Կազմվել է Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ցանկը

10706_am_3Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին, որը ներառում է Մաքսային միությունում գործող փաստաթղթերի և ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի գույքագրումը, առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող խնդիրների ուսումնասիրությունը, Հայաստանի համար անմիջապես ընդունելի, ընդունման համար որոշակի ժամանակ պահանջող և բանակցման ենթակա նորմերի տարանջատումը, Մաքսային միությանը միանալու համար վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանությունը և այլն:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է երկօրյա ժամկետում ՀՀ վարչապետին առաջարկություններ ներկայացնել Մաքսային միությանը ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ:

Միջազգային համագործակցություն

Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման, ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրերի թիվ 4 փոփոխությունների կնքման առաջարկություններին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված փոխառության համաձայնագրին, ըստ որի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 7 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կուղղվի Երևանի ջրամատակարարման բարելավմանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է Միացյալ Նահանգների դեսպանի հետ և քննարկել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանն առնչվող բոլոր խնդիրները: «Այս երկու որոշումները, որ ընդունում ենք, մեզ հնարավորություն են տալիս ստորագրել համաձայնագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ունենալ շուրջ 43 մլն դոլարի օժանդակություն: 
Մենք ԱՄՆ ՄԶԳ-ին խնդրել էինք, որպեսզի գյուղատնտեսության միասնական ռեգիստրի ձևավորման համար մեզ ֆինանսական օժանդակություն տրամադրվի: Հիշում եք, որ մենք հաստատեցինք այդ ծրագիրը: Սա բավականին մեծածավալ ֆինանսական ներդրում պահանջող ծրագիր է՝ գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու համար, և ԱՄՆ ՄԶԳ-ն, Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել էին մեր խնդրանքին և մեկ մլն դոլար են հատկացրել այս աշխատանքների իրականացման համար: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել և դեսպանին, և Միացյալ Նահանգների կառավարությանն` այս օժանդակությունն օպերատիվ կերպով մեզ տրամադրելու համար»,-ասել է վարչապետը:
Կառավարությունը 2014թ. հունվարի 1-ից հաստատել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելությունում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հաստիք:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտներում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման համաձայնագրի կնքման առաջարկությունը:

Ընդլայնվում է սոցիալական բնակտարածքը

ՀՀ կառավարությունը որոշել է Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված և դեռևս չբաշխված բնակելի տներից չորսը հատկացնել իրացման դիմաց երկու անձի և դատարանի երկու վճռի համաձայն, ինը հանձնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու նպատակով: «Երեկ պետական բյուջեի նախագիծը քննարկելիս անդրադարձանք նաև փախստականների խնդրին,- ասել է վարչապետը: -Մենք պատրաստ ենք նաև այն փախստականներին, որոնք հաշվառված են և որոնց նկատմամբ մենք բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք, այս պահին կարող ենք Սպիտակ քաղաքում բնակարաններ առաջարկել: Եթե հայտեր կլինեն, ապա մենք կառավարության որոշումով կարող ենք նրանց բնակարաններ տրամադրել»:
Գործադիրը սահմանել է այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը: Այն ծառայողները, որոնք ծառայությունը կանցնեն բնակության վայրից ավելի քան 30 կմ հեռու, կստանան դրամական փոխհատուցում համաձայն վարձակալության պայմանագրում նշված գումարի, սակայն ոչ ավելի, քան 30 հազար դրամ: Վարչապետի դիտարկմամբ, մեզանում առաջին անգամ ձևավորվել է այլընտրանքային ծառայության ամբողջական օրենսդրական դաշտը, և աշնանային զորակոչը պետք է ցույց տա, թե ինչպես է այն կիրառվում: «Անհրաժեշտ է աչալուրջ լինել,-հավելել է Տիգրան Սարգսյանը,- որպեսզի այս բնագավառում լրացուցիչ ռիսկեր չունենանք, քանի որ այսպիսի աշխատանքի փորձ չունենք»:

Կզարգանա էլեկտրոնային առևտուրը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ արմատապես փոխվել է նաև առևտրային գործարքների տեխնոլոգիան: Ստեղծվել է բիզնեսի նոր էլեկտրոնային միջավայր` «էլեկտրոնային առևտուր»: Այն բնութագրում է համացանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքի կամ ծառայության ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը: Համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար Հայաստանը պարտավոր է հաշվի առնել առևտրի, այդ թվում էլեկտրոնային, զարգացման ընդհանուր միտումները: Որոշման նպատակն է ստեղծել էլեկտրոնային առևտրին օժանդակելու համար ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածքներ, մշակել պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, խթանել ապրանքների և ծառայությունների արտահանումը, կատարելագործել էլեկտրոնային առևտրի ոլորտի իրավական և օրենսդրական դաշտը, երկրում ստեղծել էլեկտրոնային առևտրի կայուն զարգացման բարենպաստ միջավայր:
Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը նպաստավոր պայմաններ է ստեղծել ս.թ. հոկտեմբերի 4-ից 6-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում անցկացվելիք «Դիջիթեք-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի, ինչպես նաև ոլորտի մի շարք այլ կարևոր միջոցառումների համար:
Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Արաքս երկաթուղային կայարանի բեռնման-բեռնաթափման տարածքին հարող 5-րդ երկաթուղային գծի 240 մետր երկարությամբ հատվածն ամրացվել է «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Իր նիստում կառավարությունը հաստատել է գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները, որոնց սահմանումը թույլ կտա պետգույքի օգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ որոշակի սկզբունքներ պահպանել: «Մենք այս դաշտում կարգուկանոն ենք հաստատում, որովհետև կան սուբյեկտներ, որ դիմում են մեզ, թե իբր զբաղվելու են գրահրատարակչական գործունեությամբ, բայց իրականում տեսնում ենք, որ ի հայտ են գալիս զբոսաշրջային գործակալություններ, այլ բիզնեսներով են զբաղվում, ինչն ուղղակի անթույլատրելի է»,-պարզաբանել է Տիգրան Սարգսյանը: 
Նիստում հաստատվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական ծառայություններ արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը:
Գործադիրը 5 տարով երկարաձգել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը:

Լուծվում են մարզերի հիմնախնդիրները

ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 50-ական միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին: Ընդհանուր առմամբ 2012-2013թթ. Այդ նպատակով մարզպետարաններին է տրամադրվել 40 մլրդ դրամ:
ՀՀ կառավարությունը որոշել է Լոռու մարզի «Գուգարք» կարի արտադրական միավորման կողմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքը մասնավորեցնել մրցույթով, Գարգառի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի կարի արտադրական միավորման արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 952.5 հազար դրամն ուղղել ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը:
Մեկ այլ որոշմամբ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում հնարավոր կլինի կառուցել հանգստի և ժամանցի գոտիներ:Հիշեցնելով, որ թույլտվությունը կամ հողերի կատեգորիայի փոփոխությունը կատարվում են այն պատճառաբանությամբ, որ այդտեղ ներդրում է արվելու, վարչապետը Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել է անցկացնել հերթական մոնիթորինգը և պարզել, թե կատարվո՞ւմ է արդյոք ներդրումը և ինչ ծավալով ու ինչ ազդեցություն է ունենում տնտեսական աճի վրա: 
Կառավարությունը մոտ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղական համայքների երրորդ համաժողովը նախապատրաստելու և ս.թ. հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկ քաղաքում անցկացնելու նպատակով:

Հիմնովին կբարեկարգվեն Երևանի կենտրոնի փողոցները

Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանին է հատկացվել մոտ 9 մլրդ դրամ` քաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկը հիմնանորոգելու, ինչպես նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխատուցման համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով: Այդ աշխատանքի արդյունքում Երևանի երթևեկելի հատվածներում կլինի ավելի քան 1 մլն քառ. մետր բարձրորակ ասֆալտբետոնե շերտ, ևս 70 հազար քառ. մետր` մայթերի հատվածներում, ինչպես նաև մոտ 39 հազար գծամետր նոր եզրաքար: Քաղաքապետարանը 4-րդ աստիճանի վթարային քանդման ենթակա շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով ձեռք կբերի 100 բնակարան, ինչպես նաև առնվազն 350 քառ. մետր տարածք` շենքի առաջին հարկի հասարակական տարածքից: Եվս երկու որոշմամբ գործադիրը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղու շինարարությունն ավարտին հասցնելու համար:

 

Օրենսդրական գործունեություն

ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելուց հետո ողջամիտ ժամկետում կազմակերպել դրա քննարկումը: Կառավարությունը ժամկետի ճշտում է արել և նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր առաջարկության ընդունման դեպքում:
Նիստում քննության է առնվել Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային: Դրական գնահատելով նախաձեռնությունը, գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է Արարատի մարզի Արարատի քաղաքային,Նշավանի և Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը` 2018թ. գարնանային զորակոչ, տարկետում է տրվել իրավագիտություն մասնագիտությամբ Բեռլինի Հումբոլդտի համալսարանի բակալավրիատ ընդունված Աշոտ Պողոսյանին:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է պատշաճ մասնակցություն ցուցաբերել ս.թ. հոկտեմբերի 8-10-ը անցկացվելիք «Արձագանք-2013» զորավարժությանը: 

Արագածոտնի մարզպետի տեղակալն ազատվել է աշխատանքից

Արամ ԱրսենյանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Արսենյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության աշխատակազմից:

Ոստիկանները բացահայտեցին 15 տարի առաջ կատարված սպանությունը

1379593090,4658Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա իրավապահները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի բնակիչ, նախկինում դատված, 1967 թ. ծնված Արմեն Շահբազյանին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Շահբազյանը խոստովանեց, որ 1998 թվականի սեպտեմբերին հայրական տանը, գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքով  հարվածել  էր իր ծանոթուհի Դիանային, ով կորցնելով գիտակցությունը` մահացել էր:
Պատժից խուսափելու համար Շահբազյանը դիակը թաղել էր  տանը հարակից շինության պատի տակ:
Սեպտեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի աշխատակիցները մեկնեցին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղ:
19-09-2013-006Շահբազյանի մատնացույց արած վայրի զննությանբ ոստիկանները հայտնաբերեցին դիակի ոսկորները:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն:

Գերմանիան 2,7 միլիոն դոլար կտրամադրի Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար

Mideast-Syria_HoroԳերմանիան 2,7 միլիոն դոլար կտրամադրի քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Սիրիայի ռազմապահեստների ոչնչացման հարցում օգնելու համար:

Անցած շաբաթ օրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայի քիմիական զենքի հարկադիր գրանցման և մինչև 2014թ-ի կեսերը այդ պաշարները երկրի տարածքից հանելու կամ ոչնչացնելու կոչ էր արվում: Գործընթացը կվերահսկի Նիդեռլանդների Հաագա քաղաքում գտնվող քիմիական զենքի արգելման կազմակերպությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն տեխնիկական կամ ֆինանսական  աջակցություն էր առաջարկել զենքը վերացնելու համար: Հինգշաբթի նա տեղեկացրել է, որ Բեռլինը որոշել է ֆինանսական միջոցներ տրամադրել քիմիական զենքի վերահսկման մարմնին այդ խնդիրը լուծելու համար:

Ադրբեջանում հակատանկային մեքենա են ստեղծել. ադրբեջանական լրատվամիջոցներ

4Ադրբեջանի ռազմարդյունաբերության մասնագետները հակատանկային մեքենա են ստեղծել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, “Էգբեր” մեքենան ստեղծվել է  ադրբեջանական “Գյուրզա” պարեկային մեքենայի հիմքի վրա: Մեքենան զինված է “Սկիֆ” և “Սփայք” հակատանկային հրթիռային համակարգերով, իսկ կողային մասերում տեղակայված են 7.62 տրամաչափի գնդացիրներ:

“Էգրեբի” առաջին նմուշը ցուցադրվել է հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ: Այն ցուցադրվելու է նաև “Ադրբեջան-10 տարի” ռազմական ցուցահանդեսին:

Թուրքիայում հենակետ են պայթեցրել

3Թուրքիայում պայթեցրել են զինված ուժերի ժանդարմերիայի նոր կառուցվող հենակետը:

Ինչպես հաղորդում է “Սաբահ” թերթը, դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում`Իրաքի հետ սահմանի մոտակայքում հենակետի շինարարության ժամանակ:

Ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով մարդիկ չեն տուժել, սակայն շինության արդեն կառուցված հատվածը զգայլի վնասվել է:

Պայթյունից հետո դեպքի վայր ժամանած զինծառայողները տարածքը վերցրել են վերահսկողության տակ: Դեպքի առնչությամբ լայնամաշտաբ հետաքննություն է սկսվել:

Թվով երրորդ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան

սդՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Վ. Մկրտչյանի, սեպտեմբերի 12-ին  որոշում է  կայացրել քրեական գործից  մաս անջատելու, վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում  (կաշառք ստանալը) 2012թ. փետրվարի 9-ին կատարված լրացման` «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը»  ՀՀ Սահմանադրությանն համապատասխանության հարցը որոշելու նպատակով:

Այսպիսով դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը:      Գործից ամբաստանյալ Հովսեփ Հակոբյանի մասն անջատվել է  առանձին վարույթում և այդ մասով  քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ օրենքի սահմանադրականության հարցի որոշում կայացնելը:

Այս հարցով արդեն երրորդ դատարանն է դիմում Սահմանադրական դատարան: Սույն որոշման մեջ մարզային  դատարանն արձանագրում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  2012թ. փետրվարի 9-ին  օրենքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ կաշառքի առարկայի շուրջ արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունը, որը ենթադրում է պաշտոնատար անձի կողմից գույքի, արժեթղթերի նկատմամբ իրավունքը պահանջելը, դրանք ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը, համարվում է ավարտված հանցագործություն: Նման պամաններում կաշառք ստանալու կամ այն ստանալու փորձի (նախապատրաստության) նյութական հանցակազմերի կիրառումը որոշ դեպքերում դարձել է անհնար, քանի որ կաշառքի առարկան պահանջելը, այն ստանալու խոստում տալը կամ կաշառքի առարկայի առաջարկն Կոտայքի մարզի դատարանը նկատում  է, որ այս հանգամանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և ՀՀ Վերաքննիչ քրեական դատարաններն՝ համապատասխանաբար 2013թ.օգոստոսի 20-ի և 2013թ. հունիսի 23-ի որոշումներում, որտեղ «իրավացիորեն նշվել է, որ օրենսդրական նման ձևակերպման պայմաններում հանցագործությունը չի անցնում նախապատրաստության և հանցափորձի փուլեր և ավարտված է համարվում այն պահից, երբ անձը որևէ ձևով կպահանջի կաշառքի առարկան, այն ստանալու խոստում կտա կամ ստանալու խոստումը կընդունի»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012թ. փետրվարի 9-ին ուժի մեջ մտած օրենքով ստացվում  է, որ մի դեպքում պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու փորձի կամ նախապատրաստության դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կարգով, անձի նկատմամբ նշանակվում է ավելի մեղմ պատիժ, իսկ կաշառք պահանջելու կամ խոստում ստանալու կամ առաջարկն ընդունելու դեպքում արարքը որակվում է որպես ավարտված հանցագործություն և անձի նկատմամբ նշանակվում է համեմատաբար խիստ պատիժ:

Շարունակությունը կարդացեք Pastinfo.am-ում

Դոլարի գինը բորսայում` 406,76 դրամ

դոլարՍեպտեմբերի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.76 դրամ:

 

NASDAQ OMX Armenia

Նորաձևության բլոգերը խորհուրդ է տալիս խուսափել բրենդային մակնշումներից

Մարիաննա«Mashroom» բլոգի ղեկավար Մարիաննա Քաբաբյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն խնդրին, որ մեր հասարակության մեջ շատ է տարածված «պատենտ» հագուստը, որ, ըստ նրա,  ցավոք ավելի հասանելի է, քան նույնիսկ mass fasհion-ը:

«Mass fasհion-ը պատենտի ավելի քիչ տոկոս է պարունակում և մի քանի անգամ ավելի էժան է, քան բուն բրենդի արտադրանքը:

«Mass fasհion-ը վերջին շրջանում շատ է տարածվել, կան բազմաթիվ խանութներ, օրինակ, շատ հայտնի ZARA-ն և, չնայած նրան, որ գները այս դեպքում ավելի մատչելի են, տրանսպորտում հաճախ կարելի է հանդիպել շատ կոպիտ պատնետ կրող մարդկանց, ում սոցիալական պայմանները թույլ չեն տալիս անգամ mass fasհion կրել», – ասաց բլոգերը և խորհուրդ տվեց պատենտ գնելու դեպքում գոնե խուսափել բրենդային մակնշումներից, քանի որ դրանց կեղծությունն  ակնհայտ է և ծիծաղելի է դարձնում կերպարը:

Ո՞ւմ սիրտն է Բաքվի փախլավա ուզում

ադրբեջանԴեռևս հայ–թուրքական ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ էր, երբ Հայաստանում լայն թափով շրջանառվում էին վերլուծությունները թուրքական տնտեսության ներուժի, թուրքական ապրանքների, ներմուծում–արտահանում հարաբերությունների մասին: Այդ ժամանակ, եթե հիշում եք, նշվում էր, որ Թուրքիան պետական մակարդակով արգելում է հարյուրավոր, նույնիսկ` 1000-ի հասնող  ապրանքատեսակների ներմուծումն իր երկիր կամ դրանց համար այնպիսի հարկեր է կիրառում, որ ներմուծումը դառնում է աննպատակահարմար: Այդ համատեքստում հայ–թուրքական սահմանի բացման կողմնակիցներն էլ, որպես հակափաստարկ նշում էին, թե հայկական կողմն էլ կարող է նման պրակտիկա կիրառել, եթե այդքան շատ ենք վախենում այդ իրականությունից:

 Ադրբեջանական գյուղմթերքն արդեն կարող է ներմուծվել Հայաստան

Նույնիսկ կարծիքներ էլ էին շրջանառվում, թե գյուղնախարարի 2009 թ. ամռանը հրապարակած հրամանը, որով արգելվում էր թուրք-ադրբեջանական ծագման գյուղատնտեսական մթերքների և հումքի ներմուծումը Հայաստան, հենց այդպիսի գործընթացների հիանալի օրինակ են:

Եվ ահա 2013 թ. հունիսի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ստորագրեց N 03-Ա հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թ. սեպտեմբերի 15-ի «Թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական և բուսական հումքի ու մթերքի ՀՀ տարածք ներկրումը ժամանակավորապես արգելելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թ. հունիսի 11-ի N146-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N220-Ա հրամանը: Այսպիսով, ինչպես կարծում են շատերը, հերթական հարվածն է հասցվում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը:

Ըստ մամուլի հրապարակումների` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` ադրբեջանական ու թուրքական ծագմամբ մթերքի ներկրումը թույլատրող հրամանից հետո Հայաստան են ներկրվել թուրքական ծագմամբ մի քանի ապրանքներ` կիտրոն, մաստակների տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ: Ադրբեջանական ծագման ապրանքներ հունիսի 7-ից մինչ օրս չեն բերվել:

Հարցն այն է, որ Թուրքիան այսօր հանդիսանում է  G-20-ի անդամ, ուժեղ զարգացող տնտեսություն ունի և իր տնտեսական ներուժով դարձել է մի շարք եվրոպական առաջատար տնտեսությունների «ահուսարսափը»: Օրինակ` Ֆրանսիայի, քանի որ Հյուսիսային Աֆրիկայում, որն ավանդաբար համարվում է ֆրանսիական ազդեցության ու տնտեսական շահերի գոտի, այն հատվածներում, որտեղ Թուրքիան մի քիչ ակտիվացնում է իր տնտեսական գործունեությունը, Ֆրանսիան միանգամից սկսում է նահանջել: Որովհետև Թուրքիան ընկալվում է որպես մուսուլմանական` եղբայր երկիր, նրա ապրանքներն էլ համեմատաբար որակյալ են, քան, օրինակ, չինական ապրանքները, իսկ գները, համեմատած եվրոպական արտադրանքի հետ, անհամեմատ էժան են:

Թուքրիան ունի նաև զարգացած գյուղատնտեսություն: Այստեղ գյուղատնտեսության զարգացման պայմանները և մակարդակն այնպիսին են, որ հնարավորություն են տալիս սննդամթերքով ապահովելու ոչ միայն ներքին շուկան, երկիրը դասվում է սննդամթերքի արտահանման 10 խոշորագույն երկրների շարքը: Թուրքիան ունի 78 մլն հա տարածք, նույնքան, ինչքան Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասին վերցրած, և այս տարածքի 36%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Թուրքական գյուղատնտեսության մեջ պետք է առանձնացնել մրգերի և բանջարեղենի արտադրությունը: Թուրքիան տարեկան 3.2-3.6 մլն տոննա արտադրանքով մտնում է աշխարհի խաղող արտադրողների հնգյակի մեջ: Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից է նաև ծիրանաբուծությունը: Ծիրանի ողջ բերքն օգտագործվում է չրի պատրաստման համար, որի 95%-ն արտահանվում է: Թուրքիայում զարգացած է նաև սառեցված մրգերի և բանջարեղենի արտադրությունը: Արտադրանքի 75-80%-ն արտահանվում է: Թուրքիան եղջերավոր անասունների և թռչունների թվաքանակով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր և հայտնի է իր մսամթերքով: Ու թեև ալկոհոլային խմիչքները մտնում են ներմուծման համար արգելված ապրանքների շարքը, հիշարժան է նաև Թուրքիայի ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը: Թուրքիայում տարեկան արտադրվում ու արտահանվում է 42-43 մլն լիտր գինի, արտադրվում է 7 մլն լ օղի, 1.0 մլն լ կոնյակ, 2 մլն լ լիկյոր, 3.7 մլն լ ջին, 0.1 մլն լ վիսկի: Երկիրը համարվում է նաև կաթնամթերք արտադրող խոշոր երկիր:

Այս տվյալները հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում:

hramanՄի խոսքով, այս հիմնական փաստերը համադրելով, կարելի է ասել, որ Թուրքիան ունի զարգացած գյուղատնտեսություն և վարում է պրոտեկցիոն քաղաքականություն: Եթե սրան գումարենք Հայաստանի գյուղատնտեսության վիճակը, ապա նման հրամանը մեզ համար դառնում է վտանգավոր: Իհարկե, Թուրքիայից ներկրվող էժան ապրանքները շուկայում հայ սպառողների համար կարող են ընտրության լրացուցիչ հնարավորություն ստեղծել, բայց դրանից հարցի տնտեսական նշանակությունը չի փոխվում: Որովհետև այն նույն ժամանակահատվածում, երբ մեր հարևան երկրները տարբեր հնարքներ են կիրառում օտարերկրյա մթերքները շուկայից դուրս մղելու և սեփական տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, վարում են ուժեղ պրոտեկցիոն քաղաքականություն, մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակը:

Նախարարի այս հրամանի կապակցությամբ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում նշում է. «Տարիներ շարունակ շատ արտադրողներ բողոքում էին, որ թույլ վերահսկողության  հետևանքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում թուրքական պտուղ-բանջարեղեն, ինչն ուղղակիորեն հարվածում է Հայաստանում նոր զարգացող ջերմոցային տնտեսությանը, իսկ գյուղատնտեսության նախարարությունն այս հրամանով գյուղացուն աջակցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ավելի բարդացրեց առանց այն էլ բարդ իրավիճակը: Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչ միջոցառումներ են իրականացվել կամ գոնե իրականացվելու տեղական արտադրանքի մրցունակությունն ապահովելու նպատակով, ցավոք, մինչ օրս տրված չէ (չգիտես ինչու, հրապարակված չէ նաև այս հրամանը)»:

Նայենք հարցին մեկ այլ` զգացմունքային տեսանկյունից: Թուրքական, առավել ևս ադրբեջանական ծագում ունեցող ներկրվող մթերքների սահմանային հսկողությունը, ինչպես ընդունված է, պետք է կատարվի` հիմք ընդունելով ուղեկցող փաստաթուղթը: Ստացվում է, որ Ադրբեջանը նույնիսկ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնց ազգանունը վերջանում է «յան»-ով, չի թույլատրում իր սահմաններից ներս մտնել,  մինչդեռ ադրբեջանական փաստաթղթերը մեզ մոտ հիմք  են ընդունվելու:

 

 

 

Պատերազմում` ինչպես պատերազմում. սիրիական խնդիրը դեռ չի լուծվել

Վերջին երկու շաբաթն աննախադեպ ակտիվ էր սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի հարցում:Նախ` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ արեց Դամասկոսին հանձնել քիմիական զենքը միջազգային հանրությանը և միանալ քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, ինչին Սիրիայի իշխանությունները համաձայնեցին: Այնուհետև պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստ է հետաձգել Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական գործողությունը, եթե Ասադը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնի քիմիական զենքը: 

Լավրով-ՔերիՍիրիական խնդրում դեպքերն աննախադեպ արագ զարգացումներ են ապրում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հենց այն օրը, երբ նշվում էր Սիրիային հարվածներ հասցնելու ամենահավանական ժամկետը` սեպտեմբերի 11-ը, հանկարծ փոխեց իր քաղաքական կուրսը` համաձայնելով Ռուսաստանի` սիրիական քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելու առաջարկին: Օբաման հայտարարել է, թե պատրաստ է սպասել է ՄԱԿ-ի հետաքննությանը` կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ, և կոչ է արել Կոնգրեսին դեռևս քվեարկության չդնել Սիրիայի դեմ ուժ կիրառելու հարցը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ սեպտեմբերի 12-ին հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից ու ստորագրել դրա կիրառումն արգելող համաձայնագիրը:

Դրանով Սիրիայի հարցով բանակցությունները Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև մտան աննախադեպ բուռն զարգացումների շրջան: Ժնևում Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկկողմ մակարդակում և ՄԱԿ-ում քննարկում էին Սիրիայի քիմիական զենքերը միջազգային վերահսկողության տակ դնելու առաջարկը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ  «Ժնև-2» (ԱՄՆ և ՌԴ) համաժողովի շրջանակներում  ԱՄՆ-ն պնդելու է Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադի հեռացումը:

Սեպտեմբերի 14-ին Ժնևում բանակցություններ վարող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջիմ Քերին հայտարարեցին, որ բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ ծրագիրը:

Ժնևյան եռօրյա բանակցություններն աննախադեպ էին ու կդառնան դիվանագիտության դասագրքային օրինակ, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարողացան համաձայնեցնել  սիրիական քիմիական զենքի խնդրի կարգավորման խաղաղ սցենարն այն պահին, երբ ռազմական միջամտությունն Արևմուտքի կողմից անխուսափելի էր թվում:

Այս բանակցությունները եկան ապացուցելու, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն աշխարհի երկու ամենահզոր գերտերություններն են, որոնք կարող են որոշել, թե աշխարհի որ կետում ինչպիսի զարգացումներ ընթանան կամ չընթանան:

Ինչպես այս առիթով գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով ռուսական պատվիրակության կազմում իր աղբյուրին, ռուսական պատվիրակությունը մինչև վերջին պահը լիովին համոզված չի եղել, որ ամերիկացիները կընդունեն Մոսկվայի նախագիծը սիրիական քիմիական պահեստները միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ: Անորոշությունը պահպանվել է անգամ, երբ համաձայնությունը կայացած է եղել, և բանակցողներին մնացել է միայն այդ մասին հայտարարել լրագրողներին:

«Ջոն Քերին երկար ժամանակ ձգձգում էր ճեպազրույցը: Այդ ժամանակ Սերգեյ Լավրովը ոչ սովորական քայլի դիմեց. նա մամուլի սրահ գնաց միայնակ, նստեց իր աթոռին ու սկսեց խոսել եղանակի մասին: Նրան անմիջապես շրջապատեցին արևմտյան լրագրողները: Նրանցից մեկի հարցին, թե ինչ է այս ամենը նշանակում, Լավրովը պատասխանեց. «Ես ժամանակ եմ սպանում, պարզապես անելիք չունեմ»: Դրանից քիչ անց Ջոն Քերին հայտնվեց»,- գրում է թերթը:

Ըստ պարբերականի` բանակցությունների ընթացքում ամենադժվար կետը եղել է այն, թե ինչ կլինի, եթե հակամարտող կողմերից մեկը խախտի պայմանավորվածությունը: ԱՄՆ-ն պնդել է, որ պատասխանատվություն կարող է կրել միայն Բաշար ալ-Ասադի ռեժիմը, և եթե այն չգործի ըստ ռուսական սցենարի, ապա անմիջապես պետք է պատժել և ուժ կիրառել` համաձայն  ՄԱԿ-ի օրենսդրության: Իսկ Ռուսաստանը պահանջել է համաձայնությունը խախտելու դեպքում պատասխանատվությունը տարածել նաև ընդդիմության վրա` կտրուկ դեմ արտահայտվելով որևէ ավտոմատ պատժիչ միջոցի: Հատկանշական է, որ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Քերին հրապարակավ խոստովանեց, որ ընդդիմությունը ևս քիմիական զենք ունի:

Ընդամենը` «թայմ աութ»

Մի խոսքով, բանակցությունները Ժնևում դեռ նոր էին ավարտվել, երբ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ը ստացել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային Սիրիայի անդամակցությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Այդպիսով Սիրիայում կոնվենցիան ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 14-ին` անդամակցության մասին փաստաթղթերի փոխանցումից 30 օր հետո:

Թվում էր` մնում են արդեն միայն տեխնիկական խնդիրները: Սակայն սեպետեմբերի  16-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում հանգեցին այն եզրակացության, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի իրավիճակի վերաբերյալ «ուժեղ և պարտադրող» բանաձև պետք է ընդունվի:

Այդ նույն օրը OPCW-ն` Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ), հայտարարել է, որ  պատրաստ է մի քանի օրվա ընթացքում սկսել Սիրիայի քիմիական զենքերի ոչնչացման ծրագիրը:

Եվ եկավ ամենասպասելի ժամը` սեպտեմբերի 16-ին հրապարակվեց Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին ՄԱԿ-ի պատրաստած զեկույցը, որում հաստատվել է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման փաստը: Մասնագետների խոսքով` Սիրիայում օգտագործվել է «երկիր-երկիր» տիպի հրթիռ` զարին գազով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի- Մունը, սակայն, հայտարարել է, որ քիմիական հարձակման մեղավորներին բացահայտելու համար պետք է լրացուցիչ հետաքննություն իրականացնել, քանի որ առկա տվյալները բավարար չեն ռեժիմին պատասխանատու համարելու համար:

ՄԱԿՍրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: Նա նշեց, որ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման պատասխանատուն կարող է լինել միայն Բաշար ալ-Ասադի զորքը: «Ելնելով զեկույցի տեխնիկական մանրամասներից` շատ պարզ է, որ միակ կողմը, որը պետք է պատասխանատվություն կրի քիմիական զենքի համար, Սիրիայի ռեժիմն է»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:

Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը, թե ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է Բաշար ալ-Ասադի ռեժիմի մեղքը քիմիական զենքի կիրառման հարցում:

Այս փաստը հետաքրքիր է դառնում հատկապես Բարաք Օբամայի այն հայտարարության համատեքստում, որ ԱՄՆ-ն  կշարունակի իրականացնել Սիրիայի վրա միջազգային ճնշման քաղաքականությունը: ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնել, եթե այս խնդրի լուծման դիվանագիտական տարբերակը արդյունք չտա: Ըստ Օբամայի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խնդիրներ են սպասում, եթե նա փորձի շեղվել նախագծված ծրագրից:

Ամենայն հավանականությամբ, հենց ՄԱԿ-ի համապատասխան զեկույցի բովանդակությունն էլ բխում է այդ տրամաբանությունից, քանի որ «տեղ է թողնում» ԱՄՆ-ի համար, ցանկացած պահի այդ զեկույցին հղում կատարելով, դարձյալ ակտիվացնել Սիրիայի վրա ռազմական ուժի կիրառման սցենարները: Այս դեպքում, համոզված ենք, Ռուսաստանի արձագանքը չի ուշանա: «Պատերազմում` ինչպես պատերազմում»,- ասում է ռուսական ասացվածքը: Իսկ հիմա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ծավալվում է նյարդերի և ուղեղների լարված պայքար` սառը պատերազմ: Ամեն դեպքում, մինչև հոկտեմբերի 14-ը ԱՄՆ-ն դժվար թե ռազմական ուժ կիրառի Սիրիայի նկատմամբ: Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելու մտադրությունները վերջնականապես չեզոքացված չեն, ընդամենը մտել են «թայմ աութի» փուլ:

 

ՄԻԱՑԷՔ «ՀԱԿԱԲՈՅԿՈՏ»-Ի ՇԱՐԺՄԱՆԸ

ԻրանԻրանի տնտեսագէտների, իրաւաբանների եւ լրատւամիջոցների տնօրէնների ներկայացրած բանաձեւը՝ ուղղւած գործակիցներին աշխարհում

 

«Հակաբոյկոտ» կոչւող շարժմանը միացած Իրանի շուրջ 82 տնտեսագէտներ, 34 իրաւաբաններ, 39 լրատւամիջոցների խմբագիրներ  եւ տնօրէններ կոչով դիմել են աշխարհի իրենց գործընկերներին՝ միանալու Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների վերացման օգտին:

Ըստ «Ֆարարու» կայքէջի՝ Իրանի հեղինակաւոր մտաւորականների այս կոչն ուղղւած է աշխարհի միւս հեղինակաւոր քաղաքական, հասարակական եւ ԶԼՄ-ների ակնառու դէմքերին՝ սատարելու Իրանի «Հակաբոյկոտ»-ի շարժման ակտիւիստներին՝ ժողովրդի դէմ կիրառւող պատժամիջոցներին վերջ դնելու նպատակով:

Հրապարակւած բանաձեւի համաձայն՝ կոչն ուղղւած է միւս երկրների ազդեցիկ դէմքերին, որոնք կարող են ազդեցութիւն գործել պատկան պետութեան այրերի որդեգրած որոշումների վրայ՝ սատարելու Իրանի դէմ կիրառւած բայկոտի վերացմանը:

Բանաձեւը ամբողջութեամբ ներկայացնում ենք ընթերցողներին:

Յարգարժան գործընկերներ,

Մեր հիմնական նպատակը Իրանի ժողովրդի դէմ կիրառւած պատժամիջոցների աղէտալի հետեւանքներից խուսափելն է: Կիրառւած բոյկոտը, ոչ միայն չի սատարել յանուն խաղաղութեանն ուղղւած նպատակներին, այլ՝ սպասւող բացասական հետեւանքների բերումով՝ կարող է յանգեցնել յարաբերութիւնների մթագնմանը եւ բարդացմանը:

ԱՄՆ-ն եւ իր որոշ եւրոպացի համախոհները կիրառւած տնտեսական-առեւտրական բոյկոտը բացատրում են որպէս Իրանի միջուկային ծրագրերի թափանցիկութեանը հասնելու լծակի:

Հասկանալով, որ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ ծագած տարակարծութեան խնդիրը կարող է եւ լինել այլ փորձագիտական ասպարէզ տանող թեմա, որի մասին խօսելը մեր իրաւասութիւնների սահմանից դուրս կարող է լինել, սակայն մենք չկիսելով կիրառւած մեխանիզմների արդարութիւնը՝ կը փորձենք արձանագրել հետեւեալ ցուցումները.

Իրանի քաղաքացիներին իրենց ազատ առեւտրի ամենանախնական իրաւունքից զրկելը մարդու իրաւունքների բացայայտ խախտում է: Երեխաների, տարեցների, հիւանդութիւններից տառապողների եւ հասարակութեան միւս անապահով շերտերի նախնական պահանջները հոգացող առեւտրի շրջանառութիւնը խափանող պատժամիջոցները յանգեցնում են անվերադարձ եւ հատուցում չունեցող կորուստների, այն էլ ի դիմաց ներկայացրած մեղադրանքի չուսումնասիրւած բոլոր հնարաւոր վնասների՝ անհնարին է մարդկային խղճի դիտանկիւնից արդարացնել այն:

 Իրավիճակի շարունակութեան դէպքում ապագան չի ներելու բոյկոտի հեղինակ երկրներին տեղի ունեցած աղէտալի արդիւնքների համար: Բոլոր հնարաւոր վնասների մասին խօսելն այս նամակի համբերութեան սահմաններից դուրս է, որով ընդամէնը բաւական կը լինի նշել միայն բուժկենտրոններում եւ հիւանդանոցներում դեղորայքի չգոյութեան հետեւանքներից տուժած «յատուկ կարգավիճակով» հիւանդների մասին:

Նորօրեայ աշխարհը կանգնած է տնտեսական հսկայածաւալ շրջանառութիւնների փորձաքարի դիմաց, որտեղ տնտեսութիւնը բոյկոտի ենթարկելով՝ նպաստաւոր իրավիճակ կառաջանայ ստւերային տնտեսութեան ի յայտ գալուն հարկաւոր ենթահողի համար, որով տարածւելու են նաեւ անթափանցիկ, անօրինական եւ անարդար տնտեսաշրջանառութիւնը, ինչը, բնականաբար, անհամապատասխանելու է համաշխարհային ընթացքին, որտեղ արդարութեան համար ենթադրւում է՝ թափանցիկութիւն, պատասխանատւութիւն, արդար իշխանութիւն եւ հաղորդակցւելու ազատ իրաւունք: Պատժամիջոցները իրականութեան մէջ միայն խրախուսելու են միջազգային ընդունւած նորմերի շրջանցմանը: Իրավիճակ, որտեղ կաշառակերութիւնն ու կոռուպցիան փոխարինելու են  օրինականութեանն ու հարստութեան արդար բաշխմանը, որն էլ իր հերթին տարածւելու դինամիկա ունի դէպի տարածաշրջանի հարեւան երկրներ:

Թեթեւ հայեացք նետելով անցեալում կիրառւած բոյկոտներին՝ պարզ կը դառնայ, որ թելադրող կողմին երբեք չի յաջողւել՝ արդարացնելու սպասածը: Պատժամիջոցները նոյնիսկ հակամարտութիւնների եւ մարդկային աղէտալի դէպքերի հիմնական պատճառն են հանդիսացել :

Պատմութեան ներկայ կտրւածքում, երբ Միջին Արեւելքը տառապում է իր ամենաանմխիթար վիճակից, ինչ արդարացում կարող է ունենալ դառը բանաձեւերի կրկնումը: Եւ արդեօք այն ինչպէ՞ս է սատարելու համաշխարհային խաղաղութեանը:

Իրանի պատմութիւնը կարող է վկայել, որ Իրանի ժողովուրդը միշտ եղել է խաղաղ ապրելակերպի հետեւողը եւ միշտ արձագանգել է որեւէ ոտնձգութեանն ու անարդարութեանը: Եկէք արձանագրենք, որ անկախ նշւած համաշխարհային պատմութեան փորձերից՝ բոյկոտի հեղինակների աչքից վրիպել է այս ժողովրդի պատմական եւ քաղաքակրթական հսկայական ներուժը՝ կապւած խնդրի լուծմանն ուղղւած որդեգրւած ելքի հետ:

Իրանի վերջին շրջանի նախագահական ընտրութիւնների ելքը բացառիկ հնարաւորութիւն է: Պատժամիջոցների համահեղինակների համար մօտեցումները վերանայման ենթարկելով՝ որդեգրել խաղաղութեանն ուղղւած ճկուն ելքեր, որով հնարաւոր կը լինի Իրանի ժողովրդին, ինչպէս նաեւ տարածաշրջանը հանգստացնելով՝ նորամուծութիւն մտցնել տարածաշրջանային հակամարտութիւնների դադարեցման գործում:

Իսկ մեր ակնկալիքը աշխարհի մտաւորականութիւնից, ի մասնաւորի տնտեսագէտներից եւ իրաւաբաններից ու հանրային կարծիք ձեւաւորողներից այն է, որ սատարելով խաղաղասիրական նպատակներով կեանքի կոչւած՝ «Հակաբոյկոտ»-ի այս շարժմանը՝ պատկան երկրների քաղաքական այրերին մղել վերցնելու համապատասխան առաջին դրական քայլերը՝ ստեղծւած բարդ իրավիճակը շտկելուն ուղղւած ճկունութեան գծով:

 

Սառը պատերազմը հասավ Հայաստան

 Putin-SargsyanԵրկու շաբաթ է անցել, ինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության ու հետագայում Եվրասիական միության ստեղծման աշխատանքներին լծվելու պատրաստակամության մասին: Այս ընթացքում քաղաքական այդ կարևոր որոշումը քննարկվեց բազմաթիվ տեսանկյուններից: Հիմնականում, իհարկե, շեշտը դրվեց տնտեսական կողմի վրա, տարբեր իշխանամետ գործիչներ և վերլուծաբաններ սկսեցին բացատրել, թե ինչքան ձեռնտու է Հայաստանին Մաքսային միությանը անդամակցելը, իսկ ընդդիմադիր գործիչներն ու վերլուծաբաններ էլ քննարկում էին, թե ինչքան վնաս էր  Եվրամիության հետ ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրային գոտու համաձայնագրերի չստորագրումը: Սրանք թերևս վիճելի հարցեր են, քանի որ երկու կառույցներն էլ` թե՛ Մաքսային միությունը, թե՛ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին մեր երկրի տնտեսությանը կարող են շատ հարցերում օգուտ, բայց բազմաթիվ հարցերում էլ վնաս տալ: Սա տնտեսագետների ու գործարար հատվածի  ներկայացուցիչների վիճելու թեմա է: 

Այդ որոշման մեջ էականն ու մեծ դժգոհություն առաջացնողը, բնականաբար, եղել ու մնում է երկրի հետագա ճակատագրի համար նման կարևոր որոշման ընդունման ժամանակ միայն մեկ հոգու` նախագահի կամքի պարտադրումը բոլորին, այսինքն` քաղաքական բաղադրիչը: Բայց քաղաքական մեկ այլ ոչ պակաս կարևոր բաղադրիչ էլ կա, որ արժե նախագահի  հիշյալ որոշումից ու հայտարարությունից երկու շաբաթ հետո դիտարկել մի քիչ ավելի սթափ մտքով:

 Գործընթացներ, որոնք հուշում էին «սեպտեմբերի 3»-ի մասին

Անդրադառնանք Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դիտարկենք Սերժ Սարգսյանի որոշումը:

Ինչպես արդեն «Անկախը» բազմիցս նշել է, Հայաստանի շուրջն ու ոչ հեռու տարածաշրջաններում արդեն վաղուց ընթանում են լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ: Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, իրար հետևից հրապարակեց ու այս տարածաշրջանում փորձեց իրականացնել մի քանի աշխարհաքաղաքական նախագծեր: Դրանցից ամենահայտնին, թերևս, Զբիգնև Բժեզինսկու «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծն է, ինչպես նաև  2006 թ. հունիսից «Նոր Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրիրը, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Պետերսի քարտեզ»:

Մեր տարածաշրջանի համար սրանք ենթադրում էին խաղի նոր կանոններ ու համաշխարհային իշխանության միաբևեռ վերադասավորումներ` ԱՄՆ գերիշխանությամբ: Այս երկու նախագծերի ժամանակ էլ Ռուսաստանը, որ դեռ չէր հասցրել ուշքի գալ Խորհրդային Միության փլուզման հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական, հասարակական- քաղաքական և մշակութային շոկից, բավականին պասիվ դիրքերից էր հանդես գալիս` միայն ժամանակ առ ժամանակ հիշեցնելով իր մասին:

Սակայն սկսած «Արաբական գարնան» գործընթացներից, որոնք արդեն ԱՄՆ հեղինակած ծրագրերի գործնական քայլերն էին, Ռուսաստանն այլևս չէր կարող պասիվ դիրքերում մնալ, քանի որ ԱՄՆ բոլոր ծրագրերը, վերջիվերջո, ուղղված էին հենց Ռուսաստանի դեմ: Մի խոսքով, թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ հարևան տարածաշրջաններում և թե՛ ընդհանրապես ամբողջ աշխարհում Ռուսաստանը սկսեց արտաքին ակտիվ,  երբեմն նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն վարել:

Այս առումով Հայաստանը չէր կարող դուրս մնալ Ռուսաստանի հետաքրքրության տիրույթից մի պարզ պատճառով. մեր տարածաշրջանում Արևմուտքը երկու գերկարևոր դաշնակից ունի` Թուրքիան ու Իսրայելը: Երկու երկրներում էլ ԱՄՆ-ն իր ռազմաբազաներն ունի: Ուստի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները  շատ կարևոր նշանակություն են ստանում, որովհետև ավելի մոտիկ են տեղադրված խնդրո առարկա տարածքներին, քան բուն Ռուսաստանում գտնվող ռազմաբազաները: Սա նշանակում է, որ օրինակ` մեր երկրում տեղակայված ռազմաբազայից արձակված հրթիռը 1-2 րոպե ավելի շուտ կհասնի թիրախներին, քան Ռուսաստանի տարածքից:

«Այդ 1-2 րոպեները կարևորագույն նշանակություն ունեն` քաղաքական որոշումներ կայացնելու առումով: Իսկ միջազգային քաղաքական հարաբերություններում 1-2 րոպե ավելի ժամանակ ունենալը երբեմն ռազմավարական նշանակություն են ունենում»,- նշում է նախկին դեսպան Արա Պապյանը: Այսինքն` երբ մի երկիրը կարողանում է մյուս երկրի քաղաքական որոշումներ ընդունողների որոշումների կայացման ժամանակը 1-2 րոպեով նվազեցնել, կարևոր առավելություն է ստանում:

Մի խոսքով, Հայաստանը Ռուսաստանի համար ուներ և այժմ ավելի շատ ռազմավարական կարևորություն ունի: Այս հանգամանքը, բնականաբար, հստակ գիտեին ու դրա դեմ ամեն ինչ անում էին նաև Արևմուտքի ներկայացուցիչները: Եվ երբ վերջին մի քանի տարիներին Հայաստանը «ջերմացրել» էր իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, հետապնդում էր Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու նպատակ, ինչը չէր կարող Ռուսաստանին անտարբեր թողնել:  Արդյունքը եղավ սեպտեմբերի 3-ը:

Հայաստանն էլ սկսեց «սրթսրթալ» սառը պատերազմից

FyuleԱկնհայտ է, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին հայտարարությունն ավելի շատ էական է հետագայում Եվրասիական միության հիմնադիրներից լինելու համատեքստում: Որովհետև Եվրասիական միությունը պետք է ստեղծվի որպես ԱՄՆ-ին հակակշիռ նոր աշխարհաքաղաքական բևեռ, որի առանցքը կլինեն Ռուսաստանն ու Չինաստանը: Եվ այդ միությանը Հայաստանը պետք է միանար: Այս մտքի հետ պետք է համակերպվել, չհամակերպվելու տարբերակ կարծես չի մնում: Որովհետև Հայաստանը ռազմական ու էներգետիկ անվտանգության երաշխիքներ չունի: Թե նման պայմաններում այս կացությանը չհամակերպվելն ինչ կարող է արժենալ Հայաստանի համար, ոչ վաղ անցյալի շատ օրինակներ կարելի է բերել` սկսած Արցախյան պատերազմի օրերից մինչև ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Այլ տարբերակներ չեն առաջարկում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն:

«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար եմ եղել ու բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ամերիկացիների և մյուսների հետ, և երբ նրանք այդ հարցը տալիս էին, թե ռուսական բազաները Հայաստանում ինչ գործ ունեն, ես նրանց պարզ հարց էի տալիս` եթե մենք ռուսական բազաները հանենք, դուք կարո՞ղ եք մեզ երաշխավորել այն անվտանգությունը, որ այսօր այդ բազաներով ու հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջոցով ապահովվում է: Ու նրանք ասում էին` ոչ, իհարկե՛ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Ռուստամյանը:

Սա, իհարկե, չի նշանակում ԵՄ-ի հետ բոլոր կապերի ու հարաբերությունների խզում, այլ միայն Ասոցացման համաձայնագիրն ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու ծրագիրն է ի չիք դառնում: Եվրամիությունը մի հնարավորություն կգտնի Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ հաշվի է նստելու կատարված փաստի հետ: Եվ այս առումով ԵՄ-ն տարբեր միջոցներ ունի: Իհարկե, Ասոցացման համաձայնագիր Հայաստանի հետ այլևս չի կնքվի, բայց  ԵՄ-ն նման դեպքերի համար ձևավորել է տարբեր կարգավիճակներ: Կարելի է դիտարկել նույն Եվրախորհրդի օրինակը, որ «Հանուն ժողովրդավարության գործընկեր» կարգավիճակ է ստեղծել, որի մեջ մտել են Պաղեստինը, մի շարք աֆրիկյան երկրներ և այլն: Այսինքն` ԵՄ-ն կարող է և այժմ ամենայն հավանականությամբ կգտնի տարբեր ձևաչափեր, որ Հայաստանին համապատասխան համագործակցություն առաջարկի:

Հարաբերությունների շարունակության մասին  սեպտեմբերի 13-ին Երևանում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույնպես ակնարկեց և նշեց. «Ես եկել եմ` լսելու ու հասկանալու մեր հայ գործընկերների հավակնությունները և նախընտրությունները, և եթե նրանք ցանկանան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրի շրջանակներում, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակներում»:

Այսինքն` Եվրոպան դեռ չի հրաժարվում Հայաստանը Ռուսաստանից պոկելու գաղափարից, ուղղակի դրան հասնելու ուղիները փոքր-ինչ բարդացան: Այսինքն` «երկրորդ սառը պատերազմին», որը հետզհետե ուժգնանում է, Հայաստանն այլևս անմիջական մասնակցություն ունի:

 

Լեգենդար հոկեյիստները Երևանում կհավերժացնեն Գրիգոր Մկրտչյանի հիշատակը

հոկեյԵրևանի մարզահամերգային համալիրի կամարների ներքո բարձրակարգ մարզիկների մասնակցությամբ շատ մրցումներ են անցկացվել: Եվ ահա սեպտեմբերի 19-ին մարզական այս կառույցում տափօղակով հոկեյի ընկերական մրցամարտ կանցկացվի: Սահադաշտ դուրս կգան ռուսական «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ակումբների խաղացողները: Ուշագրավն այն է, որ միջոցառումը նվիրվելու է տափօղակով հոկեյի օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-ամյա տարելիցին:

Նա ԽՍՀՄ հավաքականի հուսալի դարպասապահն է եղել և 1956-ին դարձել օլիմպիական խաղերի չեմպիոն: Մկրտչյանն աշխարհի, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 1948-59 թթ. 9 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, ունեցել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում: 1965-67 թթ. հայ մասնագետը որպես մարզիչ գլխավորել է գնդակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականը, և նրա սաները  երեք անգամ հռչակվել են աշխարհի չեմպիոն:

Մկրտչյանը ծնվել է 1925 թ. Կրասնոդարում, մահացել է 2003-ին Մոսկվայում:

Գրիգոր Մկրտչյանի ընկերների նախաձեռնությամբ առաջարկ է եղել Հայաստանում յուրօրինակ միջոցառում կազմակերպելև հարգանքի տուրք մատուցել նրան:

«Հոկեյի լեգենդներ» թիմի կազմում խաղալու համար Երևան են ժամանելու օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոններ, դարպասապահ Վլադիմիր Միշկինը, պաշտպաններ` Վլադիմիր Լուտչենկոն, Սերգեյ Բաբինովը, Յուրի Լյապկինը, Ալեքսանդր Գվոզդևը, հարձակվողներ Իրեկ Գիմաևը, Ալեքսանդր Գոլիկովը, Վիկտոր Շալիմովը, Իգոր Միշուկովը, Ռոման Իլյինը, Եվգենի Դավիդովը, Անդրեյ Կովալենկոն, Ալեքսանդր Յակուշևը:

Հայաստանում սիրում են տափօղակով հոկեյը: Ցավոք, 2011-ին Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպված C խմբի աշխարհի առաջնության մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը որակազրկվել էր մեկ տարով: Բանն այն է, որ մեր թիմի կազմում խաղում են հիմնականում ԱՄՆ-ում մարզվող և մրցելույթ ունեցող մեր հայրենակիցները: Եվ փաստաթղթերի ձևակերպում պահանջված ձևով չէր կատարվել:

Երևանի գեղասահքի դպրոցն ավերակի վերածելուց հետո էլ Հայաստանի առաջնություններ չեն անցկացվում:

Թվում էր, թե սահադաշտ չունենք, սակայն հավաքական կա: Բայց, չգիտես ինչու, 2012-ին նպատակահարմար չհամարվեց խաղալ Թուրքիայի Էրզրում քաղաքի մարզապալատում կազմակերպված C խմբի աշխարհի առաջնությունում:

Ինչևէ, մեր երկրի տափօղակով հոկեյի սիրահարները հնարավորություն ունեն հետևելու բարձրակարգ խաղացողների գործողություններին: Կազմակերպիչները լավ նվեր են մատուցել, ՄՀՀ-ի դռները բաց են բոլորի առջև:

 

 

Սրճաբլիթներ

սրճաբլիթՀեշտ պատրաստվող թխվածքաբլիթ է, ուժ ու եռանդ չի խլի:

Բաղադրությունը

120 գ կարագ

75 գ շաքարավազ

լուծվող սուրճ` 1 թ/գդալ

կակաո` 25 գ

150 գ ալյուր:

Կարելի է կրկնապատկել չափաբաժինը, քանի որ շատ արագ է սպառվում:

Պատրաստման եղանակը

Փափկացրած կարագը շաքարավազի հետ տրորել այնքան, որ համասեռ զանգված ստացվի: Ապա ավելացել սուրճն ու խառնել: Հետո` կակաոն ու նորից խառնել: Այդ զանգվածի վրա ավելացնել նախապես մաղած ալյուրը և նորից ամբողջը լավ խառնել:

Ստացվածից  ամբողջական գունդ ձևավորել, ծածկել սննդի թաղանթով ու դնել սառնարանը 1 ժամով:

Տապակի վրա թխվածքի համար նախատեսված թուղթ տարածել ու վրան շարել խմորից ստացած փոքր` «մեկ-երկու բերան անելու» գնդերը: Ամբողջ զանգվածից ստացվում է նման 20 գունդ: Խմորը շատ նուրբ է ու ցանկացած ձև կարելի է ստանալ:

Տապակը գնդերով պետք է դնել 1800 տաքացված փուռը: Թխել 20 րոպե: Թխելու ընթացքում արդեն  անուշ սրճային բուրմունք է տարածվում:

Ժամանակը լրանալուց հետո տապակը հանել ու թողնել, որ բլիթները սառչեն, ապա վրան շաքարափոշի ցանել և մատուցել:

Ստացվում են նուրբ, թեթևակի  խրթխրթան ու շատ հաճելի համով ու հոտով սրճաբլիթներ:

Ծիրանաչրով ու տանձով քաղցրաշերտեր

81e49f_wmarkԲաղադրությունը

400 գ սառեցված շերտավոր խմոր

ալյուր` մի քիչ

ծիրանաչիր` 200 գ

200 գ թարմ տանձ

շաքար ու վանիլին:

ծիրանաչիրԽմորը պետք է հետ գա: Սեղանին  ալյուր շաղ տալ  ու խմորը գրտնակել, ապա ամբողջ կտորը երկու մասի բաժանել: Մի կտորը տարածել տապակի (նախապես տակը կալկա փռել) վրա, դասավորել չիրն ու տանձի կտորներն ինչպես նկարում է, ապա յուրաքանչյուր կտորի վրա շաքար ցանել ու ծածկել խմորի երկրորդ շերտով: Սուր դանակով շերտեր քաշել խմորի  վրա, այնպես, որ թխվելուց հետո միրգը գեղեցիկ երևա:

Թխել 30 րոպե:

“Անկախը” պահնորդներից ՀՀ նախագահին ուղղված նամակ է ստացել և այն ներկայացնում է

պահնորդՄեծարգո պարոն Նախագահ,

 

 

գրում ենք մի փոքր հիասթափված և ընկճված, բայց մեծ հույսով և ակնկալիքներով: 2013թ. սեպտեմբերի 13-ին մեզ պահնորդներին կանչեցին ոստիկանության ակադեմիա լիցենզիա ստանալու համար քննություն հանձնելու: Մենք սովորական պահնորդներ ենք, երբեք չենք կրել հատուկ միջոցներ և զենք, ու մեզ համար տարօրինակ է, որ մեզանից քննություն են ընդունում ոստիկանության գեներալներ: Չենք կարծում, որ հավասար ենք ոստիկանության ակադեմիան ավարտած անձանց հետ: Մենք ոստիկան չենք, մենք պահնորդ ենք: Եվ մենք, կաշկանդվելով պաշտոնյա ոստիկաններից չկարողացանք հանձնել քննությունը, չնայած ունենք լավ մասնագիտական գիտելիքներ և փորձ: Մենք բոլորս սովորել ենք լիցենզավորված “Բերկուտ” քոլեջում և հանձնել ենք բոլոր քննությունները դրական և չենք հասկանում, թե ինչու ենք գնում ոստիկանություն լրացուցիչ քննություն հանձնելու: Ամբողջ ցավը նրանում է, որ մենք կարող ենք վերահանձնել քննությունը առնվազն 2 ամիս հետո, այսինքն մենք առնվազն 2 ամիս պետք է չաշխատենք և սպասենք, թե երբ մեզ կկանչեն քննության: Իսկ ով է պահելու մեզ և մեր ընտանիքները: Փաստորեն, աշխատատեղեր բացվելու փոխարեն նրանք կրճատվում են, ինչի արդյունքում հարյուրավոր պահնորդներ զրկվելու են աշխատանքից և արտագաղթել: Մինչ օրս մենք պահնորդ աշխատելով հոգացել ենք մեր կարիքները, վճարել հարկերը, սովորել քոլեջում պահնորդի գործ, իսկ այժմ զրկվում ենք մեր աշխատանքից և մեր ընտանիքների կարիքները հոգալու հնարավորությունից:

Խնդրում ենք Ձեզ, օգնել մեզ և վերանայել պահնորդական գործունեության մասին օրենքը և հեշտացնել պահնորդների լիցենզիա ստանալու կարգը, ինչով Դուք կօգնեք հարյուրավոր պահնորդներին և նրանց ընտանիքների անդամներին ապրել և աշխատել Հայաստանում:

 

Պահնորդներ`

 

Հովհաննես Դադայան, 51 տարեկան, 1 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,

Քուրդօղլյան Յուրիկ, 21 տարեկան, 6 ամսվա պահնորդական աշխատանքային փորձ,

Անտոնյան Վաչագան, 29 տարեկան, 6 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,

Առաքելյան Գևորգ, 25 տարեկան, 4 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,

Գասպարյան Վահե, 33 տարեկան, 1 տարվա պահնորդական աշխատանքային փորձ:

Ադրբեջանում ինժիներները ստեղծել են հետախուզական մեքենա

2Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ինժեներները ստեղծել են հետախուզական մեքենա:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հետախուզական մեքենան ստեղծվել է ԲՌԴՄ-2 խորհրդային պարեկային մեքենայի հիմքի վրա: Մեքենան փորձարարական նմուշ է, այն ներկայացվելու է “Ադրբեջան-10 տարի” ռազմական ցուցահանդեսի ժամանակ: Հետախուզական մեքենան դեռ չի անցել փորձարկումների բոլոր փուլերը:

Ըստ գործակալության`մեքենան զինված է 23 մմ տրամաչափի թնդանոթով, երկու 7.62 տրամաչափի և  մեկ12.7 տրամաչափի գտնդացիրներով, AQ-17 նռնականետով, գիշերային, ցերեկային, եղանակային բոլոր պայմաններին հարմարեցված դիտարկման համակարգով: Մեքենան կողքերից, վերևից և հետևից ունի տեսախցիկներ, որոնց տեսագրած տեղեկությունները փոխանցվում են վարորդի և հրամանատարի առջև դրված էկրաններին:

 

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը

3802

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը: Այն հերթական կարևոր քայլն է համակարգի արդիականացման, անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման և արդյունքում՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:

Նախագահը շրջայց է կատարել նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված աշխատանքին, տեխնիկական հագեցվածությանն ու ստեղծված աշխատանքային պայմաններին, այցելել մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետ. ռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման և այլ բաժիններ, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ժամանակակից եղանակով կազմակերպելու նոր հնարավորությունները:

Ոլորտի պատասխանատուները Հանրապետության Նախագահին զեկուցել են նրա հանձնարարությամբ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների կտրուկ աճով պայմանավորված ՝ 2012 թվականին անհրաժեշտություն էր առաջացել բարեփոխել ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների ընթացակարգերը և ենթակառուցվածքները: Դիմումների ավելացող հոսքի պարագայում, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, 2012 թվականի հուլիսից որոշում կայացվեց առավել հստակեցնել ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգերը, արդիականացնել տեխնիկական միջոցները, ապահովել դիմումների ընթացքի վերաբերյալ դիմումատուների իրազեկվածությունը: Վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները շրջայցի ժամանակ ներկայացվել են Հանրապետության Նախագահին:

«Բարև Երևան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման համար ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին

 

«Բարև Երևան» դաշինքԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ստորագրությամբ առաջարկություն է ստացել մասնակցելու Երևանի քաղաքապետի՝  2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու և Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին:  Նամակում ասված է նաև, որ առաջարկն ընդունելու դեպքում մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը պետք է հայտնել թեկնածուի տվյալները:

Հարցը քննարկվեց ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացած խմբակցության նիստում և որոշվեց, որ խմբակցությունը չի մասնակցի վերոնշյալ որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև.

1. Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը բարձրացնելու վերաբերյալ  որոշումները  ոչ  իրավաչափ են և կայացվել են մի շարք օրենքերի խախտումով և կիրառությամբ ու մեկնաբանությամբ, իսկ հիմքում դրված փաստաթղթերը պարունակում են կեղծիք,

2. քաղաքապետի վերոնշյալ առաջարկ–նամակում ոչինչ ասված չէ այն մասին, թե որոնք են հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերն ու այն կարգը, որով պետք է աշխատի հանձնաժողովը, և ինչպես  ուղեվարձի  թանկացման  որոշումներն են փորձում օրինականացնել հետին թվով, այնպես էլ՝ հանձնաժողովի ստեղծումը,

3. Երևան  քաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրը նպատակահար  է քննարկել Երևան քաղաքում ՏԻՄ բարձրագույն մարմնի՝ ավագանու մակարդակով՝ ստեղծելով ժամանակավոր հանձնաժողով:

Հիշեցնենք, որ «Բարև Երևան» խմբակցությունը Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և 3723-Ա որոշումները վիճարկելու խնդրով դիմել է ՀՀ վարչական դատարան, ընդ որում, թիվ 3722-Ա որոշումը՝ առ ոչինչ, իսկ թիվ 3723-Ա որոշումը՝անվավեր ճանաչելու պահանջով: