Այսօր Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցն է: Եվ ծաղիկներ են խոնարհվում Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց առաջին նախարարի կիսանդրուն, զինվորական պատիվներ են տրվում մի անհատի, որ լեգենդ էր արդեն կենդանության օրոք, երախտիքի տուրք է մատուցվում պետական և ազգային գործչին, ում ջանքով կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, և Վասպուրականի հայությունը փրկվեց եղեռնից, ում հաստատակամությամբ միազորվեց Արարատյան աշխարհը և եղավ Սարդարապատ ու հաղթանակ, եղավ Հայաստանի Հանրապետություն, և պետականություն, որ կա այսօր ու լինելու է: Արամը պարզապես ներքին գործերի նախարար չէր, և իր ղեկավարած կառույցն էլ պարզապես նախարարություն չէր. Արամը երկրի ողջ ներքին կյանքն էր նորոգում՝ սկսած հանցավորության դեմ պայքարից և կարգուկանոնի հաստատումից մինչև իրենց օրենք ու իշխանություն երևակայողների զինաթափում, մինչև շինականի հոգս ու ցավի ամոքում, որբերի հոգևոր ու մարմնական ապաքինում, նպաստամատույց ծառայությունների վերահսկում, մինչև իսկ կրթություն: Իր ժողովրդի հետ էր միշտ և այդ օրերին ժողովրդին ճարակած մահով էլ գնաց դեպի… անմահություն՝ կրկին հաստատելով վճռական մենակի անպարտելիությունը և սերունդներին ավանդելով պետության պաշտամունք: Լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հենց դրանով կարևորեց օրվա խորհուրդը` նշելով, որ հարյուրամյակներով պետություն չունեցող մեր երկրի ներքին գործերի առաջին նախարարը հիմնաքարի դեր ունեցավ. «Նա առաջին հերթին մեր ակունքն է, ոստիկանության ակունքը, մենք նրա ժառանգորդներն ենք: Գրագետ, բարոյական, ուժեղ անձնավորություն, որ մինչև վերջին շունչը աշխատեց և կյանքը նվիրաբերեց հայրենիքին…»: – Անկախ
Monthly Archives: January 2014
Վահեն բենզասղոցով 2 բոխենի է կտրել
Հունվարի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահե Ն.-ին` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բարձված փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նա բացատրություն է տվել, որ փայտանյութը ձեռք է բերել Իջևանի հարակից անտառից` բենզասղոցով 2 բոխենի կտրելով:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Կարդում ես արտագաղթած օգտատերերի գրառումները և ինքդ քեզ հարց տալիս…
Հեռուստահաղորդավար Վահե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արտագաղթած հայ օգտատերերի գրառումներին: Նա մասնավորապես գրել է.
“Կարդում ես արտագաղթած օգտատերերի գրառումները և ինքդ քեզ հարց տալիս` արդյո՞ք իրենց նոր ոստաններում ամեն ինչ կարգին է, որ քննադատում են միայն Մայր հայրենիքի ներսը: Հազար ու մի պատմություն ենք լսում, թե ինչպես են լավ կյանքի ակնկալիքով լքում Հայրենիքը, հետո միայն հասկանում, որ կարմիր խալի փռված չէ, և առանձնապես սպասող էլ չկա: Կարծում եմ, որ Հայրենիքը չլքածների համար ավելի գործուն և հոգեբանական աջակցություն ցուցաբերած կլինեք, եթե դադարեք հոգու խորքում ինքներդ ձեզ համոզել, թե հեռանալը ճիշտ էր: Մենք էլ կազատվենք Էլդորադոների մասին դասախոսություններ լսելու պարտադրանքից”:
ՀՀ կառավարության և «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի միջև ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի գույքի առուվաճառքի պայմանագիր
Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:
Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ և կարևորել առաջիկայում նախատեսվող ներդրումային ծրագրերը: «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Գարի Լիվսլին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար: «Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,– նշել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահը: Լիվսլիի խոսքով՝ այս գործարքը կարող է նպաստել նաև արևմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը:
Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, կարևորելով այս գործարքը, նշել է, որ այն կնպաստի նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
«Քոնթուր գլոբալ» ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ «Քոնթուր գլոբալ» ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: Արևելյան Եվրոպայում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ կայաններ։ Հայաստանյան Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը՝ 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
Առաջիկա 6 տարիների ընթացքում, ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագրի, որը կքննարկվի և կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հետ։ Վերջինս հաստատել է նաև այն սակագնային պլանը, որի համաձայն ընկերությունը կապահովի մոտակա 25 տարիների ընթացքում Որոտան համալիրի անխափան և շարունակական շահագործումը:
Աճուրդի է հանվել Ժաքլին Քենեդիին պատկանող Christian Dior ապրանքանիշի վզնոցը
Ժաքլին Քենեդիի անձնական հավաքածուին պատկանող վզնոցը աճուրդի է հանվել նախնական 5,000 դոլարով:
Christian Dior ապրանքանիշի վզնոցը, որը կազմված է մարջանե գնդիկներով վեց ոսկեզօծ շղթաներից, միանգամայն այլ տեսք էր տալիս նախկին առաջին տիկնոջը, որը հայտնի էր մարգարտյա վզնոցների նկատմամբ իր հակվածությամբ:
Վզնոցը պատրաստվել է Գերմանիայում 1973թ-ին և աճուրդում կցուցադրվի մինչև հինգշաբթի օրը:
Վզնոցը աճուրդի տունը ձեռք է բերել 1996թ-ին Ջաքլին Քենեդիին պատկանող Լոս Անջելեսում գտնվող սեփականության վաճառքից հետո:
Այս աճուրդի ընթացքում կվաճառվեն
նաև նրա հավաքածուին պատկանող այլ զարդեր ևս՝ ներառյալ Քենեթ Ջեյ Լեյնի դիզայնով պատրաստված տերևի ձև ունեցող ոսկե ականջօղերը:
Թուրքիան վճար է սահմանել վրացի բեռնափոխադրողների համար
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», այսուհետ վրացի բեռնափոխադրողների համար անցումը Թուրքիայով կդառնա վճարովի: Այս նորամուծությունը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից: «Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարության որոշմամբ մեկ այլ` երրորդ երկիր բեռնափոխադրում իրականացնող վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների համար սահմանվել է 113 դոլարի չափով վճար»,-ասված է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ներկայացվել են հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում քաղաքապետարանի կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացրած աշխատանքներն ու խոսել 2014 թվականին նախատեսված ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ դրանք մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում:
Հանրակրթության ոլորտում կատարված աշխատանքների մասով ուսումնադաստիարակչական ուղղվածության ծրագրերը ներկայացնելուց զատ նշվել է, որ տարվա ընթացքում մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նաև դպրոցներում դրամահավաքության դեպքերի բացառումը, որի ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր:
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ավելացել է ներառական կրթություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև համակարգում ընդգրկված սովորողների թիվը:
Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ տարեցտարի աճում է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Համեմատության համար նշվել է, որ, եթե 2012-ին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կազմել էր 29.800 երեխա, ապա 2013-ին՝ 30.864 երեխա: Քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ 2014 թվականին մանկապարտեզները շարունակելու են գործել անվճար սկզբունքով:
«Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեով համապատասխան միջոցներ են նախատեսված մանկապարտեզ հաճախող երեխաների համար անվճար սկզբունքը պահպանելու նպատակով: 2013 թվականին կատարվել են մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ: Կազմակերպվել է նաև գույքի թարմացում: Ծրագիրն ընդգրկել է ինչպես հանգստի սենյակներն ու ննջասենյակները, այնպես էլ խոհանոցները: Մանկապարտեզների գույքի թարմացման ծրագիրն իր շարունակությունն է ունենալու նաև այս տարի»,-նշել է Արամ Սուքիասյանը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հատուկ ուշադրություն պետք է դարձվի մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի վերահսկողությանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ 2013-ին այս և դրամահավաքության մասով 5 մանկապարտեզների տնօրեններ ենթարկվել են կարգապահական համապատասխան տույժերի, նաև՝ ազատվել աշխատանքից:
Անդրադառնալով մշակութային օջախների վերանորոգմանն ու ջեռուցմանը` Արամ Սուքիասյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ 2013–ին ամբողջությամբ լուծվել է վերը նշված օջախների ջեռուցման խնդիրը:
«Երևան քաղաքում գործող մշակութային օջախները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն այսօր արդեն չունեն ջեռուցման խնդիր: Մշակութային օջախներում կատարվող աշխատանքները տալիս են իրենց արդյունքները, ինչի մասին է խոսում նաև երեխաների թվի ավելացումը: Տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը հատկապես ազգային նվագարանների և նկարչության նկատմամբ»,-ընդգծել է քաղաքապետի տեղակալը:
2013-ին տեղի ունեցած առավել ընդգրկուն մշակութային ծրագրերի հետ կապված՝ Արամ Սուքիասյանն առանձնացրել է «Էրեբունի-Երևան 2795» միջոցառումները, որի շրջանակում մայրաքաղաքի 26 բեմահարթակներում ներկայացվեցին բազմաժանր մշակութային ծրագրեր: Առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն այս տարվա տոնակատարության կազմակերպման ուղղությամբ:
Մշակութային ծրագրերից առանձնացվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ամփոփիչ ծրագիրը: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում շուրջ 25.000 կտոր գրականությամբ թարմացվեցին գրադարանային ֆոնդերը: Զգալի աշխատանք է տարվել նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Ա. Իսահակյանի անվան գրադարանն իր որոշ մասնաճյուղերով համալրվել է նաև տեսա- և ձայնասկավառակների առանձին ֆոնդով: Տարին ամփոփվել է ամանորյա և սուրբծննդյան տոնական միջոցառումներով:
Արդեն ավանդական դարձած միջոցառումների շարքում աչքի է ընկել ջազի միջազգային օրը: Նշվել է, որ այս տարի ապրիլի 30-ին կներկայացվի մշակութային առավել հագեցած ծրագիր՝ նաև արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև՝ նվիրված Վերջին զանգին և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ այս տարի կկազմակերպվի նաև 2013-ին առաջին անգամ ացկացված և երևանցիների շրջանում լայն արձագանք գտած «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում իրենց ամառային հանգիստը մայրաքաղաքում անցկացնող երեխաները կրկին հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու մի շարք միջոցառումների, այդ թվում՝ անվճար հիմունքներով քաղաքապետարանի ենթակայության որոշ թանգարաններն ու կենդանաբանական այգի այցելելու:
Քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 300 մլն դրամ է հատկացված կենդանաբանական այգու բարեկարգմանն ու կառուցապատմանը:
Այս տարի կմեկնարկի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում վերականգնողական աշխատանքների եռամյա ծրագիրը:
Տարվա ընթացքում աշակերտների համար կկազմակերպվեն նաև անվճար այցելություններ թատրոններ ու թանգարաններ: Նախորդ տարի այս ծրագրից օգտվել է ավելի քան 70 հազար աշակերտ:
Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ գործընկեր կառույցների, տեղական և արտասահմանյան զբոսաշրջային ընկերությունների հետ հանդիպումները, կլոր սեղաններն ու սեմինարները մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը: Ընթացքի մեջ է նաև Երևանի բրենդավորման գործընթացը:
Մայրաքաղաքի մարզական առօրյային առնդրադառնալով՝ նշվել է, որ 2013 թվականի ընթացքում կազմակերպվել է 4 լայնամասշտաբ մարզական միջոցառում: Աշխատանքներ են տարվել նաև հեծանվուղիների ընդլայնման ուղղությամբ: Այս տարի քայլեր կձեռնարկվեն Երևանը հեծանվային երթևեկության համար ավելի հարմար դարձնելու ուղղությամբ:
Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում կրոնական ծայրահեղականության դեմ պայքարելու համար
Ադրբեջանի պետական հանձնաժողովի կրոնական կառույցների հարցերով վարչությունը Կրոնական հետազոտական կենտրոնի հետ համատեղ կրոնական գործիչների և աստվածաբանների համար կազմակերպում են դասընթացներ: Սրանց նպատակն է սահմանափակել ծայրահեղ կրոնական խմբավորումների քարոզչությունը, միջոցառումներ ձեռնարկել դրանց դեմ պայքարի ուղղությամբ և ուժեղացնել կրոնական լուսավորչական աշխատանքները երկրում: Նման դասընթացներ արդեն անց են կացվել Բաքվում, Զաքաթալայում, Շիրվանում և Ագդաշի շրջանում:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ադրբեջանի պետական հանձնաժողովի փոխնախագահ Գյունդուզ Իսմայիլովը իր ելույթում խոսել է այն քայլերի մասին, որոնք պետք է կանխեն այս ոլորտում բացասական երևույթները: «Մեր նպատակին հասնելու համար կարևոր գործոններից է մի շարք հեղինակավոր աստվածաբանների և կրոնական գործիչների կազմակերպվածության բարձր մակարդակը, որոնք պետք է առողջ պայքար մղեն ծայրահեղական կրոնական խմբավորումների դեմ»,-նշել է Իսմայիլովը:
Թուրքիայում ավտոբուսներում պարտադիր կդառնա ամրագոտիների կիրառումը
Թուրքիայում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կրճատելու նպատակով պարտադիր է դարձել ավտոբուսներում ամրագոտիների օգտագործումը: Այս մասին հայտնում է «Հաբերթյուրքը»: Բացի այս օրենքից, նախատեսվում է նվազեցնել միջքաղաքային ավտոբուսների թույլատրելի արագության չափը, որի վերահսկման համար հատուկ սարքեր են կիրառվելու:
Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ տարեկան Թուրքիայում մոտ 8 հազար մարդ նման վթարների զոհ է դառնում, որոնց մեծ մասի տարիքը 15-29 է: Մահվան ելքով վթարների 34 տոկոսի պատճառն արագության գերազանցումն է: Վերջին 30 տարում երկրում միջինում 385 հազար մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով:
ԼՂՀ կառավարությունը հաստատել է 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը
Հունվարի 28-ին տեղի ունեցավ տեղի ունեցավ Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրի ղեկավարն իր բացման խոսքում շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի օրվա առթիվ՝ կարևորելով մեր զինված ուժերի բացառիկ նշանակությունը խաղաղության ու անվտանգության պահպանման գործում: Այս մասին Անկախը տեղեկանում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կառավարության որոշմամբ հաստատվեց ԼՂՀ 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը: Դրանով նախատեսվում է 11,2 մլրդ դրամ կապիտալ շինարարություն կատարել տարբեր ոլորտներում՝ ներառյալ բնակարանային շինարարությունը, կրթությունը, մշակույթն ու սպորտը, առողջապահությունը, հասարակական և վարչական նշանակության օբյեկտները և այլն: Վարչապետի խոսքով՝ 2014 թ.-ին Արցախում կատարվող շինարարության ծավալը չի սահմանափակվելու միայն պետական բյուջեով նախատեսված գումարով, քանի որ իրագործվելու են նաև բարեգործական ծրագրեր թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, թե՛ այլ ծրագրերի շրջանակներում՝ հասնելով ընդհանուր առմամբ շուրջ 20 մլրդ դրամի շինարարության:
Գործադիրը հաստատեց կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված են 171 միջոցառում: Դրանց հիմնական մասը բաժին են ընկնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ բաշխվածության առումով՝ հիմնական ծանրաբեռնվածությունն առաջին եռամսյակի վրա է: Դրանում հիմնականում պահպանվել են կառավարության ծրագրով ամրագրված գերակայությունները, որոնք ներկայացվել են պատասխանատու մարմինների կողմից և ամփոփվել առաջարկվող նախագծում։ Վարչապետը հանձնարարեց հետևողական լինել նախատեսվող միջոցառումների ամբողջական և առանց հետաձգումների իրագործման հարցում:
Կառավարության որոշմամբ սահմանվեց մինչև «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգը: Ըստ դրա՝ 2014 թ.-ին վարձու աշխատողներին յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձը, որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը, չպետք է պակաս լինի 2013 թ.-ին հաշվարկվող աշխատավարձից:
Մեկ այլ որոշմամբ ԼՂՀ բնակավայրերում պետական բյուջեի միջոցներով և բարեգործական հիմունքներով տարբեր ժամանակահատվածներում կառուցված շուրջ 4.5 միլիարդ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, ԼՂՀ սեփականություն հանդիսացող բարձր, միջին և ցածր ճնշման գազատարերն ու սարքավորումները անհատույց, սեփականության իրավունքով հանձնվեցին «Արցախգազ» ՓԲԸ-ին:
Նիստում հաստատվեցին նաև օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունների, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության համաձայնության ձևերը: Որոշումներ ընդունվեցին նաև մի շարք հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
Կառավարությունը հավանություն տվեց «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքի վարչական տարածքում ձևավորել նոր գյուղ՝ Արաքսավան անվամբ: Փաստացի ձևավորված բնակավայրում ապրում են 8 ընտանիքներ՝ 29 բնակչի ընդգրկմամբ: Կառավարության հանձնարարությամբ ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից աշխատանքներ են իրականացվել բնակավայրի նախնական սահմանները ճշգրտելու ուղղությամբ, որը նույնպես օրենսդրական համապատասխան նախագծի տեսքով կներկայացվի քննարկման։
Նիստում հավանություն տրվեց նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, լիցենզավորման, ինչպես նաև պետական տուրքի մասին ԼՂՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերին: Դրանցով նախատեսվում է կարգավորել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանոնները: Օրինագծերի ընդունման արդյունքում օրենքները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:
Վերջում գործադիրի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ընդունված որոշումների արդյունավետ իրականացման նպատակով:
Եվրատեսիլ-2014-ում Նորվեգիան ներկայացնելու է Բրեյվիկի ահաբեկչությունից փրկվածը
Այս տարի Եվրատեսիլում Նորվեգիան մտադիր է ներկայացնել երիտասարդ, անսովոր ճակատագրով 21-ամյա Մուհամեդ Աբդի Ֆարահը, որը Նորվեգիայում է բնակվում 15 տարեկանից, չնայած ծնվել է Սոմալիում: Նա 2011-ին Ուտոյա կղզում Բրեյվիկի կազմակերպած սպանդից փրկվաներից է: Ուտոյայի ողբերգության ժամանակ 69 մարդու կյանքի թել կտրվեց, մի քանի տարով է աֆրիկյան արմատներով պատանի նորվեգացու կարիերան կանգ առավ: Սպանդի ժամանակ նա հասցրել էր ջուրը մտնել ու լողալով փրկվել, սակայն չփրկվեց նրա լավագույն ընկերը:
Երգիչը խոստովանում է, որ վերջին տարիներն իր կյանքում ամենածանրն են: Նա շատ ծանր է տարել ընկերոջ մահն ու ինքն իր մաշկի վրա է զգացել ինչ ասել է”հետտրավմատիկ սթրեսային խանգարում” ախտորոշումը:
“Ես չեմ կամենում, որ այդ օրերը կրկնվեն”, խոստովանել է պատանին, նորվեգական “Վերդենս գանգ” հրատարակչությանը տված հարցազրույցում: “Իմ ընկերներն ու բարեկամներն ինձ օգնել են ու աջակցել ամեն ինչում, հիմա ես ցանկանում եմ նրանց հպարտանալու առիթ տալ”:
Նորվեգիայում հայտնի երգչուհի ու կոմպոզիտոր Լայլա Սամուելսենի հետ Ֆարահը գրել է “Heal” երգը, որով հույս ունի` հաղթել Եվրատեսիլի նախընտրական փուլում, ապա թագավորությունը ներկայացնել մրցույթի եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 6-10-ը` Կոպենհագենում:
Ֆինանսների նախարարն ամփոփել է 2013 թվականի գործունեության արդյունքները
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ամփոփեց 2013 թվականի գործունեության արդյունքները և ներկայացրեց 2014 թվականի գերակայությունները:
2013 թ.-ին պետական պարտքի կառավարման ոլորտում և բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նոր գործիք է ներդրվել. առաջին անգամ թողարկվել են արտարժույթով պետական պարտատոմսեր (եվրապարտատոմսեր)՝ 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 6.25% եկամտաբերությամբ, 7 տարի ժամկետով։ Սա առաջին քայլն է միջազգային կապիտալի շուկայում։ Ընդ որում, ֆինանսների նախարարության մասնագետների աշխատանքը բարձր գնահատականի արժանացավ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: (Հավելված 1)
Բացի դրանից, նախարարությանը հաջողվեց նախորդ տարեվերջին նաև էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոսմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները: Միջազգային փորձը վկայում է, որ արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ: Եվրապարտատոմսերի թողարկումից հետո, ձեռնարկած մի շարք միջոցառումների արդյունքում, արձանագրվել է պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազում՝ միջինում 4.5 տոկոսային կետով: Ֆինանսների նախարարությունը շարունակելու է քայլեր իրականացնել արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը պահպանելու ուղղությամբ: (Հավելված 2)
2013թ. ընդլայնվեց գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի կիրառությունը։ Ներկայումս պետական կառավարման բոլոր մարմիններն իրենց հաշիվները գանձնապետարանում կառավարում են էլեկտրոնային եղանակով՝ առանց գանձապետարան այցելելու: 2014 թ. էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Client-Treasury-ում, կընդգրկվեն նաև մարզային և համայնքային բոլոր հիմնարկները։ Նախորդ տարի է նաև ներդրվել էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ստուգման և ամփոփման համակարգչային նոր ծրագիր:
Նշենք, որ գանձապետարանում սպասարկվում են 4877 հաճախորդների (պետական մարմիններ, պետական հիմնարկներ, համայնքներ, ՊՈԱԿ-ներ) 30212 հաշիվներ: Գանձապետարանում հաշվառված են 51158 պայմանագրեր: Գանձապետարանը նաև ապահովել է բյուջեի ծախսային ծրագրերի կատարողականի օրական հրապարակումը ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում՝ ինտերակտիվ բյուջեի միջոցով:
2013թ.-ին պետական վճարումների էլեկտրոնային համակարգում ներառվել են ինչպես պետական տուրքի, տուգանքների, գույքահարկի վճարումների, այնպես էլ պետական բյուջեի հարկային պարտավորությունների վճարումները՝ դրանց իրականացումը հարկատուների համար առավել դյուրին և հարմարվետ դարձնելու նպատակով: Այսուհետ բոլոր հարկերը կարելի է վճարել էլեկտրոնային եղանակով՝ e-payments կայքի միջոցով առանց բանկ այցելելու։
Գնումների ոլորտը նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ կանոնակարգվել է: Առաջին անգամ մշակվել և հրապարակվել են «Գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերը», ինչը բավական հեշտացնում է պետական պատվիրատուների գործողությունները գնման ընթացակարգերի կազմակերպման հարցում և փոքրացնում տեխնիկական սխալներ գործելու հավանականությունը: 2013թ.-ից սկսած՝ խոշոր կազմակերպություններին պետական գնումներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվում միայն իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորի կողմից տրամադրված դրական եզրակացության պարագայում: Այսպես, 940 խոշոր ընկերությունից միայն 511-ն էին իրենց ֆինանսական հաշվետվություններում ամբողջությամբ բացահայտել անհրաժեշտ տեղեկատվությունը և իրավունք ստացել մասնակցելու պետական գնումներին:
Ոլորտում կարևոր քայլ էր ավտոմատացված Գնումների Միասնական Անվանացանկի (CPV) ներդրումը, կամ այլ կերպ ասած` գնումների անվանացանկի կոդավորման մեխանիզմը: Նախկինում պետության կողմից կատարվող գնումների գործընթացում բավական բարդ և գրեթե անիրական աշխատանք էր ըստ գնման առարկաների հաշվառումն ու վիճակագրություն վարելը, քանի որ միևնույն գնման առարկան տարբեր պատվիրատուներ կարող էին բնութագրել կամ անվանել տարբեր կերպ: Նոր ներդրված համակարգով այս խնդիրն ամբողջությամբ լուծվում է, քանի որ այն միասնական է բոլոր պատվիրատուների համար: Բացի դրանից, նախկինում գնման առարկաների կոդավորումն իրակացվում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման ու չափագիտության կենտրոնի միջոցով և խլում 1.5-2 ամիս: Մինչդեռ նոր համակարգի ներդրմամբ պատվիրատուն անվանացանկն այլևս ստանդարտացման ու չափագիտության կենտրոն չի ներկայացնում՝ խնայելով նշված ժամանակը:
Գործարկվել է նաև էլեկտրոնային գնումների համակարգը. տարեսկզբից բաց ընթացակարգերով և շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով: Պատրաստվել են էլեկտրոնային գնումների ուղեցույց, ձեռնարկ պատվիրատուների համար, հայտարությունների ու հրավերների օրինակել ձևեր:
Առաջին անգամ կազմվել ու ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակվել է 2012թ-ի գնումների տարեկան հաշվետվությունը: Ընդ որում, կայքում հրապարակվել են նաև գնումների վերաբերյալ աճողական՝ եռամսյակային, կիսամյակային ու իննամսյա հաշվետվությունները, գնումների որակավորված մասնագետների ցանկերը (նրանց թիվը կազմում է 737 նախորդ տարվա 504-ի համեմատ), պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կարգով կատարած կամ չկատարած կազմակերպությունների ցանկը (սև ցուցակ): Սև ցուցակում ընդգրկված կազմակերպություններն իրավունք չունեն մասնակցել ՀՀ պետական մարմինների ու այլ պատվիրատուների կողմից կազմակերպված գնման գործընթացներին: 2013թ.-ից պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գնումների բոլոր պայմանագրերը արդեն համացանցում հասանելի են, ցանկացած հետաքրքրված անձ կարող է դրանք տեսնել: Արդյունքում բարձրացել է գնումների գործընթացի թափանցիկությունը:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են հիմնական սպառման շուրջ 350 անուն ապրանքների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները. ըստ այդմ, արգելվում է ՀՀ պետական կառավարման մարմիններին ձեռք բերել նշված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող կամ առավելագույն գները գերազանցող ապրանքներ: Նախկինում պետական մարմինները միևնույն գնման առարկան՝ օրինակ թուղթը, կարող էին պլանավորել ցանկացած տեսակի և որակի, ուստի նաև ցանկացած գնով, ինչը տվյալ համակարգի ներդրմամբ բացառվեց: Ընտրանքային կարգով ուսումնասիրության են ենթարկվում պետական մարմինների գնումների հայտարարությունները և տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև արդեն իսկ կնքված պայմանագրերը, որոնք պետական մարմինները ներկայացնում են գանձապետարան գրանցման:
Բարելավվել է պետական գնումների բողոքարկման գործընթացը: Մասնավորապես, նախկինում հանդիպում էին դեպքեր, երբ բողոքող կողմը հրաժարվում էր իր բողոքից, ինչի արդյունքում բողոքարկման հանձնաժողովը նման գործերը թողնում էր առանց քննության: Ներկայումս, անկախ այն հանգամանքից՝ բողոքող կողմը հրաժարվում է իր բողոքից թե ոչ, բողոքարկման հանձնաժողովը պարտավոր է իրականացնել տվյալ գործի ուսումնասիրություն և հրապարակել եզրակացություն: 2013թ. ընթացքում ստացվել է 49 բողոք, որից 19-ի մասով բողոքը բավարարվել է հօգուտ մասնակցի, 20 բողոք մերժվել է, իսկ 10-ը՝ թողնվել է առանց քննության՝ մասնակցի կողմից բողոքը հետ վերցնելով պայմանավորված (ներկայումս արդեն բողոքարկման հանձնաժողովը եզրակացություն կհրապարակի նաև նման դեպքերում): 2012 թ. ստացված բողոքների թիվը 38-ն է, որից 17-ը բավարարվել է, 11-ը մերժվել և 10-ը չի քննվել:
2013թ. պետական հատվածում սկիզբ դրվեց ներքին աուդիտի նոր համակարգի գործունեությունը: Ստեղծվել են շուրջ 100 ներքին աուդիտի ստորաբաժանումներ, ընդ որում 56 պետական մարմիններից 52-ում, իսկ 48 քաղաքային համայնքներից՝ 45-ում: Ներքին աուդիտի համակարգում ընդգրկվել են 213 աուդիտորներ՝ նախորդ տարվա 188-ի համեմատ, որոնք ուսուցանվել են ու շարունակ մասնակցել են վերապատրաստման ծրագրերի: Աուդիտի գործողության ոլորտն ընդլայնվել է և ընդգրկում է կազմակերպության գործունեության ցանկացած ոլորտ` նախկին ֆինանսական ոլորտի փոխարեն: Կանոնակարգվել են ներքին աուդիտորների արտաքին գնահատաման գործառույթները: Այսուհետ, արտաքին աուդիտորները ենթարկվելու են արտաքին գնահատման ֆինանսների նախարարության կողմից:
Հաշվապահական հաշվառման ոլորտում նախորդ տարի իրականացվել է միջազգային ստանդարտներում 2009-2013թթ. ընթացքում կատարված փոփոխությունների թարգմանությունը և հրապարակվել, ինչի արդյունքում ներկայումս ՀՀ-ում կիրառվող ստան¬դարտ¬ները համապատասխանում են 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող հաշվապահական միջազգային ստան¬դարտներին:
Մշակվել է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառումն ապահովելու նպատակով և «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին համապատասխան հաշվառում վարելու նպատակով: 2013թ.-ից հաշվապահների և աուդիտորների որակավորման քննությունների անցկացումն իրականացվում է համակարգիչների միջոցով: Իսկ աուդիտորների որակավորման քննությունների անցկացումը պատվիրակվել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիային՝ մասնագիտացված կառույցի դերի բարձրացումն ու լիազոր մարմնի հետ արդյունավետ համագործակցության ապահովելու համար:
Նախորդ տարվա ընթացքում դադարեցվել են 5 աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիաների գործողություններ, որոնցից 2-ը՝ աուդիտի ստանդարտների պահանջները չպահպանելու և դրա արդյունքում ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն տրամադրելու հիմքով, իսկ 3-ը՝ իրենց դիմումի համաձայն: Աուդիտի ստանդարտների պահանջները չպահպանելու և դրա արդյունքում ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն տրամադրելու հիմքով դադարեցվել է 7 որակավորված աուդիտորի վկայականի գործողություն:
2013 թ. արդյունավետ է գործել Հարկային և մաքսային հարցերով գանգատարկման միջգերատեսչական խորհուրդը, որը 22 նիստերի ընթացքում քննարկել է ՀՀ ԿԱ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովներում քննարկված, սակայն մերժված կամ մասնակի բավարարված 82 դիմում-գանգատ: Դրանցից 14-ը ամբողջոթյամբ և 5-ը մասնակիորեն խորհուրդը համարել է հիմնավոր, 1-ը կասեցվել է, 5-ը թեև համարվել է ոչ հիմնավոր, սակայն հարկային մարմնին առաջարկվել է այդ գանգատներին առնչվող որոշումների նախագծերում փոփոխություններ կատարել, իսկ 57-ը համարվել է ոչ հիմնավոր: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչև խորհրդի ստեղծումն ընկած 10 ամսվա ժամանակահատվածում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովը բավարարել է ներկայացված դիմում-գանգատների ընդամենը 11.3 տոկոսը, իսկ խորհրդի ստեղծումից հետո ընկած նույն ժամանակահատվածում` արդեն 50 տոկոսը:
Ի տարբերություն նախորդ տարիների, ծրագրային հսկողության փոխարեն 2013թ-ին հիմնական շեշտը դրվել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման վրա, որի արդյունքում էապես բարձրացել է ֆինանսների նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը: Մասնավորապես, 2012թ-ի ընթացքում հատուկ հանձնարարականներով իրականացվել են 15 ստուգումներ և ուսումնասիրություններ (ընդհանուր քանակի 21%-ը), իսկ 2013թ. իրականացվել են շուրջ 29 ստուգումներ և ուսումնասիրություններ (ընդհանուր քանակի շուրջ 35%-ը): Արդյունքում Տեսչության կողմից իրականացրած հսկողության ընթացքում արձանագրված գումարներից 2012թ-ին վերականգնված 1.1 մլրդ դրամի դիմաց 2013թ. վերականգնվել է 2.3 մլրդ դրամ: 2013թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 6 գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, 5-ի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ:
Նախարարությունը որդեգրել է երիտասարդ կադրերով աշխատակազմը համալրելու մոտեցում. 2013 թվականին աշխատանքի է ընդունվել 80 աշխատակից, որոնք հիմնականում ԲՈՒՀ-երը գերազանցությամբ ավարտած երիտասարդներ են: Նախարարությունն արդեն մի քանի ամիս է՝ ունի նոր կայք, նախատեսվում է շուտով գործարկել նաև գնումների նորացված կայքը:
Բացի այն, որ հաջորդ տարի շարունակվելու են 2013 թ. սկսած աշխատանքներն ու նշած բարեփոխումները, 2014 թ. ընթացքում մեր հիմնական նպատակներն են լինելու.
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումը Մաքսային միության մաքսային օրենսդրությանը՝ պայմանավորված միությանն անդամակցությամբ:
բ) Որպես գերակա ուղղություն՝ շարունակվելու են պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները: Սա կարևոր քայլ է, քանի որ պետք է պատրաստ լինենք 2016 թվականից մասնակի, իսկ 2018 թվականից` ամբողջությամբ ծրագրային բյուջետավորմանն անցնելուն: Այս համատեքստում կմշակվեն բյուջետային ծրագրի նկարագրի (անձնագրի) կազմման նորացված մեթոդական ցուցումները և դրա կիրառման հետ կապված խորհրդատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչություններին: Արդյունքում ակնկալվում է ունենալ փորձարարական 10 գերատեսչությունների կողմից 2015-2017 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հետ մեկտեղ ստեղծված 37 բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագիր), ինչպես նաև ոչ ֆինանսական ցուցանիշների համակարգի վերանայված և լրամշակված տարբերակ:
գ) 2014 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը կհրապարակի ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում իրականացված գնահատման վերջնական հաշվետվության արդյունքները, որոնց հիմք կդառնան պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների թիրախների վերանայման և ճշգրտման համար:
Հայաստանի Հանրապետության հանրային ծախսերի և ֆինանսական ծախսերի հաշվետվողականության (ՀԾՖՀ) գնահատման աշխատանքներն իրականացվել են 2013 թվականի մայիսից նախարարության համակարգմամբ և դոնոր համայնքի աջակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունում, Պետական եկամուտների կոմիտեում, Ազգային ժողովում և Վերահսկիչ պալատում՝ ՀԾՖՀ քարտուղարության որակի երաշխավորման գործընթացին պահանջներին համապատասխան: Այս աշխատանքները նպատակ ունեն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքը, համակարգի շարունակական և անաչառ գնահատումը, բացահայտել համակարգում առկա բացերը և այդ ուղղությամբ ձեռնարկել միջոցառումներ:
Նման գնահատում իրականացվել է նաև 2008 թվականին:
դ) Այս տարվա առաջնահերթություններից է լինելու նաև Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակումը:
Կառավարության 2014 թվականի ծրագիրն ապահովելու նպատակով նախարարությունն այս տարի կիրականացնի մի քանի միջոցառումներ:
1) Մասնավորապես, կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով, կվերանայվեն ոչ մետաղական օգտակար հանածոների բնօգտագործման վճարների դրույքաչափերը: Վճարների այս տեսակները փոխվել են վերջին անգամ 2011թվականին, մինչդեռ պինդ օգտակար հանածոների շուկայական գները այդ ժամակահատվածում բավականին բարձրացել են:
2) Նախատեսվում է տարեվերջին արդեն ունենալ «Բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցը՝ ամրագրելով առանձին գերատեսչությունների կողմից փորձարարական կարգով կազմվող բյուջետային ծրագրերի նկարագրերի համար իրավական հիմքը: Սկսած 2010 թվականից՝ ֆինանսների նախարարության հետ համատեղ առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով կազմել են 27 բյուջետային ծրագրերի նկարագրեր, մինչև 2016 թվականը նշված համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է ստեղծել ևս 43 բյուջետային ծրագրերի նկարագիր:
3) Նախարարությունը նախատեսում է առաջիկայում ներդնել և գործող համակարգերին ինտեգրել պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակը կրճատելու և առավել որակյալ հաշվետվություններ ստանալու նպատակով:
4) «Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգով ներքին աուդիտի իրականացման կարգը հաստատելու մասինե որոշման ընդունմամբ, որը նույնպես ծրագրվում է ընթացիկ տարում, հնարավոր կլինի գործարկել ներքին աուդիտի տեղեկատվական միասնական համակարգը: Թեև ներքին աուդիտի համակարգը ներդրվել է, սակայն դեռ պետական կառավարման մարմիններում ու քաղաքային համայնքներում համակարգի աշխատանքը ավտոմատացված չէ, ինչը որոշակի դժվարություններ է առաջացնում ներքին աուդիտորների և լիազոր մարմնի կողմից ներքին աուդիտի մոնիթորինգի ու համակարգման աշխատանքներն իրականացնելու համար:
5) Տեղեկատվական միասնական էլեկտրոնային բազա է նախատեսվում ստեղծել նաև պետական ոչ առևտրային ընկերությունների համար: Սա կարևոր է այն առումով, որ բյուջետային պլանավորման գործընթացում ՀՀ ֆինանսների նախարարությունը օգտվում է ՊՈԱԿ-ների լիազորված մարմինների կողմից ներկայացվող ոչ ֆինանսական ցուցանիշներից (օրինակ` ուսուցիչների կամ աշակերտների փաստացի քանակը): Երբեմն ֆինանսների նախարարության ու ՊՈԱԿ-ների լիազորված մարմիններում ոչ ֆինանսական բնույթի ցուցանիշները չեն համապատասխանում՝ պայմանավորված այդ ցուցանիշներում կատարված փոփոխություններով, ներկայացման ժամկետով և այլն: Միասնական համակարգը կշտկի այդ անհամապատասխանությունն ու նաև կնպաստի պետական բյուջեի ճշգրիտ պլանավորմանը, ՊՈԱԿ-ների ցուցանիշների վերլուծություն և մոնիթորինգ կատարելուն:
Ապագա մայրիկներին վիտամիններ չի կարելի կիրառել
35 հազար կանանց մասնակցությամբ կատարված հետազոտությունն օգնեց բժիշկներին մուլտիվիտամինների կիրառման ու վիժման փոխկապվածության ապացույցներ գտնել:
«International Journal of Epidemiology» ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ կանայք, ովքեր մուլտիվիտամիններ են կիրառել` փորձելով հղիանալ, նրանց մոտ հղիության ընթացքի բնական ընդհատման ռիսկը մեծ է` մոտ 32% (եթե կիրառվել են բեղմնավորումից 5-6 շաբաթ առաջ): Նյութըպատրաստել են Հարավային Դանիայի ու Պիտսբուրգի համալսարանի մասնագետները:
Ընդ որում, մայրանալ պատրաստվող շատ կանանց են բժիշկները խորհուրդ տալիս կիրառել վիտամինային համալիրներ, ներառյալ` C, D և B9 վիտամիններ` բեղմնավորման հավանականությունը մեծացնելու նպատակով:
Իսկ բժշկությունն առայժմ զգուշացնում է, որ ապագա մայրիկներին չի կարելի օգտագործել վիտամին А:
Դոլարի գինը բորսայում` 409,75 դրամ
«Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, աշխարհում ընդունված ձև է». Վազգեն Մանուկյանը «Գրիբոյեդով» ակումբի մասին
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց «Գրիբոյեդով» ակումբի, դրա մասնակիցների, քննարկման ձևաչափի, ինչպես նաև այդ քննարկումներին իր մասնակցության վերաբերյալ՝ անդրադառնալով ակումբի մասին մամուլում շրջանառվող հակասական լուրերին, թե իբր այն գործում է «կիսագաղտնի» և դրա անդամ է նաև Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ իրեն հրավիրել են մասնակցելու ակումբի քննարկումներին անցյալ տարի, և տարվա ընթացքում մասնակցել է մի քանի հանդիպումների:
«Բանավիճային ակումբ է, ոչ ֆորմալ, ազատ ձևաչափով՝ ճաշի սեղանի շուրջ: Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, պարզապես այդ հանդիպումները լրատվամիջոցներով չլուսաբանելու ներքին պայմանավորվածություն կա, որպեսզի մարդիկ ավելի ազատ արտահայտեն իրենց տեսակետները, լինեն ավելի անկաշկանդ, բաց բանավեճ ծավալեն»,- ասաց նա՝ նշելով, սակայն, որ տեղյակ չէ, թե երբվանից է ակումբը գործում:
Մանուկյանն ասում է, որ մասնակիցների մեջ հիմնականում մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ են, գործարարներ, քաղաքագետներ, սակայն կազմն անընդհատ փոփոխվում է: «Ես, օրինակ, մի քանի հանդիպումների մասնակցել եմ, շատերի ժամանակ էլ զբաղված եմ եղել և հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու: Կան մարդիկ, որոնց միշտ ես տեսնում: Բացի այդ, մասնակիցներն էլ իրենց հերթին կարող են որևէ մեկին հրավիրել: Ունեմ ծանոթներ, որոնք երկու տարի առաջ մասնակցել են, հետո որոշ դադար են տվել, դուրս են մնացել հրավիրյալների ցանկից, բայց եթե ուզենան` կարող են նորից մասնակցել: Այսինքն` ազատ, ճկուն ակումբ է, հատուկ անդամներ չկան»:
Վազգեն Մանուկյանը, օրինակ, մասնակցել է քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հետ հանդիպմանը, որի հետ քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր, այդ ընթացքում սուր բանավեճեր են ծավալվել իր ու Կուրղինյանի միջև: Մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ հանդիպմանը, որը բավականին հետաքրքիր է անցել: Ըստ Մանուկյանի` երիտասարդ նախարարը բավական լավ տպավորություն է թողել որպես ոչ սովորական չինովնիկ, որպես իսկական մշակույթի մարդ, մտածող մարդ:
Սովորաբար, քննարկումները վարում է ակումբի հիմնադիր, հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը, սակայն նա քննարկումներից մեկին մասնակցել է նաև գլխավոր հրավիրյալի կարգավիճակով, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ղեկավար։ Մանուկյանն այդ հանդիպմանը նույնպես մասնակցել է:
ՀԽ նախագահը բավականին հետաքրքիր ու կարևոր է համարում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ հանդիպումը: Նշենք, որ այդ ինստիտուտը մեծ հեղինակություն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում: Այն տասնյակ տարիներ քաղաքագետներ ու դիվանագետներ է պատրաստել Խորհրդային միության երկրների համար, այժմ էլ Ռուսաստանի համար է պատրաստում: Ի դեպ, Փենսիլվանիայի համալսարանի կողմից այդ հաստատությունը համարվել է 2013 թվականի աշխարհի տասը լավագույն համալսարանական գիտավերլուծական կենտրոններից մեկը:
Այդ հանդիպումներն ու քննարկումները Վազգեն Մանուկյանը կարևոր և օգտակար է համարում, մանավանդ որ շատ հարցեր քննարկվում են այնպիսի մարդկանց հետ, որոնք Ռուսաստանում բարձր դիրք են գրավում և մեծ հեղինակություն են վայելում ՝ թե՛ իշխանությունների և թե՛ հանրության կողմից:
Նա նշում է, որ որոշ հանդիպումների ժամանակ քննարկումներ են ծավալվել նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի շուրջ: «Բավականին թեժ բանավեճեր են ընթացել: Մեր կողմից բարձրացվել է այն հարցը, որ դա չի տեղավորվում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մեջ: Իհարկե, այդ խոսակցությունները մնում էին որպես խոսակցություն, բայց ռուսական կողմը գոնե հասկանում էր, թե դա ինչ մեծ դժգոհություն է առաջացրել մեր հասարակության մեջ»:
Ո՞րն է այդ ակումբների, մասնավորապես` ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծված «Գրիբոյեդով» ակումբի գլխավոր նպատակը: Այս հարցին Մանուկյանը պատասխանում է. «Դրանով ռուսները փորձում են շփվել Հայաստանի՝ ինչ-որ իմաստով մտավորական շերտի հետ, իրենց մտքերը քարոզել, իմանալ դիմացինի կարծիքը»:
Մանուկյանը կարծում է` լավ կլիներ, եթե նման ակումբներ լինեին ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ՝ հիշեցնելով, որ նման ակումբներ կան աշխարհի շատ երկրներում: «Այդ հարցերում շատ ակտիվ է հատկապես Ֆրանսիան, որն ակումբներ է ստեղծում աշխարհի տարբեր երկրներում, փորձում մերձեցնել մարդկանց Ֆրանսիայի դիրքորոշմանը, իմանալ դիմացինի դիրքորոշումը»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկրի հետ նման ակումբ ստեղծելն ավելի հեշտ է, քանի որ լեզվական խոչընդոտ չկա: «Երիտասարդները, իհարկե, բավական լավ են անգլերենին տիրապետում, բայց ավագ սերնդի ներկայացուցիչներից քչերն են այդ լեզվով ազատ շփվում: Ռուսաստանի հետ այդ խնդիրը չկա, և ավելի հեշտ է քննարկումներ ծավալել»:
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ մեր հասարակության զարգացման հետ մեկտեղ այդպիսի ակումբների թիվն էապես աճելու է. «Ժամանակակից աշխարհում ժողովուրդներն իրար հետ շփվում են ոչ միայն կառավարական մակարդակով, այլև հասարակության տարբեր շերտերի հետ զուգահեռ՝ մշակութային, տնտեսական, գիտական, գաղափարական և այլն: Հենց դրանով է պայմանավորված ժամանակակից աշխարհի միահյուսվածությունը»,- ամփոփեց նա:
Նոր խթան հայ-իտալական համագործակցության զարգացման համար
Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջովաննի Ռիչուլիին և նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջովաննի Արմենտանիին /նստավայրը` ք. Մոսկվա/:
Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին և ռազմական կցորդին նշանակումների կապակցությամբ` հույս հայտնելով, որ հայ-իտալական ռազմական համագործակցությունը կշարունակի մոտ ապագայում նոր ձեռքբերումներ գրանցել: Ակնկալվում է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ, ինչի կապակցությամբ ստացվել է ՄԱԿ-ի համաձայնությունը, իսկ իտալական կողմի հետ առաքելության մանրամասները գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում:
Իտալական կողմը նշեց, որ Իտալիայի զինված ուժերում տեղյակ են հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածության և փորձի մասին և ակնկալում են համատեղ առաքլությունը սկսել մոտ ապագայում: Այս առաքելությունը նոր խթան կհանդիսանա այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը մասամբ երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական ավտոճանապարհի Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը երթևեկելի է , միաժամանակ կատարվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Լիոնել Մեսին` «Բարսելոնայի» պահեստայինների նստարանին
Կատալոնական «Բարսելոնան» հունվարի 30-ին ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումում կմրցի «Լևանտեի» հետ:
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին չի լինի իր թիմի մեկնարկային կազմում: Նա տեղ կզբաղեցնի պահեստայինների նստարանին:
Արգենտինայի հավաքականի ավագին, ամենայն հավանականությամբ, խաղադաշտում կփոխարինի Անդրես Ինյեստան:
Հավելենք, որ Վալենսիայում կայացած առաջին խաղում «Բարսելոնան» առավելության է հասել մրցակցի նկատմամբ 4:1 հաշվով:
Բժիշկները հեռացրել են աշխարհի ամենաբարձրահասակ կնոջ գլխուղեղի ուռուցքը՝ փրկելով նրան անդամալույծ դառնալուց
Գլխուղեղի ուռուցքը հեռացնելուց հետո աշխարհի ամենաբարձրահասակ կինը վերջապես դադարել է աճել:
2,3 մ հասակ ունեցող Սիդիքա Փարվին Հնդկաստանի արևմտյան Բենգալում գտնվող իր գյուղից գրեթե 1600 կմ ճանապարհ է անցել, որպեսզի Դելիի բժիշկները փրկեն իր կյանքը:
Նախքան վիրահատությունը շարունակվող աճի պատճառով 28-ամյա կինը ողնաշարի ջարդվելու և կուրանալու վտանգի մեջ էր:
Սիդիքան տառապում էր գիգանտիզմ հիվանդությամբ, որն առաջացել էր գլխուղեղի ուռուցքի պատճառով:
Նրա մոտ արդեն ողնաշարի ճաքեր էին առաջացել, որոնց պատճառով տարիներ շարունակ նա չէր կարողանում ուղիղ կանգնել: Բժիշկները կարծում են, որ չբուժվելու դեպքում նրա մեջքը կջարդվեր:
Բժիշկները հայտնել են, որ հունվարի 16-ին իրականացրած վիրահատությունը հաջող ընթացք է ունեցել: Սակայն հիվանդանոցից տեղեկացնում են, որ վիրահատությունը նրա բուժման երկար գործընթացի միայն առաջին քայլն է:
Ինչևէ, նրա խնդիրները միայն ֆիզիկական չեն՝ նա նաև հոգեպես բուժման կարիք ունի, քանի որ իր կյանքի մեծ մասը մեկուսացված է ապրել:
Սիդիքան 2014թ-ին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենաբարձրահասակ կին:
Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը
Ս.թ. հունվարի 28-ից-29ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ: Վրաստանի ՊՆ պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները, քննարկվել են նաև բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները:
Վրաստանի ՊՆ պատվիրակության այցի ընթացքում կողմերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը:
Ծրագիրը ներառում է ինչպես կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ, այնպես էլ համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում:


