Արվեստի գործ` հարսանիքից. հաջողության գրավականն ըստ Գևորգյանների

Խորեն և Գոռ Գևորգյաններ

Խորեն և Գոռ Գևորգյանները

 «Royal Gor studio»-ն Լոս Անջելեսում գործող տեսա- և լուսանկարահանումների ոլորտում մասնագիտացված ընկերություն է: «Մենք հավատում ենք հավերժական և ողջ կյանքում իմաստավորված  տեսա- և լուսանկարահանմանը». ընկերության կայքում այսպես են ներկայացված իրենց գործունեության նպատակները: Իսկ հարցազրույցի շարժառիթը վերջերս  ամերիկյան FOX ընկերությանը պատկանող hotlist.com-ի կողմից   «Royal Gor Studio»-ին շնորհված «Լավագույն տեսանկարահանող 2013» մրցանակն է:

–Պարոն Գևորգյան, ընկերության կայքում նշվում է, որ դեռ Խորհրդային Միությունում լուսանկարչությամբ եք զբաղվել, սակայն ստուդիա հիմնել եք միայն ԱՄՆ մեկնելուց հետո: Ինչո՞ւ եք գործունեության համար նախընտրել ԱՄՆ–ն, ոչ թե Հայաստանը:

Խորեն Գևորգյան – 1991-ին անկարելի էր պահանջներին  համապատասխան պայմաններով ստուդիա հիմնել և սարքավորումներ   ձեռք բերել Հայաստանում: Ուստի ես որոշեցի մտահղացումս Միացյալ Նահանգներում իրագործել: Ասեմ, որ չափազանց դժվար էր ինձ համար, բայց իմ ու ընկերներիս շնորհիվ դա ստացվեց, և այսօր մենք առաջատարն ենք ոլորտում:

– Ինչո՞ւ հենց հարսանյաց միջոցառումներում  մասնագիտացաք:

Խորեն Գևորգյան – Մի երկրից մյուսը տեղափոխվելիս շատ դժվար է սեփական տեղը գտնելը: Քանի որ ես դեռ Հայաստանում հարսանյաց  հանդեսներ նկարահանելու 10 տարվա փորձ ունեի, ԱՄՆ-ի իմ պատվիրատուները, տեսնելով նախկին աշխատանքներիս որակը, ինձ էին վստահում իրենց հարսանյաց միջոցառման  նկարահանումը:  Աշխատանքիս արդյունքը տեսնելով` ինձ սկսեցին վստահել ու մեկը մյուսին տեղեկություններ փոխանցել իմ մասին: Հայերի միջավայրում մարդիկ սկսեցին ճանաչել ինձ: Աստիճանաբար սկսեցի շփվել նաև ամերիկյան հասրանյաց միջոցառումներ նկարահանողների հետ: Մինչև օրս էլ դասընթացների եմ հաճախում` ձգտելով ներկայիս նկարահանման նոր հնարավորություններն  ու գիտելիքները կիրառելով  գոհացնել պատվիրատուներին:

–  Ի՞նչ կարգախոսով է առաջնորդվում «Royal Gor studio»  ընկերությունը:

gor studio (4)Խորեն Գևորգյան – Հարսանյաց միջոցառումները շատ տարբեր են, քանի որ մարդիկ են տարբեր, ամեն ընտանիք  ուրիշ է, չես կարող բոլորի համար նույնն անել: Իմ կարծիքով` հարսանիքը մի իրադարձություն է, որը կատարվում է 15-18 ժամերի ընթացքում: Պետք է միշտ զգոն լինես, որ տեսնես, թե շուրջդ ինչ է կատարվում, նկարահանման  փորձառությունիցդ ելնելով` տեսագրես կամ լուսանկարես այն, ինչ կարևոր է: Իհարկե, եթե կան պահեր, որ կարող ես թելադրել ավելի լավ արդյունք ստանալու համար, ինչու չէ, կարելի է: Բայց պատվիրատուն չպետք է թելադրի քեզ, թե ինչը պետք է նկարահանվի կամ ինչպես ճիշտ նկարահանել: Դա իմ խնդիրն է տվյալ օրվա համար, և այդ խնդիրը ճիշտ պետք է լուծվի, որ նախ և առաջ ինքդ քո արած աշխատանքից գոհ մնաս, իհարկե, պատվիրատուն էլ` իր հերթին: Եվ մեր կարգախոսն է աշխատանքն այնպես անել, որ ինքնդ գոհ լինես արդյունքից:

