին նախարար Էվելին Մաթեին:

Նախնական տվյալներով,որ հրապարակել է հարավամերիկյան հանրապետության ընտրական ծառայությունը, այդ ցուցակում առաջին տեղում է Միշել Բաչելետը` 46,11% ձայնով: Նրա մրցակցուհին` կառավարող պահպանողական “Չիլիի դաշինք” կուսակցությունից, հավաքել է ձայերի 25,02%:

Եթե նրանցից և ոչ ոք չհավաքի ձայների 50 %-ը, ապա կհայտարարվեի քվեարկության 2-րդ փուլ, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Ի դեպ, 1993-ից սկսած, դեռևս ոչ ոքի չի հաջողվել միանգամից առաջին փուլից հաղթանակ տանել:

Բացի նոր նախագահ ընտրելուց, կիրակի երկրի քաղաքացիները 120 պատգամավորներ ու երկրի խորհրդարանի` Ազգային կոնգրեսի  38 սենատորից 20-ին են ընտրել:

Ազգագրագետ. «Ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար»

Gayane ShagoyanՀարցազրույց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հետ

– Հաճախ է խոսվում ավանդական հայկական հարսանիքի մասին: Ի վերջո,  ի՞նչ ասել է ավանդական հայկական հարսանիք, ի՞նչ է այն ենթադրում:

– Նախ պետք է հասկանանք, որ ավանդական բառն ունի տարբեր բովանդակություն` կախված այն բանից, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսվում,  ավանդական ասելով` ինչ բովանդակություն է դրանում դրվում: Եթե կոպիտ բաժանենք, այն երկու ընկալում ունի, որոնք էլի շատ պայմանական են:

Մեկը գիտականն է:  Ազգագրության մեջ ավանդական հարսանիք, ավանդական մշակույթ ասելով` հիմնականում հասկանում են XIX դարում գրանցված ծեսերը, քանի որ մինչ այդ հայ ավանդական մշակույթի նման մանրամասնություններով նկարագրություններ չունենք:

Գիտական մեկ այլ մոտեցման համաձայն էլ` ավանդականը ժառանգաբար փոխանցվող բանավոր մշակութային պաշար է: Այսինքն` մի բան, որ կրկնվում է միայն այն պատճառով, որ նախադեպ ունի, որ  արվում է ոչ թե որպես նորարարություն, այլ ինչ-որ բանի կրկնություն, ինքնըստինքյան դառնում է ավանդական:

Ժողովրդի մեջ կա մեկ այլ պատկերացում, եթե ասում ենք ավանդական, ուրեմն այն պետք է շատ հին ժամանակներից գա: Կոնկրետ ժամանակաշրջան, իհարկե, չի նշվում, բայց կարծես չարտաբերելով,  այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հազարամյակներ տևող սովորություններ են: Դրա մեջ մի փոքր ճշմարտություն կա այն իմաստով, որ կենցաղային մշակույթը, կախված ժամանակաշրջանից, փոփոխությունների տարբեր արագություն ունի: Այն, ինչ ունենք XXI դարում, շատ արագ է փոփոխվում:  Դա կապված է տեխնոլոգիաների արագ զարգացման հետ: Մինչև մոդեռնացման ժամանակաշրջանն  ունենք այսպես ասած` դանդաղ ընթացող  ժամանակ: Բայց և չենք կարող ասել, թե որևէ փոփոխություն չի եղել:

Այն, ինչ ունեինք XIX դարում, բավականին բազմազան էր ի տարբերություն կենցաղային սպասումների, թե որքան հին, այնքան նույնական: Իրար կողքի գտնվող գյուղերն անգամ ներփակված են եղել, այնպես որ մի գյուղում տեղի ունեցողը կարող էր մեծապես տարբերվել հարևան գյուղի ավանդույթներից: Մեր ազգագրական նյութը ցույց է տալիս, որ նույնիսկ նույն գյուղում գտնվող տարբեր ծագումնաբանություն ունեցող ընտանիքներ ունեն միմյանցից բավականաչափ տարբերվող հարսանիքներ: Նույնական հարսանիք ունենալու արեալը կարող էր  լինել փոքր, մեծ, համընկնել ինչ-որ շրջանի, եթե այն հարթավայրային էր և կոմունիկացիայի խնդիր չկար:

– Ե՞րբ և որտե՞ղ է  սկիզբ առել ժամանակակից սպիտակազգեստ հարսանիքը:

– XIX դարում բրիտանական արքունիքի հարսանիքը դարձավ մոդելային` սկիզբ դնելով սպիտակազգեստ հարսանիքին: Պատճառները մի քանիսն են:  Նախ` հարսանիքի մեջ կա այն գաղափարը, որ սա թագավորական արարողություն է: Այսինքն` ամեն մի հասարակություն իր հարս ու փեսային վերագրում է առաջին մարդու կերպարը: Քանի որ միջնադարում և միջնադարից դեպի մոդեռնացման ժամանակաշրջանը առաջին մարդը թագավորի և թագուհու հետ էր նույնանում, սկսեցին կրկնօրինակել պահպանողական մշակույթի շնորհիվ  պահպանվածը:

Մյուս պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան  ծովային ամենահզոր կայսրություններից մեկն էր, որի գաղութները սփռված էին աշխարհով մեկ: Նաև շնորհիվ աշխույժ առևտրական հնարավորությունների,   այս դեպքում շուկան դառնում է ամենակարևոր գործոններից մեկը` այն ինչ արտադրում է մետրոպոլիան, շուկայի միջոցով տարածվում է:

– Իսկ Հայաստանում սպիտակազգեստ հարսանիքները երբվանի՞ց են:

– Քաղաքային բնակչության մոտ արդեն XIX դարում սպիտակազգեստ համալիր հանդիպում է: Բայց մինչև Ցեղասպանությունը բոլոր գյուղական բնակավայրերում անխտիր որպես հարսի զգեստ կիրառվել է  ամեն մի շրջանի տեղական տարազի ավելի շքեղ տարբերակը, ընդ որում հարսանիքին այն հագել են առաջին անգամ: Զգեստը  պարտադիր պետք է նոր լիներ,  կային հատուկ ծեսեր, որոնց ընթացքում հագուստը կարվում էր: 1915-ի ցեղասպանությունից հետո այդ մշակույթն ընդհատվում է:

Քաղաքներում, ասենք` Վանում, Երևանում, XIX դարի վերջին և XX-րդ դարի սկզբին  արդեն ունեինք սպիտակազգեստ հարսանիքներ: Դրանք համատարած չեն, հիմնականում վերնախավին են բնորոշ: Պետք է ասեմ, որ քաղաքային միջավայրը, շնորհիվ շուկայի, ավելի է նպաստում այդ նորաձևության տարածմանը:

Բայց նույնիսկ ԽՄ տարիներին, հատկապես պատերազմի պատճառով, երբ ոչ միայն սպիտակ, այլև անգամ նոր զգեստ գնելն էր խնդիր, կարում էին այն, ինչ հնարավոր էր: Երկար ժամանակ ընդունված էր զգեստը պարտքով վերցնել, կամ եթե գնում էին` մի քանի սերունդ էր հագնում:

Այդպիսով հարսանեկան շքեղ զգեստը, որ առաջին անգամ հագնում էին հարսանիքին, բայց հետո կարող էին հագնել նաև այլ տոնական միջոցառումներին, փոխվեց  մի անգամ հագնելու զգեստի: Սպիտակի տարածման հետ հարսանեկան շորը վերածվեց մեկ անգամ հագնելու ծիսական զգեստի: ԽՍՀՄ-ում 60-70-ականներին նոր միայն կարող ենք խոսել դրա համատարած կիրառման  մասին:

– Հայկական հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ պահպանվել են և որո՞նք են, որ գլոբալացման ազդեցության հետևանք են:

– Սպիտակ հարսանիք  կոչվող համալիրն ուներ մի քանի բաղադրիչներ, որոնք տարածվեցին: Առաջինը սպիտակ զգեստն էր, երկրորդը ծաղկեփունջն էր, որը չենք ունեցել, մեզ մոտ  դա շատ ուշ մտավ: Խորհրդային տարիներին հարսն ու փեսան մեխակներ էին դնում որևէ հուշարձանի մոտ. դա էր ծաղկեփնջի ողջ գործառույթը: Իսկ փեսայի կողմից հարսին ծաղկեփունջ փոխանցելու երևույթը և հետո այդ ծաղկեփնջով եկեղեցի մտնելը բրիտանական հարսանիքի  մաս է:

Շքախմբով,   երաժշտության ուղեկցությամբ եկեղեցի մտնելը ևս բրիտանական հարսանիքից է վերցված: Մեզ մոտ դա ձևափոխվեց այնպես, որ հանդիսավոր երաժշտության ուղեկցությամբ հարսն ու փեսան մտնում են հարսանեկան հանդիսության դահլիճ, ԽՄ տարիներին` զագս:

Մյուսը` տարոսիկները: Մերօրյա ձևով տարոսիկներ ավանդական տարբերակում չեն եղել: Այն գաղափարը, որ հարս ու փեսայից մյուսներին պետք է քաղցր բան փոխանցվի, եղել է: Օրինակ` հարսի գլխին գաթա են կոտրել և բաժանել կամ չորացրած մրգեր են շաղ տվել և հավաքել, դրան են ասել տարոս: Այսօր այդ գործողությունն էլի փոխվել է արևմտյան տարբերակի, երբ բրինձ և վարդի թերթեր են շաղ տալիս հարսի ու փեսայի գլխին, և դա այլևս չի կոչվում տարոս:

Փոխառվել է դրսից մեկ այլ բան, որ դրսում կոչվում է հարսանեկան հուշանվեր: Մեզ մոտ քաղցրը տանում էին որպես հարսանիքի մի մասնիկ, որը չամուսնացած երիտասարդներին ամուսնանալու խորհուրդը պիտի փոխանցեր: Խորհրդային շրջանում, նմանակելով եվրոպական հուշանվերները, սկսում են կոնֆետները հելունով գործված և շաքարաջրով քարացած զամբյուղներում բաժանել, հիմա քաղցրի գաղափարը վերանում է, և լրիվ փոխարինվում է հուշանվերներով:

kate-william-royal-wedding– Ըստ Ձեզ`  կգա՞ ժամանակ, երբ գլոբալացված շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ  ողջ աշխարհում հարսանիքը քիչ թե շատ նույնական կլինի, այսինքն` չեն լինի տարբերակող  տարրերը, որոնք ավանդական ենք համարում:

– Կարող եմ ասել, որ գրեթե այդ ժամանակաշրջանում ենք: Այն,  ինչ թվարկեցի` սպիտակ զգեստ, ծաղկեփունջ, վարդ ու բրինձ շաղ տալ, կիրառվում են Երկրի  մեծ մասում: Խոսուն օրինակ է, որ  2011-ի բրիտանական արքայական զույգի ամուսնությունը երկու մլրդ մարդ  էր դիտում ուղիղ  եթերով: Եվ հաջորդ օրն իսկ Չինաստանում հարսանեկան զգեստը կրկնօրինակել էին:

– Այսինքն` հարսանեկան ավանդույթի նման փոփոխությունները բնակա՞ն են:

– Չես կարող  ցանկապատ քաշել և ասել` ամեն ինչ կարող է փոխվել, բայց հարսանիքը, որը ես հայտարարում եմ ազգային, պիտի չփոխվի, մանավանդ որ չկա այն խիստ ազգայինը, որ ասես սա է, եկեք փրկենք:

– Տիկին Շագոյան, այսօրվա  հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ ավանդական են և  եղել են նաև XIX դարում:

– Այսօրվա հարսանեկան համալիրում ամենապահպանված քայլերի հաջորդականությունը, որը վերցված է ոչ թե սպիտակ հարսանիքից, այլ ընդհանրացված տեղական տարբերակներից, շեմային ծեսերն են, որոնք  սովորաբար կատարում են փեսայի տուն մտնելիս.  ափսե կոտրել, ուսին լավաշ գցել, գաթա պարեցնել, մեղր կերցնել:

Բայց շուկան  իր գործն անում է: Գյուղերում, որտեղ չկան ռեստորանային համալիներ, սկսել են հարսանիք անել որևէ քաղաքի ռեստորանում, որպեսզի ժամանակին համահունչ լինեն: Եվ տեխնիկապես անհարմար է լինում քաղաքից նորից փեսայի տուն վերադառնալ` այդ շեմային ծեսերը կատարելու: Այդպես XIX դարի հարսանիքի վերջին կռվանը  սկսում է քանդվել, քանի որ տեղավորվում է ռեստորան մտնելու համալիրի մեջ, կա՛մ արվում է, կա՛մ չի արվում: Եթե անգամ արվում է, իր բովանդակային տրամաբանությունն է կորցնում, քանի որ  կապված էր հենց տուն տեղափոխվելու գաղափարի հետ:

– Իսկ կա՞ն հարսանեկան ծեսեր, որոնց բովանդակությունը պահպանվել է, բայց ձևը փոխվել է:

– Կան բազմաթիվ ծեսեր, ինձ համար շատ հետաքրքիր են  եզնմորթեքի և տորթ կտրելու ծեսերը: Տորթ կտրելն ամբողջությամբ եվրոպական հարսանիքից է փոխառված:

Եզնմորթեքի ծեսը և հարսանիքն ունեն  այս կամ այն հանրության միասնությունը վերահաստատող գործառույթ: XIX դարի եզնմորթեքի դեպքում հարսանիքի ընթացքում պետք է որևէ մի ուտեստի միջոցով այդ ամբողջ խմբին միավորեին: Եզնմորթեքի ծեսի ժամանակ դա լինում էր մսացուն, որը դառնում էր հարսանիքի խոհանոցային հիմքը: Անասունը մորթելիս կարևոր էր  առաջին կտրվածքը, դա հաճախ անում էր փեսան, եթե անգամ մսագործն էր անում, ապա առաջին արյամբ փեսայի ճակատին խաչ էին հանում, կտրվածքի համար գումար էին տալիս, կտրվածքից հետո  զուռնա էին փչում, պար էին բռնում:  Այսօրվա հարսանիքի դեպքում տորթն է, որ պարտադիր պետք է բոլորը ճաշակեն, որի առաջին կտրվածքը շատ հանդիսավոր ձևով է արվում, զուռնայի  ձայնին կարող է փոխարինել  շամպայնի  բացվելու ձայնը:

– Իսկ պե՞տք է արդյոք պահպանել հայկականության որոշ տարրեր հարսանիքում:

– Այսպես կարող եմ ասել` դա ճաշակի հարց է, երկրորդ` ինքնության հարց է, եթե մարդ ուզում է շեշտել հայկական ինքնությունը, կարող է այդպես անել: Բայց եթե ես հայկական տարրերով հարսանիք չեմ անում, չի նշանակում, որ ես հայ չեմ: Դեմ եմ, երբ պարտադրանք է լինում:

Հիմա հայկական հարսանիք ասելով` հասկանում են նաև սպիտակ զգեստը, այսինքն` հայկականության նշանները փոփոխական են և այն, ինչ այսօր հայտարարվել է, էլի պայմանական բան է:

Այն ինչ այսօր կոչվում է հայկական հարսանիք, իր մեջ պարունակում է, իմ տեսանկյունով, բազմաթիվ անհեթեթություններ: Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի իր ժամանակին համահունչ: Դա չի նշանակում, որ պետք է հարսանիք անի ինչպես, օրինակ` Ֆրանսիայում: Բայց  ինձ համար առնվազն ծիծաղելի է, երբ ինքնուրույն կյանքով ապրող 30-35 տարեկան հարսնացուն պետք է կարմիր խնձորի ծես կատարի, որին  այսօր ընդունված է հայկականության իմաստ վերագրել: Եթե դրա հաշվին է հարսանիքը լինելու հայկական, ավելի լավ է` չլինի:

Դա բնական էր XIX դարում և բազմաթիվ բացատրություններ ունի, բայց դա անհեթեթ է հնչում XX դարում, էլ չասեմ` XXI դարում:

Վերապահումով եմ մոտենում այն պահանջներին, որ պետք է անենք ճիշտ հայկական ավանդական հարսանիք, քանի որ ավանդականը պայմանական է, ավանդականը տարընթերցումներ ունի, և ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար:

 

Երկրաշարժ Իրանի տարածքում

Նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 20.37-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.350 և արևելյան երկայնության 44.530:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Մոսկվայից Կազան ուղևորվող վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան,տեսանյութ

ինքնաթիռՆոյեմբերի 17-ին, ժամը19.25-ին Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել:

Կազանի օդանավակայանում տեղի ունեցած աղետալի ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ և 44 ուղևորներ:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Հրդեհ Անդրանիկի փողոցում. այրվում են ավտոմեքենաներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.08-ին:

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է կայանված «Մերսեդես» մակնիշի 81 ՏՏ 100 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և «ՎԱԶ-2121» մակնիշի 85 OD 888 պետհամարանաիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին, առջևի երկու նստատեղերը:

Բակո Սահակյանը հանդիպել է “Արցախի երիտֆորում-2013”-ի մասնակիցների հետ

Բակո Սահակյան, "Արցախի երիտֆորում-2013"Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում հանդիպել է “Արցախի երիտֆորում-2013”-ի մասնակիցների հետ:
Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, մեր հանրապետությունում երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարի բնութագրմամբ` երիտասարդությանը հուզող հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կշարունակի անել հնարավորը դրանք արդյունավետ կերպով լուծելու համար:
Բակո Սահակյան, "Արցախի երիտֆորում-2013"Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանըընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին

Արցախ, Բակո Սահակյանը, Պլասիդո Դոմինգո-կրտսերԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել երգչին Արցախում համերգով հանդես գալու համար՝ նշելով, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանը եւ իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ: Արծարծվել են նաեւ մեր երկրում մի շարք մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Փլուզման վտանգ Ծերենցի փողոցում,լուսանկարներ

Փլուզման վտանգ Ծերենցի փողոցումՆոյեմբերի 17-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկի շրջակայքում առկա է հողաշերտի նստվածք, իսկ տան պատին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Է. Ա.-ին պատկանող տան (կառուցված 1974 թ.,) ավտոտնակից մոտ 3 մ հեռավորության վրա տեղադրված է գազաբաշխիչ կայան, որի տակ առկա է հողաշերտի նստվածք (2×0,5×0,5մ): Տան արտաքին պատը ավտոտնակին միացնող բետոնե աստիճանի վրա առկա են ճաքեր (մոտ 5 սմ): Բազմաթիվ ճաքեր են առկա նաև տան պատերին:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՓԾ ԲՊ և ԱՀՎԿՎ պետը, ԵՓՎ Մալթիա-Սեբաստիա բաժնի պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն, «1-04» ծառայության հերթափոխի պետը և թաղապետարանի կոմունալ բաժնի պետը:

 

Գեորգի Մարգվելաշվիլու երդման արարողությունն անցել է առանց ավելորդությունների

o_850682Երեկ Վրաստանում տեղի է ունեցել նոր նախագահի` Գեորգի Մարգվելաշվիլու երդման արարողությունը: Այն ընդգծված համեստ է եղել, որպեսզի, ինչպես հայտարարված էր,  խնայվեն բյուջեի միջոցները: Ավանդույթի համաձայն, Մարգվելաշվիլին երդվել է Սահմանադրության վրա, շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին ու նշել երկրի զարգացման առաջնահերթությունները:

Երդման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Հին խորհրդարանի բակում: Ինչպես Մարգվելաշվիլու մամլո ծառայությունից են հայտնել,  երդմնակալության բյուջեն պետք է համապատասխանի երկրի բյուջեին: Հարևան Ռուսթավելի պողոտայում դրա կապակցությամբ երթևեկությունը չեն դադարեցրել, դրանով ևս նշելով, որ միջոցառումը  շքեղ   չէ : Հյուրերի թիվը ևս սահմանափակ է եղել, քանի որ այդ բակը նախատեսված չէ զանգվածային միջոցառումների անցկացման համար: Հիմնականում հավաքված են եղել պաշտոնական ներկայացուցչություններ բարեկամական երկրներից ու միջազգային կազմակերպություններից:

Էթնայի ժայթքումը Սիցիլիայի վրայով թռիչքներին չի խանգարել

277Սիցիլիայում ժայթքում է Էթնան, Եվրոպայի ամենաբարձր լեռն ու ամենաակտիվ հրաբուխը:  Խառնարանից դուրս է ժայթքում շիկացած մագմա ու հարյուրավոր  մետրերեով սև ծուխ է բարձրանում: Տեղաբնակների շրջանում խուճապ չկա: Հակառակը, մարդիկ անվտանգ հեռավորության վրա հավաքվել են, որ ժայթքումը նկարահանեն: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: Բնակչության տարհանման անհրաժեշտություն նույնպես չկա: Մոտակա, Կատանիայում գտնվող օդանավակայանը աշխատանքը չի դադարեցրել: Այս տարի Էթնան արդեն 16-րդ անգամն է ժայթքում:

Գիտելիքների մեծ պաշար ունեմ. Արամ Արարատյան

Ուսանողների միջազգային օրՈւսանողների միջազգային օրը նոյեմբերի 17-ն է: Ամենամյա այս տոնն ուսանողները կարեւորում են: Ակտիվ երիտասարդները բազմազան միջոցառումներ են կազմակերպում, միմյանց շնորհավորում եւ պարզապես լավ ժամանակ անցկացնում:

Ուսանողների միջազգային օր«Այսօր, ինչպես ցանկացած ուսանողի համար տոն էր: Առավոտից կուրսեցիներով, մյուս ուսանող ընկերներով զանգահարում էինք իրար, շնորհավորում: Շատ ուրախ եմ, որ մեր երկրում կա այսպիսի տոն: Ուղղակի մի խնդիր կա, որ լավ միջոցառումներ չեն կազմակերպվում այսօր: Եթե նկատել եք, մյուս տոների ժամանակ գոնե համերգներ ու բացօթյա դիսկոտեկներ են կազմակերպում, որպեսզի երիտասարդությունը հավաքվի եւ նշի իր տոնը»,-այս մասին archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Արամ Արարատյանը: Նրա խոսքով հայ ուսանողը միշտ աչքի է ընկել ուսման հանդեպ ունեցած հետաքրքրություններով, սովորելու ցանկությամբ, սակայն շատ շատերը դժգոհում են կրթության որակից: Ասում են, որ դասախոսները չեն տալիս այն կրթությունը, որն իրենք են ցանկանում, իսկ իրենք անհնարին բան չեն ուզում: Մեկ այլ խնդիր է ուսման վարձը, որը վերջին շրջանում թանկացավ: Արամը կարծում է, որ դա ուսանողների ամենամեծ խնդիրն է.

«Կա կարծիք, որ կյանքի ամենահետաքրքիր պահերը կատարվում են հենց ուսանողական տարիներին: Համաձայն եմ: Շատ հիշողություններ եմ տանում ինձ հետ համալսարանից: Ճիշտ է, դեռ չգիտեմ ինչ է սպասվում ինձ ապագայում, բայց կարող եմ ասել, որ անմոռանալի պահեր եմ ունեցել: Համալսարանը բացի կրթությունից լավ ընկերներ է պարգեւել: Գիտելիքների մեծ պաշար ունեմ ի շնորհիվ իմ դասախոսների: Համալսարանը ինձ տվել է նաեւ վստահություն ապագայի հանդեպ: Հիմա վստահ եմ, որ ցանկացած խնդիր, որին կհանդիպեմ կկյանքում` կլուծեմ»:

Ուսանողի համոզմամբ ոմանց համար այստեղ կրթությունը շատ լավ է, ոմանք էլ դժգոհ են եւ արտասհման են մեկնում սովորելու: Ամեն տեղ էլ կա դա: Ցանկացած մարդ ինքն է իր ապագան որոշում: Հայաստանում այնպես է ստացվել, որ աշխատաշուկայի պակաս կա, բայց երիտասարդները գոնե ոսկե միջինն են եւ կարողանում են աշխատանք գտնել: Այլ խնդիր է, որ իրենց մասնագիտությամբ չեն աշխատում: Համոզված եմ, որ եթե լինես լավ մասնագետ, ապա խնդիր չես ունենա: Ինչպես ասում է ժողովուրդը` տաշած քարը գետնին չի մնա:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Կազանում վթարված ինքնաթիռի զոհերի մեջ է նաև Թաթարստանի նախագահի որդին

Մինիխանովի որդինԵրեկ Կազանում  Boeing-737-ի վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը: Վթարի վայրում հայտնաբերվել է 50 զոհի դի, բոլորն ինքնաթիռում են եղել: Նրանցից 44-ն ուղևորներ են, 6-ը անձնակազմի անդամներ: Զոհերի մեջ 2 երեխա կա:  Այդ  ինքնաթիռում է եղել նաև Թաթարստանի նախագահի` Ռուստամ Միննիխանովի  որդին ու “Россия-2” հեռուստաալիքի մարզական մեկնաբան Ռոման Սկվորցովի կինը` Էլինան:

ԷլինաՀայտնի են ողբերգության որոշ հանգամանքեր: Անձնակազմը նախապես զգուշացրել է վայրէջքի անհնարինության մասին,  ենթադրաբար, տեխնիկական անսարքության պատճառով: Դրանից հետո  օդանավը փորձել է մտնել երկրորդ շրջան, ապա օդնավակայանի թռիչքուղու վրա  է ընկել ու քթամասով բախվել գետնին: