Հունվարի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:
Daily Archives: January 20, 2014
Իրանը սկսել է ուրանի հարստացման ցենտրիֆուգներն անջատել
Իրանի իշխանությունները հունվարի 20-ին դադարեցրել են ուրանի բարձր մակարդակի հարստացման ցենտրիֆուգների աշխատանքը Նաթանզում: Բացի այդ կդադարեցվի նաև Ֆորդոյի ստորգետնյա հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը:
Դա արվում է իրանական միջուկային խնդրի կարգավորման շրջանակներում, որը ստորագրվել է 2013-ի նոյեմբերին, Ժնևում: Պայմանագրի պայմանների համաձայն, դրա դիմաց Արևմուտքը իրանական ակտիվների արտասահմանում պահվող մի մասը կհալեցնի:
Ինչպես ավելի վաղ էր հայտնվել, Թեհրանը ուրանի բարձր մակարդակով հարստացնելուց կհրաժարվի աստիճանաբար պատժարգելքները վերացնելու ու արտասահմանում սառեցրած ակտիվների հալեցման փոխարեն:
Բանակցությունների գործընթացը դեռևս շարունակվում է, սակայն և Իրանը, և Արևմուտքի երկրներն այն ընդհանուր առմամբ դրական են գնահատում` երկկողմանի հարաբերությունների կարգավորում հուսալով:
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդականի ներկայացուցիչները բարձրացրել են թուրք ազգայնականների շահած դատի հարցը
ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակից Անկախին տեղեկացնում են ,որ
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կազմակերպմամբ Հ.Յ.Դ. Երիտասարդականի երկու ներկայացուցիչ հունվարի 17-ին այցելել են Վիեննայում տեղակայված Սոցիալիստ Երիտասարդների Միջազգային Միության գրասնյակ` (International Union Of Socialist Youth)։
Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչներն էին Կարապետ Շադոյանը` Ավստրիայից և Սերժ Տեր-Հակոբյանը` Գերմանիայից։ ՍԵՄՄ-ից հանդիպման ներկա էր քարտուղարության անդամ և ծրագրերի կառավարիչ Ռոսիո Սերունյան։ Հանդիպմանը քննարկվեցին այս տարվա փետրվարին կայանալիք Համաշխարհային համագումարի և առաջիկա ծրագրերի հետ կապված հարցեր։
Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները տեղեկություններ հաղորդելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշման մասին, որով բավարավել է Հայոց Ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբան Դողու Փերինչեքի հարուցած դատը ընդդեմ Շվեցարիայի, իրենց մտահոգությունն են հայտնել Եվրոպայում տեղի ունեցող նման երևույթներին նկատմամբ, նշելով, որ դա ոչ միայն արդարության ոտնահարում է, այլ կանաչ լույս թուրք ծայրահեղականների համար ծավալելու հակահայկական գործունեություն և պահանջել են, որ ՍԵՄՄ-ն իր հստակ դիրքորոշումն արտահայտի այդ կապակցությամբ։
Իր հերթին Ռոսիո Սերուերան քննադատել է ընդունուած որոշումը և խոստացել է այդ մասին տեղյակ պահել ՍԵՄՄ-ի նախագահությանը։
Մեկ ժամ տևած հանդիպման ավարտին պայմանավորվածություն է կայացել շարունակել հանդիպումները։
2014թ.-ին ևս շուրջ 400 բակ կբարեկարգվի ու կկահավորվի
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են,որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում բակերի բարեկարգման աշխատանքները վերջին մի քանի տարիների ընթացքում հասան աննախադեպ ծավալների: Գործընթացն իրականացվեց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Բնակիչների լիարժեք հանգսիտն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով բակային տարածքներում ցուցաբերվեց համալիր մոտեցում: Ասֆալտապատման, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգերի արդիականացման և կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կահավորման աշխատանքներ: Միայն 2013թ. ընթացքում բարեկարգված ավելի քան 400 բակերում տեղադրվել են 380 մանկական տարբեր խաղեր, շուրջ 700 մարզական գույք, 1700 նստարաններ, 200 զրուցարաններ ու ֆուտբոլի 19 փոքր խաղադաշտեր: Որոշ բակերում տեղադրվել են նաև ցայտաղբյուրներ ու շատրվանային փոքրիկ համալիրներ: 2013թ. ծրագրի շրջանակում շուրջ 240 բակերում էլ ընդհանուր գումարով 11990 քմ մակերեսների նկարազարդման աշխատանքներ են իրականացվել: Հարմարավետ ու բարեկարգ մայրաքաղաք ունենալուն ուղղված քաղաքային իշխանության որդեգրած այս քաղաքականությունը 2014 թվականին էլ նշանակալի զարգացումներ կունենա: Բակերի բարեկարգման այս տարվա ծրագրով արդեն իսկ ամրագրված ու հաստատված ևս 400 բակերի բարեկարգման աշխատանքները գարնանից սկսած գործնական ընթացք կստանան: Գործընթացը բոլոր բակերում այս տարի ևս իրականացվելու է նույն սկզբունքներով, չափորոշիչներով ու մոտեցումներով: 2014-ին բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում շարունակական է լինելու նաև Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը:
Հանցանք կատարածներ և պատասխանատվությունից խույս տվողներ. այսօր, վաղը և միշտ բոլորին սպասում է հատուցման ժամը
Հունվարի 19-ին, ժամը 10.30-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Արտյոմ Լ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:Բաշար Ասադը հաստատել է Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հավանականությունը
Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստվում է մասնակցել Սիրիայում առաջիկա նախագահական ընտրություններին: «Կարծում եմ, որ ոչինչ չի կարող խանգարել ինձ առաջադրել իմ թեկնածությունը և, եթե հասարակական կարծիքը իմ կողմից կլինի, ապա ես ոչ մի վայրկյան չեմ երկմտի: Կարելի է ասել իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին ավելին քան հնարավոր է»,-հայտարարել է Ասադը Սիրիայի հարցով հունվարի 22-ին կայանալիք «Ժնև-2» կոնֆերասնի նախօրեին:
Հայտնի է, որ կոնֆերանսում, որը տեղի է ունենալու Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում, ապա կշարունակվի Ժնևում, քննարկվելիք կարևոր հարցերից է լինելու Սիրիայի անցումային կառավարության ստեղծումը: Կոնֆերանսին մասնակցելու են նաև ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում վերջիններիս այն անդամները, որոնք բնակվում են Սիրիայի սահմաններից դուրս: Ինքը՝ Ասադը, կոնֆերանսին ընդդիմության մասնկացության առաջարկն ընդունեց իբրև «կատակ»: «Ընդդիմության ներկայացուցիչները կանցնեն Սիրիայի սահմանը միայն 30 րոպե լուսանկարվելու համար, իսկ ապա կփախչեն: Ինչպե՞ս նրանք կարող են դառնալ նախարարներ: Այս առաջարկը իրատեսական չէ, սակայն կարելի է դիտարկել որպես կատակ»,-ասել է Բաշար Ասադը:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության 12 դեպքից` 11-ը, խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 12 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 1 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 21-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Աթոյան-Ռոստովյան խաչմերուկում գողի են բռնել
Հունվարի 18-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Աթոյան-Ռոստովյան խաչմերուկում գողի են բռնել:
Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 6 անգամ դատապարտված Իսահակ Ա.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 20.00-ին, անցնելով տներից մեկի քարե պարսպի վրայով` բարձրացել է 2-րդ հարկի պատշգամբ, բացել դուռը և փորձել գողություն կատարել, սակայն նրան նկատել է հարևանը, ինչից հետո Իսահակ Ա.-ն ոչինչ չգողանալով` դիմել է փախուստի և բռնվել հարևանի կողմից:
Իսահակ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Թուրք ոստիկանները Հրանտ Դինքին նվիրված քայլերթին ներկայացել են Դինքի մարդասպանի գլխարկներով
Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ Ստամբուլում Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցին նվիրված հիշատակի քայլերթ տեղի ունեցավ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակից մինչև Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատուն: Թուրքական ոստիկանությունը սահմանված կարգով հսկել է քայլերթի ողջ ընթացքը: Երթը անցել է հանգիստ, առանց որևէ միջադեպի: Սակայն բոլորի ուշադրությունը գրավել է մի հետաքրքիր հանգամանք: Չնայած Ստամբուլում երեկ եղանակը բավականին տաք՝ 15 աստիճան է եղել, թուրք ոստիկանները ծառայության են դուրս եկել սպիտակ գլխարկներով: Առաջին հայացքից անմեղ թվացող այս
հանգամանքը բուռն քննարկումների պատճառ է դարձել: Բանն այն է, որ Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամաստը, սպանության օրը նույնսիսի սպիտակ գլխարկ էր կրում:
Թուրքական սոցիալական մեդիայում այս իրողությունը խիստ քննադատության արժանացավ: ԱԶ կուսակցությունից վերջերս հեռացած Էրթողրուլ Գյունեյը այս առիթով «Twitter»-ի իր էջում գրել էր. «Երբ Ստամբուլում 15 աստիճան է, ո՞վ է ոստիկաններին հրամայել սպիտակ գլխարկներ կրել Հրանտ Դինքի հիշատակի արարողությանը»:
Վագոն-տնակում այրված դիակ է հայտնաբերվել
Հունվարի 19-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղում վագոն տնակ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը վագոն-տնակում հայտնաբերել է 1931 թ. ծնված Բակուր Մանուկյանի այրված դիակը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.40-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
«ԶԻԼ»-ի ուղևորը թափքից վայր է ընկել
ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձների հանձնման արարողություն Սիրիայում
Հունվարի 19-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Դամասկոսի հայկական ուսումնական հաստատությունների ղեկավարներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաուտյանը, թեմական և գավառական ժողովների ու միությունների ղեկավարներ, հոգաբարձուների խորհուրդների անդամներ և դպրոցների տնօրեններ:
Հանդիսավոր պայմաններում դեսպան Արշակ Փոլադյանն ընթերցեց ՀՀ Նախագահի ուղերձը, ուր, ջերմորեն շնորհավորելով հայկական դպրոցների ուսուցչական կազմի ներկայացուցիչներին ու սաներին, համոզմունք է հայտնվում, որ բարեկամ Սիրիայում մոտ ապագայում կտիրի սպասված խաղաղությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը՝ ընդգծելով որ թե՛ Հայաստանը, և թե՛ համայն հայությունը աջակցում են և աջակցելու են սիրիահայերին` վերագտնելու խաղաղություն և պահպանելու իրենց օջախները:
Իրենց շնորհակալական ելույթներում Դամասկոսի հայկական դպրոցների ղեկավարներն ու հոգևոր հայրերը բարձր գնահատեցին ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը ծանր օրեր ապրող սիրիահայ գաղութի նկատմամբ և երախտագիտությամբ ընդունեցին ՀՀ Նախագահի կողմից ցուցաբերված դրամական օժանդակությունը:
Գյումրիում տիրող աղքատության և անօթևանության իրական պատկերը (Ֆոտոռեպորտաժ)
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ շաբաթ, վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու նախկին գործարանային հանրակացարաններից մեկը, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:
Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ արվել լրագրողներին, լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարձնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ և հակահիգենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին: Այս դեպքը այնուհետև մեծ հնչեղություն գտավ: Անգամ ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացումներ տվեց, որ հիվանդ երեխաների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է իրենց ուշադրության տակ:
Այսօր «Շիրակ կենտրոնի» և «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության աշխատակիցները, համատեղ այցելեցին վերոհիշյալ և այլ նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված տասնյակ ընտանիքների և ցուցաբերեցին օգնություն, սննդի ու հագուստի տեսքով: Հիվանդ երեխաների ծնողները մեզ հայտնեցին, որ երեխաների վիճակը անհամեմատ լավ է և բուժումը տալիս է իր դրական արդյունքը: Այնուամենայնիվ չկա երաշխիք, որ նման հակահիգենիկ և անմխիթար պայմաններում հիվանդությունը չի կրկնվելու: Ստորև ներկայացնում ենք բարեգործական համատեղ ակցիայի և անօթևան տասնյակ ընտանիքների ապրելակերպը պատկերող, Նարեկ Թումասյանի լուսանկարային ռեպորտաժը՝ առանց մեկնաբանության:
Հայաստանի շախմատիստների և շախմատիստուհիների առաջնությունների ավարտին մնացել է երկու տուր
Երևանում շարունակվող շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացան 7-րդ տուրի հանդիպումները:
Տղամարդկանց մրցաշարում առաջատարը Տիգրան Քոթանջյանն է:
Կանանց մրցաշարում առջևում են Նարինե Գասպարյանը և Մարիա Գևորգյանը:
Առաջնությունների ավարտին մնացել է երկու տուր
Տեխնիկական արդյունքներ
7-րդ տուր
Տղամարդիկ
Հովհաննիսյան Ռոբերտ – Բաբուջյան Լևոն` 1-0
Գրիգորյան Կարեն – Գրիգորյան Ավետիք` 0-1
Մելքումյան Հրանտ – Պետրոսյան Տիգրան` 0-1
Փաշիկյան Արման – Քոթանջյան Տիգրան` ½-½
Տեր–Սահակյան Սամվել – Անդրիասյան Զավեն` ½-½
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Քոթանջյան Տիգրան |
5,5 |
|
2. |
Հովհաննիսյան Ռոբերտ |
4,5 |
|
3. |
Փաշիկյան Արման |
4,5 |
|
4. |
Գրիգորյան Ավետիք |
4 |
|
5. |
Գրիգորյան Կարեն |
3,5 |
|
6. |
Պետրոսյան Տիգրան |
3,5 |
|
7. |
Անդրիասյան Զավեն |
3 |
|
8. |
Տեր–Սահակյան Սամվել |
3 |
|
9. |
Բաբուջյան Լևոն |
2 |
|
10. |
Մելքումյան Հրանտ |
1,5 |
Կանայք
Գևորգյան Անահիտ – Ղուկասյան Սիրանուշ ` 0-1
Բաբայան Արմինե – Հայրապետյան Աննա` 1-0
Գաբոյան Սուսաննա – Գասպարյան Նարինե` ½-½
Սարգսյան Շուշաննա – Գձորգյան Մարիա` 1-0
Ղամբարյան Հասմիկ – Միրզաբեկյան Սվետլանա` 1-0
ԱՂՅՈՒՍԱԿ
|
1. |
Գասպարյան Նարինե |
5,5 |
|
2. |
Սարգսյան Շուշաննա |
5,5 |
|
3. |
Գևորգյան Մարիա |
5 |
|
4. |
Ղուկասյան Սիրանուշ |
5 |
|
5. |
Բաբայան Արմինե |
4,5 |
|
6. |
Հայրապետյան Աննա |
3,5 |
|
7. |
Գաբոյան Սուսաննա |
2,5 |
|
8. |
Միրզաբեկյան Սվետլանա |
1,5 |
|
9. |
Ղամբարյան Հասմիկ |
1 |
|
10. |
Գևորգյան Անահիտ |
1 |
Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել աղյուսակը
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Մեր երկրի ներկայացուցիչը վաստակած 5,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մերձակա հետապնդողները նրանից ետ են մնում մեկ միավորով:
Տեխնիկական արդյունքներ
7-րդ տուր
Կարուանա – Գիրի` ½-½
Ռապորտ – Հարիկրիշնա` 1-0
Նակամուրա – վան Վելի` 0-1
Նայդիչ – Դոմինգես` ½-½
Սո – Կարյակին` ½-½
Գելֆանդ – Արոնյան` ½-½
Մասնակիցների դասավորությունը
| 1. | Արոնյան | 5½ |
| 2. | Գիրի | 4½ |
| 3. | Կարյակին | 4½ |
| 4. | Կարուանա | 4 |
| 5. | Դոմինգես | 4 |
| 6. | Սո | 4 |
| 7. | Հարիկրիշնա | 3 |
| 8. | վան Վելի | 3 |
| 9. | Ռապորտ | 3 |
| 10. | Նակամուրա | 3 |
| 11. | Գելֆանդ | 2 |
| 12. | Նայդիչ | 1½ |
Ադրբեջանում սննդի որակն ահավոր է. Կոնտակտ
“Օքսամ” միջազգային միությունը հանդես է եկել 2013թ.-ի սննդի համաշխարհային ինդեքսի վերաբերյալ զեկույցով: 125 երկրների թվում Ադրբեջանը ընդհանուր ցուցանիշներով զբաղեցրել է 98-րդ տեղը:
Ինչպես հաղորդում է Կոնտակտ կայքը, զեկույցը կազմելիս առաջնորդվել են հետևյալ չափանիշներով՝ սննդի բավարար չափ, ապրանքների գներ, սննդի որակ, սննդակարգով պայմանավորված հիվանդությունների մակարդակ (շաքարախտ, գիրություն): Ադրբեջանը բավարար սննդի ցուցանշով զբաղեցրել է 70-րդ տեղը, սննդի մատչելիությամբ՝67-րդ, սննդի որակով՝ 83-րդ, շաքարախտի և գիրության ցուցանիշով՝92-րդ տեղը:
Լավագույն ցուցանիշնորով առաջին տեղում Հոլանդիան է, այնուհետև՝Ֆրանսիան և Շվեյցարիան, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Շվեդիան, Ավստրալիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը և Պորտուգալիան:
Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Պան Գի Մունի հետ
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Հայտնի է, որ խոսակցությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող վիճակն ու Կիպրոսի խնդիրը:
Պան Գի Մունը նշել է, որ բարձր է գնահատում «Ժնև-2» կոնֆերանսին մասնակցելու սիրիական ընդդիմության որոշումը: Կողմերը ընդգծել են Սիրիայում հումանիտար վիճակի անհապաղ բարելավման անհրաժեշտությունը: Խոսելով Կիպրոսի խնդրի մասին՝ Դավութօղլուն նշել է, որ կողմերը պետք է բանակցություններ սկսեն կղզում: Նախարարը հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է բանակցել և կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը վճռականություն ցուցաբերել այս հարցում:
Իրաքյան «Անսար ալ-Սուննա» խմբավորումն ստանձնել է Վոլգոգրադի ահաբեկչության պատասխանատվությունը
Արմատական իսլամիստական «Անսար ալ-Սուննա» խմբավորումը դեկտեմբեր ամսվա վերջին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Երեկ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ ինքնաձիքը ձեռքներին երկու երիտասարդ՝ Սուլեյման և Աբդուրահման անուններով, հայտարարում են, թե հենց իրենք են եղել ահաբեկչությունն իրականացրած մահապարտները: Նրանց ելույթը ուղեկցվում է Վոլգոգրադում արված լուսանկարներով: Ահաբեկիչները սպառնացել են հարձակում իրականացնել նաև Սոչիի օլիմպիադայի ժամանակ:
«Անսար ալ-Սուննան», որը հիմնադրվել է 2003 թվականի սեպտեմբերին, տեղակայված է Իրաքի հյուսիսում և կոնտրոնական մասում: Չի բացառվում, որ այս կազմակերպությունն իրականում ոչ մի կապ չունի Վոլգոգորադի ահաբեկչության հետ, որը 34 մարդու կյանք խլեց:
Տիգրան Սիմոնյանը կես միավորով ետ մնաց շախմատի միջազգային մրցաշարի հաղթողից
Միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը Իսպանիայի Սևիլիա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, 221 մասնակիցների պայքարում բաժանեց 2-4-րդ տեղերը:
Լրացուցիչ ցուցանիշներով Սիմոնյանը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: Հայ շախմատիստը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Մաքսիմ Տուրովից (Ռուսաստան):
Լիբանանում կփակվի՞ կառավարելի քաոսի հանգրվանը
Լիբանանյան քաղաքական բեմը մակընթացությունների եւ տեղատվությունների միջեւ հայտնված իրավիճակում է։ Այսպես, եթե մի կողմից քաղաքական թնջուկների հանգուցալուծման միտող հայտարարություններ են կատարվում, մյուս կողմից ապահովական հարթությունը հերթական անգամ ենթարկվում է նոր ցնցումների: Կառավարության կազմության ուղղությամբ դրական նախադրյալներ փոխանցող երեւույթները աւելանում են, առանց իհարկե իրողական տվյալներ ճշտելու: Տրամագծորեն հակադրված բեւեռների միջեւ հայտարարողական մակարդակի վրա փոխասացությունները մտածելու տեղիք են տալիս, որ տեղաշարժի սկիզբը մոտալուտ է:
Բայց լիբանանյան դիպաշարին հետեւելու փորձառություն կուտակած ցանկացած մարդու մտքում մրճահարվում է թերահավատությունը, որ ամեն պահի պատրվակ-պատճառային անմիջական հետեւողականությամբ կարող է կտրուկ փուլ գալ լավատեսություն կոչվող լիբանանյան խավաքարտից կառուցված դղյակը, եթե մանավանդ արտալիբանանյան կենտրոններում աշխատող կանաչ լույսերը վերածվեն կարմիրի: Այս հանգրվանին թվում է, որ նարնջագույն լույսը դեպի կանաչի անցում կատարելու կարգավիճակում է եւ ոչ թե դեպի կարմիրի:
«Ժնեւ-2»-ը հետզհետե տեսանելի է դառնում: Հատուկ լուսարձակ է խլում ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի հայտարարությունը, որի համաձայն, տարածաշրջանային կարեւոր ուժ նկատվող Իրանի գործոնը դրական դերակատարություն պետք է ունենա սիրիական տագնապի հանգուցալուծման ընթացակարգում:
Սրան գուցե նախանշային իմաստ պետք է տալ` միջուկային թղթածրարի հարցով նոր բանակցությունների վերաձեռնարկման մոտալուտ լինելը նկատի ունենալով: Այս պարունակում էլ պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի վերահաստատումը, թե ժամանակը չէ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու:
«Ժնեւ-2»-ի տեսանելիության զուգահեռ, Լիբանանի նախկին վարչապետի սպանության հարցով միջազգային դատարանի նիստերի մեկնարկի հետ կապվող երեւույթների մեկնաբանությունը կարիքը ունի հետագա ուղղվածությունների ձեւավորման: Ուշագրավն այն է, որ նախապես ամբաստանության սլաքների հասցեատիրոջ հետ կառավարություն կազմելու պատրաստակամությունը հրապարակվում է այժմ` քաղաքական համեմատական լավատեսության նոր երանգ ապահովելով:
Ապահովական գետինը համապատասխան չէ քաղաքական մակարդակի վրա արձանագրվող նոր երեւույթներին: Հերմելի պայթումից մինչեւ Արսալի հրթիռակոծումն ու հյուսիսի վառոդի տակառների պայթուցիկության չափը մտածել են տալիս երկրի ու քաղաքացիների կյանքերին սպառնացող լուրջ վտանգների մասին:
Մինչ, Մոսկվա-Վաշինգտոն հրադադարի համաձայնությամբ եւ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Սիրիայի քիմիական զինաթափման գործողությունների մեկնարկով սիրիական ճգնաժամը հիմնական ձեւափոխում է ապրել: Կառավարական եւ հակակառավարական ուժերի բախումը վերածվել է ծայրահեղ կրոնականության կողմից իրականացվող լայնածիր գործողությունների բանակի դեմ եւ ապա ներընդդիմադիր ընդհարումների եւ նույնիսկ ներծայրահեղական հակամարտությունների:
Ծայրահեղականության արմատավորումն ու կայացումը հայտնապես մտահոգել են Արեւմուտքը: Իրաքի իշխանությունների սանձազերծած մաքրազտման գործողությունները մտածել են տալիս այս ուղղությամբ համալիր ծրագրի մասին:
Այս տրամաբանության մեջ կարող են դիտարկվել նաեւ զսպիչ հանգամանքները` Լիբանանը սիրիական տարբերակով չքաոսացնելու: Իրանի գործոնի դրական հանգամանքը տեսնելու կամ իրանամետ ուժերի հետ կառավարություն կազմելու ուղղությամբ պատրաստակամ լինելու: Լիբանանը ծայրահեղականության դիմաց դարպասելու նպատակով մինչեւ այս գործիքների պտուտակների ամրացումը, չի բացառված, որ այս երկիրը ցնցեն այլ պայթումներ: Կառավարելի քաոսի այս հանգրվանը փակելը անհրաժեշտ է, իսկ այդ հանգրվանի համար նույնքան անհրաժեշտ` կառավարության կազմությունը: Բայց սա արդեն արտալիբանանյան կենտրոններում է որոշվում։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