– Ո՞րն է հաջողության գրավականը Ձեր աշխատանքում:

Գոռ Գևորգյան – Հաջողության գրավականը հենց տարիների ընթացքում ճիշտ կատարված գործի արդյունքն է: Տարիներ շարունակ հորս` Խորեն Գևորգյանի կողքին են իր ընկերներ և լավ մասնագետներ Արտյոմ Ղազանչյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Միշա Խաչատրյանը, չմոռանամ նշել վիդեոմոնտաժողներ Մանուկ Մարգարյանին և Տարոն Ղազարյանին:

Անձամբ ինձ համար ամենակարևոր գրավականը հնարավորինս բարձր որակն է և յուրաքանչյուր նկարահանումից, լինի դա հարսանիք թե համերգ, արվեստ  ստանալու մեծ ցանկությունը:

gor studio (2)Հավատացեք, անգամ հարսանիքը կարելի է այնքան գեղարվեստորեն ներկայացնել, որ դիմացինդ այն ընկալի որպես յուրահատուկ աշխատանք: Եվ հենց դա էլ տարիներ շարունակ մեր ընկերության հաջողության գրավականն է:

–Ի՞նչն եք համարում ընկերության ամենամեծ ձեռքբերումը :

Գոռ Գևորգյան:  2013-ի ամենամեծ ձեռքբերումն, իմ կարծիքով, FOX ընկերության սահմանած «# 1 Videographer 2013»  մրցանակն է, որին արժանացավ մեր ընկերությունը: Իսկ եթե տարիների կտրվածքով նայենք, ապա, կարծում եմ, որ ամենամեծ ձեռքբերումը մարդկանց վստահությունն է և հարգանքը մեր աշխատանքի նկատմամբ: Շատ կարևոր է, երբ անում ես մի գործ, որը շատ ես սիրում, մարդիկ էլ դա նկատում ու գնահատում են: Այդ պարագայում քեզ գործի մեջ երջանիկ մարդ կարող ես համարել:

–  Ովքե՞ր են Ձեր հաճախորդները, հիմնականում հայե՞ր են:

Խորեն Գևորգյան – Այո, մեր պատվիրատուները մեծ մասամբ հայեր են, բայց նաև  այլ ազգերի ներկայացուցիչ պատվիրատուներ ունենք: Մենք բոլորի համար սիրով աշխատում ենք:

–  Իսկ Հայաստանից պատվերներ ստանո՞ւմ եք:

gor studio (1)Գոռ Գևորգյան – Իհարկե, առաջարկներ և հրավերքներ լինում են, տարին գոնե 1-2 անգամ` պարտադիր: Այդ ամենը հորս տարիների աշխատանքի շնորհիվ է և իհարկե որակի, որը մեր գործում չափազանց կարևոր է: Նման առաջարկներ լինում են ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից, օրինակ` Ռուսաստանից: Մենք պատվերն ընդունելուց առաջ փորձում ենք հասկանալ, թե որքանով է դա մեզ հարմար, քանի որ հարսանիք նկարահանելու համար մեզ հետ միասին օվկիանոսը կտրում անցնում է մի մեծ նկարահանող խումբ: Երևանում մասնակցել ենք տարբեր բարձրաստիճան մարդկանց միջոցառումներին: Միացյալ Նահանգների տարածքից դուրս աշխատանքը միշտ էլ հետաքրքիր է:

–  Նախատեսվո՞ւմ է Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնել:

Գոռ Գևորգյան – Իմ կյանքում առաջնորդվում եմ «Երբեք մի ասա երբեք» կարգախոսով: Ես և հայրս դժվար թե կարողանանք դա անել ժամանակի սղության պատճառով: Բայց եթե լինեն նման առաջարկներ, լինի դա Երևանում, Մոսկվայում, Դուբայում թե որևէ այլ տեղ, մենք պատրաստ ենք և բաց նման բանակցությունների համար:

Հարցազրույցը վարեց Հայկուհի  ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Անկախ

 

Սամվել Ասլանյանի թիմը հանդբոլի Եվրոպայի առաջնությունում պարտվեց Ֆրանսիայի հավաքականին

սասլանյանBԴանիայում մեկնարկեց հանդբոլի Եվրոպայի առաջնությունը: Ռուսաստանի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս Սամվել Ասլանյանը, C խմբում է:

Առաջին խաղում հայ հանդբոլիստի թիմը Օրխուսի մարզապալատում մրցեց տիտղոսակիր մրցակցի` Ֆրանսիայի հավաքականի հետ: Ասլանյանը խաղալու քիչ հնարավորություն ստացավ, այդուհանդերձ տպավորիչ խաղ ցուցադրեց, նաև 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Ի վերջո, Ռուսաստանի ընտրանին պարտվեց 28:35 (14:19) հաշվով:

Հունվարի 15-ին Ռուսաստանի հավաքականը կմրցի Սերբիայի ներկայացուցիչների հետ:

Առաջին խաղում սերբ հանդբոլիստները մեկ գնդակի առավելությամբ հաղթել են Լեհաստանի թիմին` 20:19 (13:9) հաշվով:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ

Հունվարի 13-ին, ժամը 08.45-ին, թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում արգելակել է, ինչի հետևանքով 53-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 13-ին, ժամը 21.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Դեու» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2115»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 13-ին, ժամը 10.45-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի մերձակայքում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Լեքսուս»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Անկախության հրապարակի թիվ 30 հասցեի մոտ բախվել է «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան-Մարչ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 19 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հրապարակվել է 2013 թվականի պետական բյուջեի 11 ամիսների կատարողականը

ֆիննախ2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 967.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 901.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 89.9%‑ով և 84.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը:

2012 թվականի 11 ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 15.1%-ով (126.7 մլրդ դրամ)` նախորդ տարվա 10.8%-ի (82.3 մլրդ դրամի) դիմաց, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 914.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 89.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 15.4%‑ով կամ 122 մլրդ դրամով` նախորդ տարվա 11.8%-ի կամ 83.7 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով և 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ: Այս հարկատեսակի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 224.9 մլրդ դրամ:

Ավելացել է նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 8.4% (69.5 մլրդ դրամ)` նախորդ տարվա 4.4%-ի (34.8 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 77.0 մլրդ դրամով` տարեկան ծրագրով նախատեսված 33.0 մլրդ դրամի փոխարեն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, գողության 17 դեպքից` 10-ը, խարդախության` 8, յուրացման կամ վատնման և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Անօթևան դատապարտյալ կինը ճանաչվել է շահառու, և նա բնակարան կստանա

«Շիրակ կենտրոնի» պատրաստած և տարածած «Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից» տեսանյութը նվիրված էր Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրին:

Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել:

Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեև Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից:

Հայաստանյան գրեթե բոլոր առաջատար էլեկտրոնային պարբերականներում տեսանյութի հրապարակումից մի քանի օր անց՝ երեկ երեկոյան, ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնեց, որ ներկայումս դատապարտյալ այս կնոջը շահառու ճանաչելու և բնակարանով ապահովելու մասին նախորդ օրը համապատասխան գրությամբ տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետին: ՀՀ քաղաքաշինության պաշտոնյան հայտնեց, որ Կ. Աթանեսովային բնակարանով ապահովելու հարցը լրացուցիչ քննարկման է ենթարկվել բնակբաշխման հանձնաժողովի 2013 թ նոյեմբերի 26-ին կայացած նիստում, և հաշվի առնելով պահանջված ու ներկայացված նոր փաստաթղթերը, նա ՀՀ քաղշին նախարարի համար 366 հրամանով մեկ անձով ընդգրկվել է աղետի գոտում մեկսենյականոց բնակարաններ ստացող ընտանիքների ցուցակում:

Նրան նախատեսվում է բնակարան տրամադրել Գյումրիում կառուցվելիք լրացուցիչ 430 բնակարաններից:

Զինվորին ծեծի ենթարկելու փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն. Սեյրան Օհանյանը գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ

 Մհեր ԽլղաթյանՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը երեկ այցելել է զորամաս, որտեղ տեղի է ունեցել նորակոչիկ Մհեր Խլղաթյանի հետ կապված միջադեպը:   Այդ մասին «Փաստինֆո» թղթակցին ասել է  ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ նախարարը, տեղում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ:   Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:    Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է նաև, որ նորակոչիկի առողջական վիճակը փոքրի ինչ բարելավվել է:   Ինչպես ավելի վաղ Անկախը տեղեկացրել էր` Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխման պահին զինվորի գիտակցությունը եղել է  թեթև մթագնած, առողջական վիճակը խիստ անհանգստացնող, իսկ հոսպիտալում նաև պարզվել է, որ նա  երկկողմանի թոքաբորբ է տանում:   Մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորել ոմն Արմանը և Նարեկը: Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո, տեսնելով որ չեն կարողանում զինվորին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել, նոր տեղափոխում են Երևան:

Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ և 358.1 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը:    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Անկախ

Ռուսական «Ուրալը» վաճառքի է հանել հայ ֆուտբոլիստներին

ասmagesԵկատերինբուրգի «Ուրալի» ղեկավարությունը  տրանսֆերի հանել Էդգար Մանուչարյանին և Արթուր Սարկիսովին։ Վերջինս 2013-ի ամռանն է տեղափոխվել «Ուրալ», իսկ Մանուչարյանը 2011 թվականից է հանդես գալիս Եկատերինբուրգի թիմի կազմում:

«Ուրալի» գործերը ներկայումս լավ չեն, հայ ֆուբոլիստներն էլ չեն արդարացրել սպասելիքները:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մանուչարյանը մասնակցել է 7 հանդիպման և ոչ մի անգամ չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը։ Սարկիսովը 8 խաղի է մասնակցել և դարձել է սոսկ մեկ գոլի հեղինակ։

Արմեն Աշոտյանը` խնդիրների սկանդալային ժողովածուի մասին

Արմեն-ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում սկանդալի պատճառ դարձած  մաթեմտիկական խնդիրների ժողովածուին:

Աշոտյանն իր ՖԲ էջում գրել է. «FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները»  Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից են:  Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է:  Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ:  Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:

Նշենք, որ քննարկումների առարկա էր դարձել խնդիրների բովանդակությունը: Բերենք մի քանի օրինակ նշված խնդիրների ժողովածուից.

«Ընկերները Սոսի մասին այսպիսի խնդիր կազմեցին. «Մի երեկո մեր ընկեր Սոսը մեր ձեռքն ընկավ, և յուրաքանչյուրս 3 անգամ նրա վզակոթին հասցրեցինք: Մեր ընկեր Սոսն ընդամենը 108 անգամ վզակոթին ստացավ: Մենք քանի՞ հոգով էինք»:

«Շարիկից փրկվելու համար 40 տատիկները սաղարթախիտ ծառը բարձրացան: Ծառը 18 ճյուղ ուներ, ամեն ճյուղի 2 տատիկ էր նստել: Ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել»:

«Ավագ եղբայրը 2 կոնֆետ ունի, իսկ փոքրը` 12 կոնֆետ: Ավագը փոքրից քանի՞ կոնֆետ պիտի խլի, որպեսզի եղբայրների միջև հավասարություն հաստատվի»:

«Սոսը գազանանոցում 3 ուղտի էր գժվացնում: Ուղտերից յուրաքանչյուրը 3 անգամ սոսի վրա թքեց: Ուղտերը քանի՞ անգամ Սոսի վրա թքեցին»:

 

Անկախ

Թուրքական դիվանագիտությունը տուժել է ԱՍԱԼԱ-ի գործունեության հետևանքով. Ահմեդ Դավութօղլու

Դավութօղլու  Ինչպես հաղորդում է «Դողան» լրատվական գործակալությունը՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական դիվանագիտությունը տուժել է ԱՍԱԼԱ (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) կազմակերպության գործունեության պատճառով: Նախարարի խոսքերով՝ ԱՍԱԼԱ-ի իրականացրած «ահաբեկչության» հետևանքով մի շարք թուրք դիվանագետներ են զոհվել: Դավութօղլուն նշել է, որ թուրքական դիվանագիտությունը իր գործունեությունը շարունակելու է աշխարհի բոլոր երկրներում՝ անկախ ԱՍԱԼԱ-ի ցուցաբերած ակտիվությունից:

Գերմանական ակումբի ղեկավարությունը հավատում է, որ Մխիթարյանը ի վերջո կդրսևորի իրեն

հմ32116Դորտմունդի  «Բորուսիայի» ղեկավարությունը մեծ փողեր է վճարել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին գնելու համար: Դա ռեկորդային է ակումբի ողջ պատմության ընթացքում: Ցավալին այն է, որ անհավասար մրցելույթներ ունեցող հայ ֆուտբոլիստը չի արդարացնում սպասելիքները: «Այնտրախտի», «Համբուրգի» և «Շալկեի» հետ փայլուն խաղերին հաջորդել են «Բայերի», «Հերտայի» և «Հանովերի» հետ Մխիթարյանի անցկացրած թույլ հանդիպումները։ Այդուհանդերձ, գերմանական ակումբի ղեկավարությունը հավատում է, որ նա ի վերջո կդրսևորի իրեն: Այդ մասին գրում է Derwesten կայքը:

Նշվում է, որ 24-ամյա կիսապաշտպանը խոստացել է, որ ավելի լավ հանդես կգա 2014-ին: Դա չի բացառվում, քանի որ «Նյուրնբերգից» «Բորուսիա» տեղափոխված Իլկայ Գյունդոգանն իր լավագույն խաղը վերագտել էր նոր թիմում հայտնվելուց կես տարի հետո:

Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնը պարտվեց

շախմատBabujian-KotanjianԵրևանում շարունակվող շախմատի տղամարդկանց Հայաստանի 74-րդ առաջնության երկրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտվեց Տիգրան Քոթանջյանին:

2-րդ տուր

Տեխնիկական արդյունքներ

Տղամարդիկ

Բաբուջյան Լևոն – Մելքումյան Հրանտ` 1-0
Փաշիկյան Արման – Գրիգորյան Կարեն` 0-1
Տեր–Սահակյան Սամվել – Հովհաննիսյան Ռոբերտ` ½-½
Անդրիասյան Զավեն – Գրիգորյան Ավետիք` ½-½

Կանայք

Ղուկասյան Սիրանուշ – Գաբոյան Սուսաննա` 1-0
Սարգսյան Շուշաննա – Բաբայան Արմինե` 1-0
Ղամբարյան Հասմիկ – Գևորգյան Անահիտ` 0-1
Միրզաբեկյան Սվետլանա – Հայրապետյան Աննա` 0-1
Գևորգյան Մարիա – Գասպարյան Նարինե` 1-0

Մասնակիցների դասավորությունը

Կանայք

1.

Սարգսյան Շուշաննա

2

2.

Գևորգյան Մարիա

2

3.

Հայրապետյան Աննա

2

4.

Գասպարյան Նարինե

1

5.

Գևորգյան Անահիտ

1

6.

Բաբայան Արմինե

1

7.

Ղուկասյան Սիրանուշ

1

8.

Գաբոյան Սուսաննա

0

9.

Ղամբարյան Հասմիկ

0

10.

Միրզաբեկյան Սվետլանա

0

 Տղամարդիկ

1.

Բաբուջյան Լեւոն

1.5

2.

Քոթանջյան Տիգրան 

1.5

3.

Մելքումյան Հրանտ

1

4.

Գրիգորյան Ավետիք

1

5.

Տեր–Սահակյան Սամվել

1

6.

Հովհաննիսյան Ռոբերտ

1

7.

Անդրիասյան Զավեն

1

8.

Գրիգորյան Կարեն

1

9.

Պետրոսյան Տիգրան

0.5

10.

Փաշիկյան Արման

0.5

 

 

Առանց ջրի աշխատող լվացքի մեքենա

2304572Արգենտինացի ուսանողները ստեղծել են առանց ջրի աշխատող լվացքի մեքենա, որն օգտագործում է միայն բնական ածխաթթու գազ ու էկոլոգիական մաքուր լվացամիջոց:

Կորդովայի համալսարանի ուսանողներ Նիկոլաս Արայան ու Նիկոլաս Վուկսանովիկը իրենց հայտնագործությունը ներկայացրել են որպես դիպլոմային աշխատանք: Կտորների մաքրման համար նրանք օգտագործել են ածխախնի երկօքսիդ ու ածխաթթու գազ;

Նրանք մտադիր են  իրենց ներդրումն անել ժամանակակից աշխարհի էկոլոգիական խնդիրների և քաղցրահամ ջրի անբավարարության լուծման մեջ:”Նիմբուս” կոչված լվացքի մեքենան, որը  ի տարբերություն չոր  մաքրման մեքենաների  (որոնցում թեկուզև քիչ, սակայն, այնուամենայնիվ ջուր օգտագործվում է), աշխատում է բացարձակ չոր: Բացի այդ, այս նոր մեքենան էներգախնայող է: Մեկ առավելություն էլ ունի այն, որ մաքրումից հետո, չորացնելու ու արդուկելու անհրաժեշտություն չի առաջանում:

Երիտասարդ մասնագետներն իրենց դիպլոմային աշխատանք-հայտնագործության համար գերազանց գնահատական են ստացել ու արտոնագրել են այն:

Ադրբեջանում հրապարակել են ղարաբաղյան պատերազմում մահացած ադրբեջանցիների թիվը

ադրբեջանցի զինծառայողԱդրբեջանի մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայությունը հրապարակել է զինծառայողների անունները, ովքեր զոհվել են ղարաբաղյան պատերազմի տարիներին: Ռազմական գործողությունների արդյունքում մահացել է 11557 ադրբեջանցի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Չնայած որոշ շրջանների համար ցուցակներն ամբողջական չեն, դրանք կարելի է համարել 1991-1994 թվականներին զոհված ադրբեջանցի զինծառայողների առաջին տվյալները: Ըստ Ադրբեջանի մոբիլիզացման և զորակոչի պետական ծառայության՝ ցուցակում հայտնվել են միայն ռազմական գործողությունների մասնակիցները:

Նշենք, որ ցուցակում չեն գրվել այն քաղաքացիների անունները, ովքեր սպանվել են  պայթյունների և այսպես ասված «ջարդերի» ընթացքում:

Razm.info-ն, անդրադառնալով ադրբեջանական կողմի հրապարակած թվերին, նշում է, որ հրապարակվածը կորուստների  թերևս ամենանվազեցված տարբերակն է: Այսպես, 1994-ի հունիսին Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել էր 1991-1994 թթ. 21 հազար զոհերի, 2011-ին Իլհամ Ալիևն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել էր 13-15 հազար կորուստների մասին:

2007-ի փետրվարին ադրբեջանական մի շարք ՀԿ-ներ և փորձագետներ հաղորդել էին՝ Ադրբեջանն ունեցել է 24 հազար կորուստ, 4 հազար անհայտ կորած զինծառայող:

Անկախ

Լևոն Արոնյանն առաջատարների խմբում է

լևոնAronian-RapportՀոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան հունգարացի 19-ամյա գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտի հետ: Մրցակիցները կատարեցին 41 քայլ:

Այսօր մրցաշարի մասնակիցները հանգստանում են:

Հունվարի 15-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ:

Առայժմ Լևոնը վաստակած 2 միավորով առաջատարների խմբում է:

Տեխնիկական արդյունքներ

3-րդ տուր

Վան Վելի – Գիրի` ½-½
Հարիկրիշնա – Դոմինգես` 1-0
Կարուանա – Կարյակին` 1-0
Նակամուրա – Գելֆանդ` ½-½
Նայդիչ – Սո` ½-½

Մասնակիցներիդասավորությունը

1.

Արոնյան

2

2.

Սո

2

3.

Հարիկրիշնա

2

4.

Կարուանա

2

5.

Նակամուրա

2

6.

Գիրի

2

7.

Կարյակին

1½

8.

Ռապորտ

1½

9.

Դոմինգես

1

10.

ՎանՎելի

1

11.

Գելֆանդ

½

12.

Նայդիչ

½

ԵԱՀԿ-ն մոնիթորինգ կանցկացնի հայ-ադրբեջանական շփման գծում

eahk  ԵԱՀԿ-ն մտադիր է հունվարի 15–ին մոնիթորինգ անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին՝  ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»: Ադրբեջանական տարածքում մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ-ի գործող համանախագահի օգնականներ Պիտեր Սվեդբերգը և Եվգենիյ Շարովը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Փարիզում հայտնաբերվել է 70 տարի չբնակեցված բնակարան

img_9724_2Փարիզը շատ խիտ բնակեցված քաղաք է ու դժվար է պատկերացնել, որ կարելի է գտնել մի տուն, որով 70 տարի ոչ ոք չի հետաքրքրվել: Սակայն վերջերս հենց նման մի բնակարան է հայտնաբերվել:

img_9724_3Բնակարանի նախկին տերը մադամ դը Ֆլորիանն է եղել, որը պատերազմի ժամանակ նացիստների պատճառով փախել է քաղաքից: Տասնյակ տարիներ բնակարանի համար վճարվել է, սակայն միայն հիմա է որ ներկայիս տերերը որոշել են իրենց ունեցվածքի գույքագրում կատարել:

parisapt05Բնակարանում նրանք հայտնաբերեցին իսկական “ժամանակի պատիճ”, որում պահպանվել է անցյալի աշխարհիկ ոգին:

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սպառնում են այլևս չաջակցել սիրիական ընդդիմությանը

siria  ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները զգուշացրել են սիրիական ընդդիմությանը, որ հնարավոր է դադարեցնեն նրանց աջակցել այն պարագայում, եթե Սիրիայի ազգային կոալիցիան չմասնակցի «Ժնև-2» խաղաղության կոնֆերանսին, որը տեղի կունենա հունվարի 22-ին: «Նրանք շատ հստակ հասկացրին, որ այլևս մեզ չեն աջակցի և մենք կկորցնենք միջազգային հանրության վստահությունը, եթե  չգնանք «Ժնև» կոնֆերանսին»,-նշել է կոալիցիայի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմադիր կոալիցիան հունվարի 17–ին կանցկացնի քվեարկություն, որի արդյունքում պարզ կդառնա Շվեյցարիայում կոնֆերանսին մասնակցելու հարցը:

Անկախ

Կովի մեզը` հիվանդությունների դարման

images (3)Հնդկական ավանդական հավատալիքների համաձայն, քաղցկեղի, թոքախտի, ստամոքսի ու նույնիսկ ճաղատացման դեմ ավելի լավ դեղ, քան  վաղ առավոտյան  մեկ բաժակ կովի մեզն է` չկա: Վերջին շրջանում  երկրում սուրբ համարվող կովի կենսագործունեության արգասիքներն ավելի լայնորեն են կիրառվում:

Հնդիկները հավատում են, որ կովի մեզն օգնում է բոլոր հիվանդությունների դեպքում: Ոմանք ամեն առավոտ, 12 տարի խմում են մեկ գավաթ մեզ ու վստահեցնում, որ իրենց գերազանց են զգում: 42-ամյա Ջայրամ Սինգալն ասում է, որ 30 տարեկանից, երբ իր մոտ դիաբետ է հայտնաբերվել, խմում է կովի մեզ, ու դրա շնորհիվ արյան մեջ շաքարի մակարդակը չափավոր է:

Ի դեպ, բոլոր կովերի մեզը չէ, որ առողջարար է, ասում են ոչ ավանդական բժշկության գիտակները: Միայն կույս կովի մեզն է, որ օգնում է, այն էլ` մինչև արևածագը ստացվածը:

Հնդիկ որոշ գուրուներ մտադիր են կովի մեզի հիմքով պատրաստված տարբեր արտադրանք թողարկել` դիմահարդարման միջոցներ ու նույնիսկ ատամի մածուկ: Նրանք վստահ ասում են, որ երբեք  մեզ չօգտագործած մարդը չի հասկանում, թե ինչից է իրեն զրկում: